Hetq Online Hetq Online Armenian English
 
 




հետ


Հայկական ռոքի երեք ծայրահեղությունները



«Ծննդյանս օրը կուրսի երեխեքը կիթառ նվիրեցին ու կրակն ընկան,-պատմում է Բժշկական համալսարանի 4-րդ կուրսի ուսանող Նարեկը եւ բացատրում, որ ամեն ինչ այդտեղից սկսվեց:- Հետո կիթառ նվագող ընկերներս մի երկու խորհուրդ տվեցին, ու այդպես սկսեցի նվագել»:

Ուսանողական խորհրդում Նարեկը շատ էր լինում, մի օր էլ ծանոթացավ Զաքարի հետ, որն ամբողջ օրն «իրար խառնված գնում-գալիս էր», ու Զաքարը Նարեկին որպես բաս կիթառահար ընդունեց իր խմբում:
Զաքարի համար էլ ամեն ինչ սկսվեց մոտ 3 տարի առաջ, երբ Բժշկական համալսարանի բեմում ելույթ ունեցան ու, չնայած իրենց սխալներին, հանդիսատեսն ընդունեց բուռն ծափահարություններով:
«Խմբի գործիքները մեզ միավորեցին, ոչ թե մենք միավորվեցինք ու որոշեցինք խումբ ստեղծել: Ֆլեյտա էր պետք` Անուշավանի հետ ծանոթացանք, կիթառ էր պետք` Վագների հետ միավորվեցինք»,-պատում է արդեն ձեւավորված «Սինկոպե» խմբի հիմնադիր անդամներից Զաքարը:

«Սինկոպե»-ն բժշկական տերմին է եւ նշանակում է «սրտի կանգ»: Խմբի տղաները պատմում են, որ մինչեւ այս անվանումը տարբեր անվանումներով են հանդես եկել, անգամ եղել է` համերգից առաջ իմացել են, որ այդ անվանմամբ ուրիշ խումբ կա, 5 րոպեում նոր անվանում են մտածել ու բեմ ելել:
«Ինձ հարցնում էին` ի՞նչ ոճում եք նվագում, ասում էի` խառը, ի՞նչ գործիքներ կան, էլի խառը, տղանե՞ր են, թե՞ աղջիկներ, էլի պատասխանում էի` խառը, ու այսպես կազմակերպվեց մեր խառը խումբը»,- պատմում է Զաքարը:

Այսօր Բժշկական համալսարանի «խառը» խմբում սոլո, բաս կիթառներ կան, ակուստիկ կիթառ, ստեղնաշար, ֆլեյտա, հարվածային գործիքներ, խմբի «ձայնն» էլ արդեն մեկ ամիս է Աննան է: Բացի նրանից, որ այս խմբի անդամներին միավորում են գործիքները, գրեթե բոլորի` բժիշկ լինելու հանգամանքը, խմբի մեծամասնությունը նաեւ Սյունիքի մարզից է:

«Մեր ոճը լեռնային-դասական-մեդ-ջազ-ռոք է»,- բացատրում են իրենց ոճը եւ նշում, որ հիմնականում չեն մտածում, թե ի՞նչ ոճում են նվագում, նվագում են այն, ինչ զգում եւ տեսնում են:

«Դեռ այդքան պրոֆեսիոնալ չենք, երբեմն չի ստացվում այն, ինչ ուզում ենք, բայց աշխատում ենք այդ ուղղությամբ, հատկապես հիմա, երբ վոկալի Աննան (ջազային քոլեջ է ավարտել) եւ հարվածային գործիքների Արթուրը (նույնպես ջազային քոլեջից է) միացել են մեզ, մի քիչ պրոֆեսիոնալ ենք մեզ զգում»,- ասում է կիթառահար Վագները:

Բացի նրանից, որ խումբը տարբեր անվանումներով հանդես է եկել ուսանողական համերգներին, խմբի տղաները միացել են Բժշկական համալսարանի մեկ այլ խմբի եւ մեկ շաբաթյա համերգներով հանդես եկել ամբողջ Սյունիքում, իսկ վաստակած գումարով նոր գործիքներ են գնել: Արդեն մեկ ամիս է «Արմեդիա» կենտրոնը խմբին փորձեր անելու տեղ է հատկացրել ու նոր գործիքներ գնել, եւ խումբն արդեն մեծ հույսեր է կապում ձայնասկավառակ թողարկելու հետ: Իսկ փորձերին նոր հնչողությամբ են փորձում երգերը, որոնք հիմնականում Զաքարի եւ Վագների հեղինակածն են: «Սինկոպեն» հաճախ կատարում է Վագների հոր` նախկին «Որոտան» խմբի երգերը:

«Օրինակ` «Մայրամուտ» երգը ծանր ռոք է, կամ մի երգ եմ գրել, որ բյլուզ է կոչվում, բայց իրականում ջազին է մոտ, բայց ջազ էլ չի»,- փորձում է խմբի ոճից գլուխ հանել Նարեկը, բայց այդպես էլ չի ստացվում: «Խառը խումբ ենք, էլի»,-ասում է:

Իսկ Զաքարը բացատրում է, որ ինչ էլ նվագեն, ամեն դեպքում իրենք ազդված են ռոքից եւ ռոք լսելով են սկսել:

«Մենք նվագում ենք ոչ «քյաբաբ» զանգվածի համար»,- ասում է Վագները եւ շարունակում, որ ինքն իր կուրսեցիների համար է նվագում, շատ ուսանողներ են իրենց լսում, քանի որ իրենք կենդանի եւ հայերեն լեզվով ուսանողության սրտին մոտ երաժշտություն են նվագում:

Իսկ թե ինչպե՞ս են տեսնում իրենց ապագան խմբում եւ պատրաստվու՞մ են երաժշտությամբ գումար վաստակել, Նարեկն ասում է, որ խումբն իր համար լուրջ հոբբիից մի քիչ ավելին է: Զաքարն էլ չի բացառում ոչինչ, բացի անցումի տակ նվագելով գումար վաստակելուց: Նրանք համարում են, որ բժիշկ երաժիշտներ են:

«Փոքր ժամանակ որովայնիս հետ խնդիրներ ունեի, եւ իմ հորեղբայրը, որ մանկաբույժ է, ինձ միշտ հոգնա էր անում: Որոշեցի` մեծանամ, ես էլ իրեն հոգնա անեմ, ու այդպես բժիշկ դարձա: Մի խոսքով, ինձ ոգեշնչել է հորեղբայրս»,- պատմում է Վագները եւ անկեղծանում, որ իր այդ նպատակը դեռ չի իրականացրել եւ որպես բժիշկ դեռ անելիքներ ունի:

Ռոք, որ հնարավոր չէ առանց նոտաների

«Մեզ լսում են այն մարդիկ, ովքեր ռոքը միայն բաս կիթառների միաժամանակ հնչողություն չեն համարում»,- իրենց խմբի մասին ասում է Ջեֆը (Վահագն Փափայանը), ով էլ 2001-ին իր մի խումբ ընկերների հետ ստեղծեց «Օքսենհեմ» խումբը, որն, իրենց բնորոշմամբ, պրոգրեսիվ ռոք է:
«Մենք միշտ մեր մեջ եփող, զարգացող, միշտ ուղիներ փնտրող ռոք ենք»,- ասում է խմբի անդամներից կիթառահար Կորյունը:

«Օքսենհեմ»-ի կազմավորման ժամանակ խմբի շատ անդամներ հայկական այլ ռոք խմբերում էին նվագում, եւ «Օքսենհեմ»-ի «ձեռագիրն» այլ կերպ մշակվեց: Նրանք հիմնականում բարդ, բայց մեղեդային երաժշտություն են նվագում, որն ուղեկցվում է ջութակի եւ ֆլեյտայի հնչյուններով, որոշ երգերում էլ` վոկալիստի ձայնով, ում հրավիրում են տարբեր խմբերից: Իսկ խմբի երգերը գրում է Ջեֆը, հիմա նաեւ` Վարդանը` խմբի նոր եւ ամենաերիտասարդ անդամը, ով նվագում է ստեղնաշարային գործիքների վրա:

«Նախորդ դաշնակահարը հղիացավ եւ դուրս եկավ խմբից, սակայն մենք դրանում մեղավոր չենք»,- կատակում է Վահագնը (Ջեֆը), իսկ Վարդանն էլ ասում է, որ հայտարարությունն է կարդացել եւ եկել խմբում նվագելու:

Վարդանի մասին կատակում են` որպես խմբի ամենամոռացկոտի, որ միշտ ինչ-որ բան է մոռանում, եւ իրենք համերգից առաջ խառնվում են իրար:

«Հաճախ նոտաներն եմ մոռանում ու մեր երաժշտությունը, ճիշտ է, հնարավոր է հիշելով նվագել, բայց, իրոք, դժվար է, եւ մենք իմպրովիզներ համարյա չենք անում»,- ասում է Վարդանը:

«Արդյոք խումբը ռոք երաժշտությունից ստացված գումարներո՞վ է ապրում» հարցին խմբի անդամները պատասխանում են` «այո, ռոքով ենք ապրում»: Ճիշտ է, խմբի երաժիշտներից շատերն այլ խմբերում էլ են նվագում, իսկ, օրինակ, Ջեֆը ձայնային ռեժիսոր է աշխատում:

«Պիտի լավ անես քո գործը, որ դրա դիմաց գումար ստանաս` նվնվալու փոխարեն, թե չէ ձեռքի հետ անելու դեպքում ո՛չ գործիք կլինի, ո՛չ էլ փորձատեղ ու ժամանակ»,- կարծում է Վահագնը: Կորյունն էլ հակադարձում է, որ «այդ ժամանակը» կգա, իսկ առայժմ «հեռուստատեսային եթերը լցված է ամեն տեսակ աղբով, ու դրանք պիտի մաքրվեն, որ «երաժշտությունը» կոմերցիոն դառնա, ոչ թե ամեն տեսակի «երաժշտության» տակ տրվող երեւույթ»:

Վարդանն էլ կարծում է, որ ռոքը պիտի պոպուլյար երաժշտություն լինի, եւ իրենց խմբի նշանաբանը հենց «երաժշտությունն է»: Իսկ խմբի անվանման ստուգաբանությունն այսպես են ձեւակերպում. «Օքսենհեմն» ի վերուստ մեզ տրվեց: Այժմ ի վերուստ տրված անվանումով խումբը ձայներիզ է թողարկել, որը վաճառվում է ամբողջ աշխարհում, բացի Հայաստանից: «Պայմանավորվածությունն է այդպիսին»,- պարզաբանում է Ջեֆը:

Հայկական հեթանոս սեւ մետալ, որ «Եղեռնի» մասին է

«Արամազդը» հայ իրականության մեջ այն միակ նախագիծն է, որի հնչողությունը տասնյակի հասնող գործիքների համադրումն է, եւ որն իրականացնում է մեկ հոգի` հենց Արամազդը: Արամազդի պատմելով` մտահղացումը պատահական է ծագել, եւ ամեն ինչ կառուցված է բացառապես մետալային երաժշտության նկատմամբ սիրո վրա:

«1999 թ. իմ ընկեր Արմենը, ով հիմա Լոս Անջելեսում է ապրում, «Հայ FM» ստուդիայում մի երկու կիթառային ռիթմեր ձայնագրեց ու գնաց: Մի շաբաթ հետո զանգեցի ու ասացի, որ գա ու տեսնի` ինչ եմ սարքել»,-պատմում է Արամազդը (Արտաշես Մկրտչյան) եւ նշում, որ հենց համակարգչային ծրագրավորմամբ ծնվեց «Արամազդ» նախագծի առաջին երգը` «Եղեռնականը», որը ստեղծված է Պարույր Սեւակի «Անլռելի զանգակատան» բառերով:

«Ընկերս գնաց, իսկ ես շարունակեցի, ու հաջորդ ստեղծագործությունները «Քոչարին», «Հովերն եկան» գործերն էին, որոնց մանրակրկիտ հավաքում էի բասը, ազգային երաժշտական գործիքները»,- պատմում է Արամազդը` ավելացնելով, որ հայոց դիցարանի գերագույն աստծո անունն իրեն վերագրել է այն ժամանակից, երբ առաջին անգամ ինտերնետ է մուտք գործել:

Արամազդը պատմում է, որ 1999-ին մետալ երաժշտության բնագավառը Հայաստանում թերզարգացած էր, ունկնդիրներ չկային, խմբեր չկային, ոչ ոք չէր կարծում, որ դա կարող է մեկին դուր գալ. իր ստեղծագործությունների մասին գիտեին մի քանի հոգի:

Ըստ նրա` հիմա ժամանակները փոխվել են, քանի որ ծանր մետաղային երաժշտություն լսողներ ու խմբեր կան:

«Արամազդի» հիմնական իմաստն է` երաժշտության միջոցով ցույց տալ վաղեմի ժամանակաշրջանում հայ արորդիների աշխարհընկալման, բարոյական հատկանիշների ամբողջականացումը: Այն չի մղում դեպի պատերազմ, սակայն արթնության է կոչում պատերազմի դեպքում: «Ֆաշիզմ բացարձակ չկա»,- ասում է Արամազդը եւ նշում, որ իր նախագծի ոճը հեթանոսական սեւ մետալն է:

Այսօր «Արամազդը» պոպուլյար է Հայաստանում ծանր ռոք երաժշտություն լսողների շրջանում, եւ այս մարդկանց համար այս երաժշտությունը հասանելի է ինտերնետում եւ ռադիոեթերում:

«Ես կուզեի լինել հանրաճանաչ, բայց չեմ մտածում կոմերցիայի մասին»,- ասում է Արամազդը: Մոտ ապագայում նա պատրաստվում է ձայներիզ թողարկել, որը, հավանաբար, «Ար» կանվանի, ինչը նշանակում է «ամեն ինչի սկիզբ»: Սակայն չի ակնկալում, որ առայժմ ծանր մետաղային երաժշտությամբ մեծ գումարներ կվաստակի Հայաստանում:

Իսկ «սկիզբը» նա արդեն կատարելագործված երաժշտական ծրագրերով է պատրաստվում իրականացնել. «Օրինակ` թեեւ զուռնայի ձայնի կենդանի եւ համակարգչային տեսակի մեջ տարբերություն կա, բայց լավ աշխատելու դեպքում դա չի նկատվում»:

Արամազդը, բացի մետաղային երաժշտության իր նախագծից, այս երաժշտության մասին ռադիոհաղորդում է վարում եւ ամեն կիրակի ժամը 10-ից մինչեւ գիշերվա 3-ը ներկայացնում է այս ոճում նոր գործերն ու նախագծերը: Հաղորդման զգալի մասը կազմում է նաեւ հայ մետալիստների գործերի ներկայացումն ու պրոպագանդումը:

«Ունկնդիրների քանակն այնքան քիչ է, որ համարյա բոլորին ճանաչում եմ. նրանք նույն հայաստանյան ռոք լսող զանգվածն են: «Լավ օրերին» ընկնդիրներիցս 150 հոգին արձագանքում են»,- ասում է Արամազդը` արդեն որպես «Մետալ ֆրոնտ»-ի հաղորդավար:

Նրա ունկնդիրներից քչերը, հավանաբար, գիտեն, որ հաշվիչ տեխնիկայի մասնագիտական կրթությամբ Արամազդն ինքն իրեն երաժիշտ չի համարում եւ ասում է, որ չի հավակնում դրան:
Իսկ հայկական ռոքի մասին կարծիք հայտնելիս ասում է, որ չի կարելի դրական կարծիք ունենալ մի բանի մասին, ինչը գոյություն չունի:

«Անընդհատ նույն ռոք լսող մարդիկ են, նույն խմբերը, նույն երգերը, որոնք այդ նույն զանգվածն անգիր գիտի արդեն: Ի վերջո, ինչքա՞ն կարելի է նույն բանը լսել»,- զարմանում է Արամազդը, բայց նաեւ ասում, որ չնայած այս ամենին` հիմա ռոքային անցուդարձ կա, ու պարբերաբար փառատոններ ու համերգներ են կազմակերպվում, ինչը, ըստ նրա, արդեն լավ է:





Name*:
Email:
Comment*
* - պարտադիր դաշտեր

Astgik   (2009-08-06 12:07)
Անունս աստղիկ է, ինչպես հին հեթանոսական ժամանկաշրջանի սիրո և գեղեցկության աստվածուհու անունն է: Ես Արամազդի երաժշտության մասին շատ քիչ տեղեկություն ունեմ: Մի անգամ ներկա եմ գտնվել նրա համերգին, կարող եմ ասել տաղանդավոր մարդ է երևում: Ես այս հոդվածից բավականին բան իմաց, որ դեռ 1999թ մետալ երաժշտությունը մուտք է գործել Հայաստան: Արամազդը ազգային գործիքների և համկարգչային տեխնիկայի օգնությամբ ստեղծել է իր գործերը և թողարկել է ձայնասկավառակ; Ինքը այս հոդվածի մեջ նշում է նաև, որ իր ստեղծաց մետալ երաշժտությունը չի մղում պատերազմի, այլ արթուն է պահում պատերազմների դեմ /Արամազդի խոսքերը, որ այստեղ ֆաշիզմ չկա/: Սակայն մարդիկ կան, որոնք նրան և նրա համախողներին կապում են հենց ֆաշիզմի հետ: Կուզեի ավելի հանգամանորեն իմանալ այս վերջին հարցի մասին:
:)   (2007-12-10 01:09)
Անունս կարեւոր չի, Արամազդն ընկերուհի չունի։
Սեւակ Մարտիրոսյան, այստեղից կարող եք քաշել http://www.zhesht.am/index.php?option=com_content&task=blogcategory&id=41&Itemid=107

Arphenia   (2007-12-05 20:58)
Dear Zaqar,we are very happy to hear about the succes of the band you organised and we hope that with time you and your friends will become one of the most popular and desirable bands not only in Armenia, but in other countries as well.And rthere will be a time we will be very proud that we know you. Love you Arphenia
juras   (2007-12-02 19:32)
ES shat sirum em roq eragshtutjun@ nranov aprum u shnchum.cankanum em bolor roq eragishtnerin araren misht norn u lavagujn@.Roq@ haverg e......
Tatev   (2007-12-01 12:25)
Erexeq jan de duq giteq te vorqan shat em dzez sirum!!! SYNCOPE.... hishum em qo Ghapani hamerg@, indz iroq amnorac paher pargevec.... :)
P.S. Sipo-i akanjn el kanchi :)

Լուսինե   (2007-11-30 23:17)
Ես շատ եմ հավանել նյութը, ապրես Շուշ ջան։
Ես մեծ ֆանատ եմ Սինկոպեի, իրենք էլ լավ գիտեն։ Ժողովուրդ ջան, երեքն էլ օրիգինալ են, նոր են, այն են ինչ հիմա պակասում ա ու երիտասարդությունը կարիք ունի։ Մոռացեք ռաբիզը, լսեք ճաշակով երաժշտություն, հատկապես Սինկոպե։ Հրաշք խումբա, հատկապես մարդիկ այնտեղ ՄԱՐԴ են։
Սրտանց Լուսինեից

Զաքար   (2007-11-21 00:30)
Բավականին հետաքրքիր էր , ծանոթանալ ստեղի կարցիքներին …
Իդեպ, եթե սխալ չեմ նկատել Անանունը բավականին տարածված անունա...
Ինչևէ... ուզում էի ասել , որ ՅՈՒՐօրինակ բառը ՏԱՐօրինակի հետ շփոթել պետք չի,իսկ էն մարդիք, ովքեր չգիտեն էդ բառը որտեղ ու ինչ ձևով կիրառեն , խնդրեմ համեցեք բժշկական համալսարան, կփորցենք բացատրել...հա չմոռանամ ասեմ, մենք ուշքը գնալու, դաժե հետ բերելու ձևերնել կարանք ասենք (իզուր չի, որ բժշկականում ենք սովորում) ...
Հ.Գ.
Շնորհակաուլթյուն Շուշանին և նաև բոլոր էն մարդկանց, ովքեր կարողանում են հոդվածից ճիշտ հետևություններ անել...
Հ.Հ.Գ.
Բռավո Օքսենհեմ...ճաշակով գործ եք անում...(Արամազդին չեմ լսել…)

Պետրոսյան   (2007-11-19 09:36)
Հետաքրքիրա որ Հայաստանում ռոքը համարվումա նորամուծություն և ջահելների երաժշտություն։ ԱՄՆ-ում ռոքը համարվում է մեռնող ստիլ, և տարիքով մարդկանց (40-50) համար երաժշտություն։
Նույն համալսարանից   (2007-11-15 16:57)
Վագներ, որ չնայած քեա շատ ես երեւակայում, բայց որպես երաժիշտ լավն ես, գնահատում եմ ու մեր կուրսեցիներին համոզում եմ, որ տեղ ունես քեզ երեվակայելու: Ուղակի ցածր կուրսերի մոտ քեզ գոռոզ ես պահում:
Անանուն   (2007-11-15 15:43)
բարեւ ձեզ երեխեք: ես կարդացի ու ոչ մի արտառոց ուշագնաց լինելու բան չտեսա: ձեվ ա էլի, թե մենք արտասովոր ենք: Չեմ հասկանում տրամաբանությունը, թե ինչու եք էդքան գովում ես տարօրինակներին:
Սեւակ Մարտիրոսյան   (2007-11-14)
Ես միշտ կարծել եմ, որ մենակ մեր ժամանակ է ուսանողական ռոք խմբեր եղել, բայց փաստորեն լավ ջահելներ կան, ԱՊՐԵՔ ՍԻՆԿՈՊԵ
Օքսենհեմն էլ է լավ խումբ, տպավորությունս այդպիսին է: Բայց ամենաշատը ինձ Արամազդը հետաքրքրեց: Իրոք Հայաստանում սենց մարդիկ ու սենց բան կա: Լոլ............
Պատկերացնում եք ժգժգը ու հորովել: Ես ուզում եմ լսել սա, ինչ անեմ, որտեղ դիմեմ? Հայաստանը ահագինա առաջադիմել ա :)

Անունս կարեւոր չի   (2007-11-14)
Հա մոռացա, իսկ Արամազը ընկերուհի ունի? Հարցեք իրեն էլի:
Ընդմիշտ ռոքեռ............

Անունս կարեւոր չի   (2007-11-14)
Արամազդին փոխանցեք, որ սիրուն մազեր ունի, բայց ափոս դեմքը լավ չտեսա; Ես շատ եմ սիրում իր հաղորդումները, բոլորը ու ռոք լսում եմ մենակ էն ժամանակ, երբ ինքը լավ մատուցում ա: Շատ շնորհակալ եմ դրա համար:
Ananun   (2007-11-14)
Shushn jan, "Gitar"@ hayeren kitar e grvum.
Վարդան   (2007-11-13)
ես կառծում եմ, որ ռոքեռները ապրելակերպով են տարբերովում, ոչ թե անուններով ու շորերով; Ավելի ազատ մարդիկ են, ավելի գժժոտ ու պրիկոլնի:
Shahnur Minasian   (2007-11-12)
Uxxaki misht chem haskatsel te inchu hents Roq janri nerkayatsutsichnern en Hayastanum porddzel amen inchov tarbervel myusnerits. Anpayman irents Hayetsi anunnere poxarinelov otarahunch mi anvamb, kam hagukapov tsanakanalov engtsel irets tarber linele, yev ayd foni vra tsayrahexanal. Xosqs iharke aynpisi maqur Roq-i masin chi inchpisin orinak Artur Meschyann e vorn iroq ir gortserum azgayin sheshtadrumn e artatsolum ayl ayn axmuke vori mej shat djvar e mexedi gtnel. Tsavoq iharke