Հինգշաբթի, 20 հունիսի

Վերք, որը չի սպիանում



«Իմ ընտանիքը շատ մեծ է եւ բաղկացած է տարբեր տեսակետներ ունեցող մարդկանցից, որոնց մի մասն ընդունում է, որ մենք հայկական ծագում, արմատներ ունենք, մյուս մասը չի ընդունում»,-իր անունը մեր հոդվածում չհիշատակելու խնդրանքը բացատրում է ծագումով հայ քրդուհին:

Ուստի մենք նրան պայմանականորեն կանվանենք Լեյլա: Նա Թուրքիայից երկօրյա այցով ժամանել էր Հայաստան՝ ներկայացնելու գենդերային խնդիրները Թուրքիայում:

«Ես միշտ էլ գիտեի, որ իմ հոր հայրը հայ է, բոլորս էլ գիտեինք, սակայն երբեք չէինք խոսում: Բոլորն էլ գիտեին, եւ իմ պապին շատերն էին ասում, որ նա ծագումով հայ է, սակայն իմ ընտանիքի ներսում չի խոսվել: Հորեղբայրներս մոլեռանդ մահմեդականներ են, նրանց մեջ նույնիսկ հոգեւորական դասի ներկայացուցիչներ կան' իմամներ, որոնք չեն ցանկանում խոսել այդ մասին»,-պատմում է Հակոբի թոռնուհի Լեյլան:

Դիարբեքիր գավառի Էրգանի քաղաքում ծնված Հակոբը ցեղասպանության ժամանակ 11 տարեկան է եղել: «Նրա բոլոր եղբայրները, ամբողջ ընտանիքը սպանվել է, ինքը մոր հետ փախել է եւ ապաստանել մի քրդական գյուղում, քանի որ մինչ այդ ծանոթություն ունեին այդ գյուղի քուրդ իշխանների հետ: Ցերեկները թաքնվել են, գիշերները' քայլել: Երբ մոր հետ ապաստանել են այդ քրդական գյուղում, երկու ամիս հետո մայրը մահացել է, եւ պապս մնացել է քուրդ աղաների մոտ: Նրանցից մեկը պապիս վերցրել է իր տուն եւ ավելի ուշ նրան ամուսնացրել իր աղջկա, այսինքն՝ տատիս հետ»,-պապու պատմությունը ներկայացնում է թոռնուհին: Այդպես Հակոբը դարձել է Մուհարեմ:

«Կոտորածների մասին պապս շատ էր պատմում: Իր անձնական պատմությունը չէր պատմում, բայց նմանատիպ դեպքերի մասին խոսում էր: Ասում էր, որ իրենց քաղաքում մի բլուր է եղել եւ մի բնական ջրհոր: Հայերին քարավաններով բերել են եւ այդ բլրից նետել ջրհորը: Մի անգամ քարավանը բերել են եւ, մինչեւ ջրհորին հասնելը, զինվորները հոգնել են ու կանգ առել աղբյուրի մոտ: Ու հենց աղբյուրի մոտ էլ ամբողջ քարավանին սպանել են: Փորել են եւ բոլորին թաղել: Ասում են, որ դրանից հետո աղբյուրից 3 օր շարունակ արյուն էր հոսում: Մեզ հայտնի է, որ գաղթի ժամանակ քուրդերն ու թուրքերը հայ երեխաներին վերցնում էին, եւ շատ մայրեր կամովի իրենց երեխաներին ձորերից, կամուրջներից նետում էին, որպեսզի չտան թուրքերին»:

Հակոբի բարեկամներից ոչ մեկը չի փրկվել. «Պապս ուրիշ բարեկամներ չուներ, մեր գյուղում, ուր նա տեղափոխվել էր ամուսնությունից հետո, երկու հայ աղջիկներ կային, նրանք պապիս հետ շատ անկեղծ, ջերմ հարաբերությունների մեջ էին, սիրով էին իրար հանդեպ: Մի մարդ էլ կար, մենք նրան հորեղբայր էինք ասում, թեեւ ազգակցական կապ չուներ պապիս հետ, նա ավելի հեռու գյուղից էր, բայց հաճախ էր մեզ մոտ գալիս, եւ երկուսն էլ թուրքական նույն ազգանունն էին վերցրել: Հիմա էլ նրանց մահից հետո երեխաների հետ մեր կապը շարունակվում է»:

Քրդուհուց ունեցած 9 երեխաներից ոչ մեկին Հակոբը հայերեն չի սովորեցրել:

«Նա, իհարկե, չէր կարող ապրել որպես հայ եւ ներկայանում էր որպես քուրդ: Ոչ մեկի հետ հայերեն չէր խոսում, բայց երբ իրեն հարց էինք ուղղում, երբեմն պատասխանը հայերեն էր տալիս: Ես երբեք նրան աղոթելիս չեմ տեսել, բայց իսլամին էլ հավատարիմ մարդ չէր: Ո՛չ պապս, ո՛չ էլ տատս կրոնասեր մարդիկ չէին, տատս նույնիսկ նամազ չէր անում»,-ասում է Լեյլան:

Հակոբ պապից (Լեյլան չգիտի նրա ազգանունը) զավակներին մնացել է միայն Էրգանիի նրա տան սեփականության վկայականը, որը որդիները գաղտնի են պահում թոռներից: «Ես փոքր էի, բայց հիշում եմ, որ մեր տուն ինչ-որ մարդիկ էին գալիս, հայրս ու պապս նրանց հետ գնում էին այդ քաղաք այցելության' իր հողը տեսնելու: Պապս ուզում էր այդ վկայականով ետ վերցնել իր հողը: Ես չգիտեմ այդ հողի չափը, բայց երբ պապս ցանկացել է ետ վերցնել, հորեղբայրներիս հետ վեճ է ծագել, եւ նրանք թույլ չեն տվել»:

Էրգանին հին հայկական քաղաք էր' բլրի վրա: Հակոբի թոռնուհին ասում է, որ քաղաքի ավերակները հիմա էլ կան' եկեղեցի, տներ: «Այնտեղ թուրքերն անընդհատ գանձեր են որոնում' հայերի ոսկիները, դրա համար էլ միշտ պայթեցնում են ու ամեն ինչ վերածում ավերակի: Այդ քաղաքում Մուհամեդ մարգարեի մի սրբավայր կա եւ փոքրիկ այգի, որտեղ մենք հաճախ պիկնիկի էինք գնում: Պապս ասում էր, որ մարգարեի սրբավայրը մեր տան տեղում է»:

«Ես ինձ որպես քուրդ եմ տեսնում, բայց վերջին 2 տարվա ընթացքում իմ ներսում ինչ-որ բաներ են կատարվում: 2004թ. Թուրքիայի հայտնի փաստաբան Ֆեթհիե Չեթինը հրատարակեց «Իմ մեծ մայրը» գիրքը, որտեղ իր տատիկի հուշերն են: Տատը մեծ տարիքում Ֆեթհիե Չեթինին խոստովանում է, որ ինքը ոչ թե մահմեդական է, այլ հայ քրիստոնյա: Ես կարդացի այդ գիրքը եւ հանդիպեցի հեղինակին: Ֆեթհիե Չեթինի հետ խոսելուց հետո ցանկացա պապուս սեփականության վկայականը տեսնել, բայց հայրս թույլ չտվեց: Երբ հորս հետ այս թեմայով խոսում եմ, չի պատասխանում, բայց քույրերիս եւ եղբայրներիս հետ խոսում եմ: Ֆեթհիե Չեթինի հետ մենք այցելեցինք պապիս ծննդավայրը, հանդիպեցինք նրանց, ովքեր հայերի թոռներ էին, գնացինք Ուրֆա եւ տեսանք, որ հայկական ծագումով մարդկանց թիվը քիչ չէ: Տեղեկություններ, պատմություններ, լուսանկարներ հավաքեցինք: Հայկական տարածքներում շատ քուրդեր եւ թուրքեր են բնակեցվել, խառնվել հայերի հետ, դրա համար շատերը չգիտեն էլ իրենց հայկական արմատների մասին ու ասում են, որ կամ քուրդ են, կամ՝ թուրք:

Ես չեմ ամաչում ասել, որ հայկական ծագում ունեմ, պարզապես ընտանիքի անդամներին բացատրելու խնդիր կա: Իմ ամուսինը քուրդ է, եւ նա էլ, երեխաներս էլ գիտեն իմ ծագման մասին»:

Ֆեթհիե Չեթինը պատրաստվում է նոր գիրք հրատարակել ծագումով հայ թուրքերի եւ քրդերի մասին, որտեղ տեղ է գտնելու նաեւ Հակոբի եւ նրա թոռնուհի Լեյլայի պատմությունը:

«Անպայման ուզում էի Հայաստան գալ, եւ երբ իմացա այս հնարավորության մասին, շատ ուրախացա: Իմ գալու պահից սկսած ինձ օտար վայրում չեմ զգում, կարծես իմ տանն եմ: Փողոցում քայլող մարդկանց ու իմ մեջ նմանություն շատ եմ տեսնում: Իմ աչքերը հայի աչքեր չե՞ն»,-մեզ հարցնում է Լեյլան:

«Չգիտենք, քրդի աչքեր չենք տեսել, որ համեմատենք»,-կատակում ենք մենք:

«Երկու օր է անընդհատ զգացմունքային պահեր եմ ապրում»,-անկեղծանում է կիսահայ-կիսաքուրդ Լեյլան:-Գնացի Ցեղասպանության թանգարան, հուշարձանը տեսա եւ շատ ընկճված եմ դրանից հետո: Ծանր զգացմունքները ինձ ճնշեցին: Այդ նկարները, որ տեսա թանգարանում, նորություն չէին, քանի որ պապիցս լսած պատմություններից արդեն պատկերացնում էինք, բայց կրկին ազդեցին վրաս»:

«Մենք հայերին սիրելով ենք մեծացել: Մորական պապս ցեղասպանության ժամանակ զինվորական է եղել եւ ասում էր, որ ուզելով չեն արել դա, իրենք էլ են ծանր ապրումներ ունեցել»,-նախնիների փոխարեն փորձում է արդարանալ Լեյլան եւ ավելացնում,-Հակոբ պապս շատ էր սիրում մորական քուրդ պապիկիս»:

Էրգանիի իր հողն այդպես էլ չվերադարձրած՝ Հակոբ պապը մահանում է 96 տարեկան հասակում՝ 2000 թվականին:

«Պապուս մահմեդական սովորույթի համաձայն ենք թաղել: Հորեղբայրներս են եղել նրա մահճի մոտ, եւ ես չգիտեմ' պապս որեւէ ցանկություն հայտնե՞լ է, թե՞ ոչ մահվանից առաջ: Բայց մի բան նա անընդհատ կրկնում էր' սա այնպիսի ցավ է, որ 100 տարի էլ անցնի՝ չի սպիանա»:


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված