Հինգշաբթի, 20 հունիսի

Սամիզդատ. համացանցի նախատիպը



Համացանցի եւ հաղորդակցության ժամանակակից միջոցների նախատիպի որոնումները լրագրող Տիգրան Պասկեւիչյանին տարել են նախորդ դարի հիսունականները, երբ Խորհրդային Միությունում բռնատիրական քաղաքական համակարգին ընդդիմացող այլախոհները ստեղծեցին սամիզդատը:

Սամիզդատը (հայերեն՝ ինքնահրատ), ըստ Պասկեւիչյանի, ազատ արտահայտվելու այնպիսի հնարավորություն եւ տարածք էր, ինչպիսին համացանցն է: Այն այլընտրանք էր պետական քարոզչամեքենային այնպես, ինչպես համացանցն է այսօր այլընտրանք: Գաղտնի պայմաններում՝ ընդհատակում, ձեռագիր կամ մեքենագիր եղանակով շարված, լուսանկարելու միջոցով բազմացվող այլախոհական թերթերն ու գրականությունը, որոնք հակասովետական գաղափարներ էին տարածում, թեեւ փոխանցվում էին ձեռքից ձեռք, բայց՝ ցանցի սկզբունքով՝ ընկերների, համախոհների, նոր մարդկանց հավաքագրելու տարբեր եղանակների կիրառմամբ:

Այս մտորումները եւ զուգահեռները, որ ծագել են Տիգրան Պասկեւիչյանի մտքում, վերածվել են ֆիլմի: Հունվարի 29-ին «Ակումբ» սրճարանում նա ցուցադրեց սամիզդատ երեւույթի մասին իր «Անկարելին՝ կարելի. նախատիպի որոնում» վավերագրական ֆիլմը: Այն ամփոփում է սամիզդատի ստեղծման եւ զարգացման, դրա զանազան դրսեւորումների պատմությունը, սամիզդատներ հրատարակող նվիրյալների գործունեությունը Սովետական Միությունում, որոնք ընդհատակյա գործունեությամբ էին զբաղվում՝ գիտակցելով, որ կարող են ազատազրկվել եւ աքսորվել երկար տարիներ:

Ֆիլմում ներկայացված է նաեւ հայ այլախոհների եւ ինքնահրատների հեղինակների գործունեությունը: Նրանք հիմնականում արծարծում էին հայոց լեզվի անաղարտության եւ հայի ազգային կերպարի պահպանման, Հայաստանի՝ ԽՍՀՄ-ից անջատման ու անկախ պետության հռչակման հարցերը:

«Փարոս» ընդհատակյա թերթի չորրորդ համարի համախմբագիր Ազատ Արշակյանը, որն Աշոտ Նավասարդյանի հետ այդ համարի թողարկման համար 1981թ. դատապարտվեց 6 տարվա ազատազրկման, ներկա էր ցուցադրությանը: Նա պատմեց, որ իրենք «Փարոսի» այդ համարի տակ ստորագրել են իրենց իսկ անուններով, թերթի օրինակները տարածել են գիշերը՝ դնելով շենքերի մուտքերում բնակիչների փոստարկղերում, իսկ առավոտյան մեկ օրինակ ձեռքներին ներկայացել դատախազություն: Ֆիլմի դիտմանը ներկա գտնվողներին նրա ուղերձը հետեւյալն էր. «Երկրորդ ԽՍՀՄ չի լինի, Մաքսային միություն, Գլավլիտ չի լինի»:

Ֆիլմը սամիզդատի մասին նախագծի մի բաղադրիչն է: Տիգրան Պասկեւիչյանի նախաձեռնությամբ Ֆեյսբուքում ստեղծվել է Սամիզդատ էջը, որտեղ տեղադրվել են սամիզդատի մասին ֆիլմի հեղինակի ուսումնասիրության արդյունքում ստացված հսկայածավալ տեղեկատվությունն ու վիդեո/աուդիո արտադրանքը, որը տեղ չի գտել 35 րոպեանոց ֆիլմում:

Լուսանկարում ձախից՝ Տիգրան Պասկեւիչյան, Ազատ Արշակյան, լուսանկարը՝ Սուրեն Տեր-Գրիգորյանի



Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանություններ (2)
1. Վ. Առաքելյան16:33 - 3 փետրվարի, 2014
,,Սամիզդատ էջը,,` կապույտ հղում, չի գործում: Սամիզդատից այսօր էլ են վախենում և հղումը վերացնում /?/:
2. Լիանա17:59 - 3 փետրվարի, 2014
Ներողություն ենք խնդրում, հղման մեջ սխալ կար, որն ուղղվել է:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված