Չորեքշաբթի, 26 հունիսի

Լրագրողներն ու իրավաբանները քննարկեցին գրագողության դեմ պայքարի իրավական եւ գործնական ուղիները



Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ շրջանառության մեջ են դրել «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը, որով նպատակ ունեն «ոչ միայն առավել մանրամասն սահմանել թերթերի, ամսագրերի հոդվածներից քաղվածքների օգտագործման կարգը, այլ նաեւ կարգավորել ինտերնետային կայքէջերի հոդվածների օգտագործման կարգը»:     

Օրենքի նախագիծը շրջանառության մեջ դնելու համար որոշիչ եղավ մայիսի 23-ին 6 թերթերի խմբագիրների, որոնց հետագայում միացան եւս 4-ը,  հայտարարությունը «լրատվական դաշտում հեղինակային իրավունքի խախտումների դեմ միասնական ճակատով բազմաշերտ պայքար» սկսելու մասին: Նրանց հիմնական թիրախը առցանց լրատվամիջոցներն են, որոնք, ըստ խմբագիրների, չարաշահում են մամուլից օգտվելու հնարավորությունը եւ, վերջիններիս աշխատանքի արդյունքներից անարգել օգտվելով, ընթերցողական լսարան ձեռք բերում ու ֆինանսական եկամուտներ ապահովում:

Սակայն հեղինակային իրավունքի պաշտպանության խնդիրն առկա է ոչ միայն տպագիր եւ առցանց ԶԼՄ փոխհարաբերություններում, այլեւ հենց առցանց ԶԼՄ-ների դաշտում, ավելի սակավ՝ հեռուստատեսություն եւ առցանց լրատվամիջոցներ փոխհարաբերություննրում: Ֆեյսբուք սոցիալական ցանցը հեղեղված է միմյանց գրագողության մեջ մեղադրող ԶԼՄ ներկայացուցիչների բանավեճերով:

Առցանց ԶԼՄ-ների իրավական դաշտին, լրագրողական էթիկային, ինչպես նաեւ՝ հեղինակային իրավունքի պաշտպանությանը առնչվող հարցերը առցանց եւ տպագիր լրատվամիջոցների ներկայացուցիչների եւ իրավաբանների մասնակցությամբ քննարկվեցին հունիսի 8-9-ը Աղվերանում կազմակերպված երկօրյա կոնֆերանսի ժամանակ, որը նախաձեռնել էր «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ն ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ:

Կոնֆերանսին ներկա էր նաև ԵԱՀԿ Երևանի գրասենյակի ժողովրդավարացման ծրագրի ղեկավար Օլիվեր ՄակՔոյը, ով իր բացման խոսքում նշեց. «Այս միջոցառումը ցույց տվեց, որ Հայաստանում արդեն  հստակ ջանքեր են գործադրվում՝ հիմնելու առցանց լրատվության ինքնակարգավորման մեխանիզմներ, որոնք կնպաստեն լրատվամիջոցների ազատությանը և կխթանեն արհեստավարժ և էթիկայի կանոններին համապատասխան լրատվություն: Ես այս սեմինարը դիտում եմ որպես կարևոր քայլ՝ երկրում բազմակարծիք, արդար և հաշվետու  առցանց լրատվական միջավայր կառուցելու երկարատև գործընթացում»:

Ինչպես փաստեցին «Արնի քնսալթ» իրավաբանական ընկերության փոխտնօրեն Արա Ղազարյանը եւ news.am կայքի իրավաբան Արամազդ Կիվիրյանը, գործող օրենսդրությունը նույնպես թույլ է տալիս պաշտպանել հեղինակային իրավունքը: «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի 22-րդ հոդվածը սահմանում է, որ առանց հեղինակի կամ հեղինակային իրավունքի այլ իրավատիրոջ համաձայնության և առանց հեղինակային վարձատրության, սակայն հեղինակի անվան և սկզբնաղբյուրի պարտադիր նշումով թույլատրվում է գիտական, հետազոտական, բանավիճական, քննադատական և տեղեկատվության նպատակով օրինական ճանապարհով բացահայտված ստեղծագործության քաղվածքների բնագիր կամ թարգմանաբար մեջբերումը, այդ թվում` թերթերի և ամսագրերի հոդվածներից քաղվածքների վերարտադրումը` մամուլի տեսության ձևով` մեջբերման նպատակն արդարացնող ծավալով:

Սակայն կոնֆերանսին ներկա լրագրողների դժգոհությունից ակնհայտ էր, որ այս ձեւակերպումը՝ մեջբերման նպատակն արդարացնող ծավալով, լրատվամիջոցները հաճախ «հասկանում են» որպես նյութի ամբողջական ծավալի վերարտադրում: Ընդ որում՝ ամբողջական ծավալով վերարտադրում են ոչ միայն տեղեկատվական բնույթի նյութերը, որոնք տեսականորեն կարող էին գրվել նման ձեւով, եթե օգտագործել են տեղեկատվության միեւնույն աղբյուրները, այլեւ վերլուծական հոդվածները, խմբագրականները կամ սյունակները, որոնք ակնհայտորեն տվյալ հեղինակի մտածողության, աշխարհընկալման արտահայտությունն են եւ հեղինակային իրավունքով պաշտպանվող ստեղծագործություն:

Նման պատճառաբանությամբ էլ օրենքի լրամշակման հեղինակները հիմնավորել են դրա ընդունման անհրաժեշտությունը. «Այս պարագայում ընթերցողին ամբողջ լրատվական դաշտում առկա տեղեկատվությանը ծանոթանալու համար բավարար է այցելել միայն մեկ կայքէջ, ինչի հետեւանքով աճում են միայն որոշակի կայքերի այցելությունների քանակը: Ստեղծված իրավիճակում մեծ վնաս է հասցվում հոդվածների սկզբնաղբյուրներին, քանի որ նրանց կողմից հրապարակված հոդվածները կորցնում են իրենց էքսկլուզիվությունը, էականորեն կրճատվում է թերթերի տպաքանակը, կայքէջերի այցելությունների քանակը: ՀՀ օրենսդրությամբ առկա ներկայիս կարգավորումը բավարար չէ հոդվածների սկզբնաղբյուրների իրավունքների եւ օրինական շահերի ամբողջական պաշտպանությունը ապահովելու համար, ուստի նախագծով առաջարկվող լուծումները որոշակի հստակություն կմտցնեն այս ոլորտի կարգավորման հարցում, կնպաստեն հեղինակային իրավունքնեերի առավել համապարփակ պաշտպանությանը»:

Հեղինակ պատգամավորներն առաջարկում են լրացնել 22-րդ հոդվածի երկրորդ մասը հետեւյալ բովանդակությամբ. «Թերթերի, ամսագրերի, ինտերնետային կայքէջերի հոդվածներից քաղվածքների վերարտադրումը այլ թերթերում, ամսագրերում, ինտերնետային կայքէջերում թույլատրվում է իրականացնել միայն նպատակն արդարացնող ծավալով: Անկախ վերարտադրման ծավալից՝ հոդվածներից քաղվածքների վերարտադրումը չպետք է ամբողջությամբ բացահայտի հոդվածի էությունը՝ չսպառելով հոդվածի սկզբնաղբյուրից օգտվելու անհրաժեշտությունը: Թերթերում, ամսագրերում, ինտերնետային կայքէջերում այլ թերթերի, ամսագրերի, ինտերնետային կայքէջերի հոդվածներից քաղվածքներ վերարտադրելիս պետք է հղում կատարել հոդվածի սկզբնաղբյուրին: Ինտերնետային կայքէջերի հոդվածներից քաղվածքներ մեջբերելիս ինտերնետային կայքէջի ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է»:

 «Վերարտադրումը չպետք է ամբողջությամբ բացահայտի հոդվածի էությունը» ձեւակերպումը տարակուսանք առաջացրեց ինտերնետային պարբերականներում աշխատող լրագրողների մոտ: Բլոգեր, լրագրող Վահան Իշխանյանն ասաց, որ որեւէ ծավալուն հոդված վերարտադրելիս լրագրողն աշխատում է փոխանցել հենց բուն միտքը, ոչ թե երկար-բարակ շարադրել, եւ դա, բնականաբար, կարող է բացահայտել հոդվածի բուն էությունը: Ուստի պրակտիկայում դժվար է պատկերացնել, թե ինչպես պետք է կիրառվի այս դրույթը:

Արամազդ Կիվիրյանը՝ լուսանկարի կենտրոնում

news.am կայքի իրավաբան Արամազդ Կիվիրյանի կարծիքով՝ առաջարկվող փոփոխությունները հնարավորություն են տալիս պաշտպանել լրագրողական առանձին ժանրի նյութերի հեղինակային իրավունքը, բայց ոչ լրահոսը, քանի որ օրվա նորությունների մասին տեղեկատվությունը հեղինակային իրավունքի օբյեկտ չէ: Ըստ նրա՝ լրահոսի նկատմամբ հեղինակային իրավունքը առանձին կարգավորման կարիք ունի:

Շրջանառության մեջ դրված նախագիծն այս փուլում դարձյալ լրամշակվում է եւ, իրավաբանների տեղեկացմամբ, նախատեսվում է ավելացնել նոր՝ 22.1 հոդված, որի 3 դրույթներից մեկը դարձյալ տարակուսանք առաջացրեց կոնֆերանսի մասնակիցների շրջանում: Այն է. «Վերարտադրումը պետք է բացառի լրատվական բուն նյութի հնարավոր ընթերցողների և լրատվական նյութի օգտագործման ծավալների վրա բացասական ազդեցությունը»: Պարզ չէ, թե ինչպես է չափվելու այդ բացասական ազդեցությունը, եւ ինչպես է որոշվելու հնարավոր ընթերցողների թիվը:  

22.1 հոդվածով սահմանվում է նաեւ, որ լրատվական նյութի ամբողջական վերարտադրումը կարող է իրականացվել միայն հեղինակի համաձայնության դեպքում: Լրատվական նյութի ամբողջական վերարտադրման կարգն ու պայմանները պետք է սահմանվեն հեղինակային պայմանագրով: Այսինքն՝ այն, ինչ առաջարկում են թերթերի խմբագիրները եւ որոշ կայքեր, որոնք արդեն իսկ խստացրել են իրենց նյութերի օգտագործման պայմանները:

Օրենքի մեկ այլ՝ 66-րդ հոդվածի փոփոխությամբ առաջարկվում է խախտված հեղինակային իրավունքի վնասի փոխհատուցում՝ տուգանք նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, այսինքն՝ 100.000-ից 200.000 դրամի սահմաններում: Արամազդ Կիվիրյանը թեեւ կողմ չէ տուգանքների նշանակմանը, սակայն ասաց, որ փորձը ցույց է տվել՝ քանի դեռ գրպանին չեն դիպչում, արդյունք չի լինում:

Զուգահեռաբար փոփոխություններ են առաջարկվել ՀՀ քրեական օրենսգրքում: Օրինակ՝ ուրիշի ստեղծագործությունից հատվածներ քաղելը, առանց դրանց ստեղծագործական վերամշակման եւ առանց ձեռքբերման սկզբնաղբյուրի նշման եւ որպես իրենը ներկայացնելը կամ ուրիշի ստեղծագործությունն ամբողջությամբ իր անունով ներկայացնելը, եթե այդ արարքը կատարվել է զգալի չափերով, տուգանքից բացի կպատժվի կալանքով` առավելագույնը մեկ ամիu ժամկետով (հոդված 158): Իսկ եթե հեղինակային իրավունքի օբյեկտն ապօրինի օգտագործվի շահույթ ստանալու նպատակով եւ զգալի չափերով, ապա՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երկու ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով: Ընդ որում՝ ինտերնետ կամ հեռահաղորդակցության այլ ցանցերում նման հանցանք կատարելը համարվում է որպես հանցանքը ծանրացնող հանգամանք:

Չնայած առաջարկվող փոփոխությունների հետ կապված որոշ մտահոգություններին՝ կոնֆերանսին մասնակից լրագրողները հույս հայտնեցին, որ այս կարգավորման շնորհիվ կկարողանան պայքարել այն լրատվամիջոցների դեմ, որոնք սեփական արտադրանք չեն ստեղծում եւ այլոց ստեղծագործությունները ապօրինաբար տարածելով՝ շահույթ են ստանում եւ անառողջ մրցակցային պայմաններ ստեղծում:

Իրավաբան Արա Ղազարյանի կարծիքով՝ առաջարկվող օրենսդրական փոփոխություններն ինչ-որ իմաստով խոսքի ազատությունը սահմանափակող բնույթ ունեն «Սահմանափակում է առցանց այն լրատվամիջոցների ազատությունը, որոնք այսօր բավականին հաջող գործունեություն են ծավալում՝ ի հաշիվ այլոց հեղինակային իրավունքների: Եթե սահմանափակումը նպատակ է հետապնդում պաշտպանել այլոց հեղինակային իրավունքները, նման սահմանափակումը իրավաչափ է, հետևաբար խախտում չկա, իսկ եթե սահմանափակումը չի ծառայում իր բուն նպատակին (հեղինակային իրավունքի պաշտպանությանը), նման սահմանափակումը անհրաժեշտ չէ կամ վերաբերելի ու բավարար չէ, հետևաբար անիրավաչափ է: Այս առումով խնդիրը դեռ պետք է ուսումնասիրել: Մի բան է, սակայն, պարզ, որ շատ առցանց լրատվամիջոցներ չեն ողջունի այդ փոփոխությունը, քանի որ նրանք բարեհաջող գոյատևում են ի հաշիվ այլոց քրտնաջան աշխատանքի: Օրինակ՝ «Հետքի» հոդվածների մեծ մասը կամ վերլուծական է կամ էլ հարցազրույցներ են, հետևաբար հեղինակային իրավունքի օբյեկտներ են: Քանի՞ աղբյուր է օգտվում «Հետքից»՝ փոքրիկ տառերով վկայակոչելով աղբյուրը, կարծում եմ՝ շատ: Այ այդ աղբյուրները, բնականաբար, կբղավեն, թե իրենց տեղեկատվություն տարածելու ազատությունը սահմանափակվում է: Իրավամբ սահմանափակվում է ու շատ էլ լավ է արվում, ուրեմն սահմանափակումը իրավաչափ է»:

Կոնֆերանսի ավարտին «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ նախագահ Սուրեն Դեհերյանն ասաց, որ նախատեսում է կազմակերպել ընդլայնված համաժողով, որին կհրավիրվեն հեղինակային իրավունքի պաշտպանության խնդրով մտահոգ բոլոր շահագրգիռ կողմերը: «Կարծում եմ` դա կնպաստի գործողությունների է՛լ ավելի արդյունավետ իրականացմանը, իսկ տվյալ բնագավառում՝ լրագրողական համայնքի կողմից խնդիրների վերացման ընդունելի տարբերակների մշակմանը»,- ասաց Դեհերյանը: 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված