Հինգշաբթի, 20 հունիսի

Էլմար Բրոկ. «Սերժ Սարգսյանը ընտրության հնարավորություն չի ունեցել»



Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միության անդամ, Եվրախորհրդարանում Եվրոպայի Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) խմբակցության անդամ Էլմար Բրոկը (Elmar Brok) երեկ՝ սեպտեմբերի 18-ին, BBC-ի «Մեդիահարեւանություն» ծրագրի շրջանակներում Բրյուսելում գտնվող 15 երկրների լրագրողների հետ հանդիպմանն, ի թիվս այլ հարցերի, անդրադաձել է Հայաստան-ԵՄ հարաբերություններին և Մաքսային միությանը միանալու մասին նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը:

«Կարծում եմ՝ դա սխալ որոշում էր, եւ դա թանկ կնստի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի վրա: Ռուսաստանը շատ մեծ սխալ է թույլ տալիս իր վարքում, եւ սա Ռուսաստանի կողմից ԽՍՀՄ-ը վերականգնելու փորձ է:

Հայաստանը չի ունեցել ազատ ընտրության հնարավորություն: Եւ ես հիմքեր ունեմ նման կերպ մտածելու: Նախագահ Սերժ Սարգսյանին հասկացրել են, որ եթե դուք չլսեք մեր խորհուրդը, ապա մենք չենք օգնի ձեզ Ադրբեջանի հետ հարցում: Սերժ Սարգսյանը չի ունցել ընտրության հնարավորություն անվտանգության տեսանկյունից: Կարծում եմ՝ այդ հիմնավորմամբ է նա «այո» ասել Ռուսաստանին»:

Նա հավելել է, որ երկարաժամկետ հեռանկարում Հայաստանի շանսերը քիչ են Ադրբեջանին հաղթելու, եթե նրան մենակ թողնեն: Երկարաժամկետ հեռանկարում Ադրբեջանը նույնպես կսեղմվի Իրանի եւ Ռուսաստանի միջեւ: Ինչ-որ առումով «բուտերբրոդային իրավիճակ» կստեղծվի, եւ Ադրբեջանի համար հեշտ չի լինի: «Դրա համար էլ մենք ասում ենք Հայաստանին եւ Ադրբեջանին՝ դադարեցրեք հակամարտելը եւ փոխհամաձայնության եկեք, ինչպես ժամանակին Ֆրանսիան եւ Գերմանիան արեցին: Երկու երկրների ՀՆԱ-ի 30-40%-ը ծախսվում է սպառազինության վրա, դա պարզապես անհեթեթություն է: Սակայն պետք է նկատի ունենալ, որ Եվրախորհրդարանը անկողմնակալ է ղարաբաղյան կոնֆլիկտի հարցում»,- ասել է Բրոկը:

Ինչ վերաբերում է արեւելյան մյուս գործընկերների հետ ԵՄ հարաբերություններին, ապա Էլմար Բրոկը նշել է, որ Ուկրաինան ԵՄ կարեւոր գործընկերներից մեկն է եւ իրենք փորձում ենք օգնել նրան՝ դիմակայելու Ռուսաստանի ճնշումներին: Սակայն եթե ուկրաինական իշխանությունները ազատ չարձակեն նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին, ապա նոյեմբերին Վիլնյուսում Ուկրաինայի հետ չի ստորագրվի Ասոցացման համաձայնագիրը:   

Թուրքիայի հնարավոր անդամության վերաբերյալ հարցին ի պատասխան պրն Բրոկը հիշել է Գերմանիայի կանցլերներից մեկի խոսքը. «Թուրքիան ԵՄ անդամ կարող է դառնալ այն ժամանակ, երբ այդ երկրում հնարավոր լինի եկեղեցի կառուցել նույն հեշտությամբ, որքան Գերմանիայում կարող է մզկիթ կառուցվել»:

Ադրբեջանի «Թուրան» գործակալության խմբագիր Շահին Հաջիեւը հարց է ուղղել Էլմար Բրոկին Եվրախորհրդարանի կողմից Ադրբեջանի մասին ընդունված ռեզոլյուցիաների մասին, որտեղ քննադատության են ենթարկվում իշխանությունները: Ըստ Ազիեւի՝ Արդբեջանի իշխանության արձագանքը հետեւյալն է՝ այդ ռեզոյուցիաները չեն արտահայտում ամբողջ Եվրախորհրդարանի կարծիքը, դրանք պատրաստվել են մեր թշնամիների կողմից: «Ադրբեջանի հարցում մեր դիրքորոշումը հստակ է, եւ ես ձեր նախագահին նույնն եմ ասել մեր հանդիպման ժամանակ՝ հնարավոր է, արդյոք, Ադրբեջանում ընդդիմության հաղթանակը: Ոչ, դրանով ամեն ինչ ասված է»,- եզրափակել է Բրոկը:

Լուսանկարը` Գայանե Միրզոյանի


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված