Չորեքշաբթի, 26 հունիսի

Լիտվացի լրագրողին դատում են այն եզրահանգման համար, որ կարող էր անել միջին վիճակագրական ընթերցողը



Լիտվական www.slaptai.lt թերթի (լիտվերենեից թարգմանաբար նշանակում է գաղտնիք) հիմնադիր-հրատարակիչ եւ խմբագիր Գինտարաս Վիսոցկասը 40 օր պետք է անցկացնի բանտում, քանի որ չի կարող ամբողջությամբ վճարել դատարանի որոշմամբ սահմանված զրպարտության եւ վիրավորանքի համար փոխհատուցման 33.000 լիտա (մոտ 10 հազար եվրո) գումարը:

Նրան քրեական պատասխանատվության են ենթարկել ոչ թե կոնկրետ զրպարտող կամ վիրավորական արտահայտությունների համար, այլ այն «եզրահանգման, որ կարող էր անել միջին վիճակագրական ընթերցողը»` լրագրողի նյութն ընթերցելով:

Գինտարաս Վիսոցկասին հանդիպեցի հունիսի 7-8-ը Վիլնյուսում կազմակերպված «Լրագրողների անվտանգությունը ԵԱՀԿ տարածաշրջանում» թեմայով կոնֆերանսի ժամանակ:

25 տարի ռազմական եւ քաղաքական թեմաներ լուսաբանող Վիսոցկասը պաշտոնաթող գեներալ, Լիտվայի նախագահական ընտրությունների թեկնածու Չեսլովաս Յեզերսկասի մասին 2009 թ. նախագահական ընտրությունների ժամանակ հոդված է գրել, որտեղ ներկայացրել է թեկնածուի անցյալը:

Մասնավորապես`լրագրողը գրել է, որ գեներալ Յեզերսկասը խորհրդային տարիներին ճանաչված մարզիկ է եղել, եւ ինչպես հայտնի է` Պետական անվտանգության կոմիտեն (ՊԱԿ) հսկողության տակ էր պահում բոլոր սպորտային խմբերը: Նաեւ հարցադրում է արել այն առնչությամբ, որ տարիներ առաջ Յեզերսկասի կինն ու աղջիկը ինքնասպան են եղել:

Վիլնյուսի շրջանային դատարանը որոշել է, որ Գինտարասի գրածից «միջին վիճակագրական ընթերցողը կարող էր գալ այն եզրահանգման, որ գեներալը համագործակցել է ՊԱԿ-ի հետ» եւ նրան պարտավորեցրել Չեսլովաս Յեզերսկասին որպես բարոյական վնասի փոխհատուցում վճարել 23 հազար լիտա (մոտ 6,600 եվրո), մնացյալ 10 հազար լիտան էլ` որպես դատական ծախսերի փոխհատուցում (մոտ 3,400 եվրո):

Գեներալին հասանելիք գումարը 1.5 տարվա ընթացքում պետք է գանձվի լրագրողի աշխատավարձից, իսկ դատական ծախսերի գումարը նա չի կարող վճարել, դրա համար էլ 40 օր պետք է անցկացնի բանտում: Նա չի կարողացել վերաքննիչ ատյաններում բողոքարկել դատարանի որոշումը, քանի որ գեներալը հայցը ներկայացրել էր որպես մասնավոր անձ, ոչ թե իբրեւ հանրային գործիչ, իսկ լիտվական օրենսդրությունը նման դեպքերում սահմանափակում է պատասխանողի բողոքարկման իրավունքը:

Լրագրողն անհեթեթ է համարում դատարանի հիմնավորումը. «Ինչպե՞ս կարող էր դատարանը իմանալ, թե ինչ եզրահանգման կարող էր գալ միջին վիճակագրական ընթերցողը, եթե հարցում չի անցկացրել, դա միայն ենթադրություն է, եւ սա շատ վիրավորական է ինձ համար»:

Կոնֆերանսին ելույթ ունենալով` նրա փաստաբան Լյուդվիկա Մեշկոսկայտեն նշեց, որ լիտվական դատարանի այս աննախադեպ որոշումը դատավորների եւ հասարակության վրեժխնդրությունն է լրագրողներից. «Հասարակությունը եւ դատավորները բարկացած են, քանի որ լիտվական մամուլում չափազանց ազատություն կա: Բայց հարվածի տակ ընկավ միանգամայն արդար մարդ, մինչդեռ «խոշոր շնաձկները» պատասխանատվության չեն կանչվում»:

Փաստաբանն ընդգծեց, որ զրպարտության կամ վիրավորանքի գործերով վճիռներ կայացնելիս դատավորները պետք է ոչ միայն կշեռքի նժարին դնեն հանրային եւ մասնավոր շահերը, այլեւ համաչափություն պահպանեն հասցված վնասի եւ թերթի կարողության միջեւ, եւ դրա հնարավորությունը պիտի սահմանված լինի օրենքով:

Իբրեւ այդ սկզբունքի խախտման օրինակ նա ներկայացրեց վերջերս «Լիտվոս Ռիտաս» պարբերականի դեմ ՁԻԱՀ-ով տառապող մի քանի հիվանդների` պատվի եւ արժանապատվության հայցերով կայացված որոշումը, որով հիվանդների անձնական տվյալներն (անուն, ազգանուն, բնակության վայր) առաջին էջում հրապարակած պարբերականին դատարանը պարտավորեցրել էր 3000-ական եվրո վճարել հայցվորներից յուրաքանչյուրին, որովհետեւ դա էր օրենքով սահմանված առավելագույն գումարը, մինչդեռ թերթի հիմնադիր կապիտալը հասնում է 9 մլն եվրոյի:

Այս գործից հետո լիտվացի իրավաբանները դիմել են Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որը, որոշելով, որ առավելագուն շեմ սահմանելով` պետությունը սահմանափակել է մարդկանց իրավունքը, հարկադրել է Լիտվայի Հանրապետությանը վերացնել գումարի այդ շեմը, եւ հիմա փոխհատուցման չափը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում որոշում է դատարանը:       

 Գինտարաս Վիսոցկասը նույնպես հույսը կապում է Եվրոպական դատարանի հետ, քանի որ իր թերթը կարողություն չունի, հազիվ է հոգում աշխատավարձի ծախսերը: Իր դեմ կայացված վճիռը նա համարում է քաղաքական որոշ ուժերի վրեժը:

Լիտվական այս օրինակը շատ արդիական է Հայաստանում մամուլի դեմ սկսված դատական արշավի ֆոնին: Մեր դատարաններն էլ համատարած անտեսում են թերթի կարողության եւ հայցվորին պատճառված վնասի միջեւ համաչափության սկզբունքը եւ հանրային շահը:

Կոնֆերանսին ներկա հայ լրագրողիս համար ոչ այնքան զարմանալի էր Եվրամիության անդամ Լիտվայում լրագրողի նկատմամբ քրեական պատժի կիրառումը (եվրոպական բազմաթիվ երկրներում զրպարտությունը եւ վիրավորանքը դեռեւս համարվում են քրեական հանցանքներ), որքան դատարանի «հիմնավորում-ձեւակերպումը» միջին վիճակագրական ընթերցողի եզրահանգման մասին:

Մտածեցի` հանկարծ հայ դատավորները չիմանան այս ձեւակերպման մասին եւ իրենց վճիռներում նման «հիմնավորումներ» բերեն: Բայց օրերս «Քոչարյաններն ընդդեմ Հրապարակ թերթի» գործով կայացված վճիռն ընթերցելով` հասկացա, որ մերոնք ավելի հնարամիտ են. համատեքստից հանելով «արյուն» բառը` «ստացել են վիրավորական արտահայտություն»:

Միակ հույսը դարձյալ Եվրոպական դատարանն է` սպասել, մինչեւ հայաստանյան լրատվամիջոցներից մեկի գործով ԵԴ-ն որոշում կկայացնի: Բայց էլի հարց է` ինչպես կհասկանան դա ՀՀ դատավորները, որովհետեւ ցանկության դեպքում կարող են հաշվի առնել Եվրադատարանի` արդեն իսկ առկա նախադեպերը:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված