«Ցանկացած մարդ ունի 60-ից ավել հիվանդություններ, որոնց մասին չգիտի»,- ասում է Հայաստանի յոգայի ֆեդերացիայի նախագահը
[ 2009/08/17 | 16:36 ]
Հայաստանի յոգայի ֆեդերացիան հիմնադրվել է 2009 թ.: Ֆեդերացիան ունի յոգայի 3 ուսուցիչ և մոտ 50 անդամ, որոնք մասնակցում են յոգայի պարապմունքների: Յոգայի պարապմունքը բաղկացած է 3 մասից. սկզբում կատարվում են շնչառություններ, այնուհետև ասանաներ և մեդիտացիաներ: «Հետքի» հարցերին պատասխանում է Հայաստանի յոգայի ֆեդերացիայի նախագահ, յոգայի ուսուցիչ, յոգ Հակոբ Բաղդասարյանը:
Ի՞նչ է յոգան:
Յոգա բառը սանսկրիտի (սանսկրիտը հին հնդկերենն է, որ համարվում է լեզուների մայրը) «յուջ» բառից է ծագել, որն ունի մի քանի բացատրություններ: Դրա ամենադասական բացատրությունն է «միություն»: Այսինքն` մարդու ես-ը կապակցվում է տիեզերական անսահման էներգիայի հետ: Ի՞նչ միջոցներով ու ի՞նչ ձևով: Յոգան ունի 3 բաղադրիչ մասեր` ասանաներ, պրանայամաներ և մեդիտացիաներ: Մեդիտացիա բառը ես ընդհանրապես քիչ եմ օգտագործում: Բառը նշանակում է մտավարժանք:
Ի՞նչ է մտավարժանքը:
Մտավարժանքների շատ տեսակներ կան: Կան մեդիտացիաներ, որոնք մեր հոգեկան պրոցեսները ակտուալացնում են: Կան մեդիտացիաներ, որոնք ինչ-որ կրոնների հետ կապ ունեն: Ենթադրենք` բուդդիզմի մեջ և այլն: Ի դեպ, մեդիտացիայի հիմնադիրը եղել է հենց Բուդդան: Բայց այսօր կան աղբյուրներ, որոնք ասում են. «Իրենից առաջ էլ է եղել»: Բայց դրա հետ մենք կատեգորիկ կապ չունենք: Մենք ուսումնասիրում ենք կոնկրետ այն մեդիտացիաները, որոնք մարդուն պետք են գալիս առօրյայում, կենցաղում: Մեդիտացիան մեզ զերծ է պահում սթրեսներից, դեպրեսիաներից, նեգատիվիզմից և ամբիցիաներից:
Ինչպե՞ս է դրսևորվում մեդիտացիայով զբաղվելը:
Ուսուցիչը, ասենք, հրահանգներ է տալիս, ու դուք կատարում եք այդ հրահանգները: Ամենապրիմիտիվ մեդիտացիաներից է, որ դուք պատկերացնում եք, որ, ենթադրենք, շնչում եք: Թթվածինը, որն ամեն անգամ շնչելիս գալիս է ձեր քթի միջով, հոսում է ձեր ամբողջ մարմնի վրայով, դեղին է: Դեղին գույնը խորհրդանշում է էներգիան: Ու այդ էներգիան գալիս է ձեր ամբողջ մարմնով, և արտաշնչելիս դուրս է գալիս լրիվ ուրիշ գույնի էներգիա, ենթադրենք` մոխրագույն կամ սև: Դա արդեն ձեր բացասական էներգիան է: Դա շատ հասարակ մեդիտացիա է, որը փորձելիս արդեն օր-օրի նյարդային համակարգը հանգստանում է, դուրս են գալիս բացասական էներգիան, ագրեսիան և այլն:
Կան մեդիտացիաների տարբեր տեսակներ: Օրինակ` կան դինամիկ մեդիտացիաներ, որոնք կատարվում են պարի միջոցով: Կան նաև ստատիկ մեդիտացիաներ, որոնք լինում են հիմնականում նստած, պառկած վիճակում:

Մտավարժանքը ծագել է հին վեդայական գիտելիքներից: Իրենք բացատրում են, որ ինչ հիվանդություն ուզում է լինի, դու կարող ես քո մտքով բժշկել, որովհետև մարդու ուղեղի մեջ, մարդու նյարդային համակարգի մեջ հսկայական քանակով դեղատուն կա, որի մասին մենք չենք իմանում: Բայց երբ դա մենք կարողանում ենք մեդիտացիաների միջոցով բացել, դա բժշկում է մեր ցանկացած տեսակի հիվանդությունը, այն հիվանդությունները, որոնց փրկությունը այսօր մարդկային միտքը չի կարողացել գտնել: Կարող է զարմանալի թվալ, բայց մենք ունենք շատ դեպքեր, երբ մարդիկ շնչառությունների ու մեդիտացիաների միջոցով նույնիսկ ՍՊԻԴ են բուժել:
Հայաստանում կա՞ն նման դեպքեր:
Չէ: Դա եղել է (եթե չեմ սխալվում) Արևելքում` Հնդկաստանում: Շնչառական հատուկ տեխնիկա կա: Մի քանի հոգի փորձել են և այդ շնչառությունով բժշկվել են: Ու հետագայում էլի նույն բժիշկը հիվանդին ասել է, որ «այդ հիվանդությունը վերացել է»:
Յոգայի մասին կայքէջերում նշվում է, որ «յոգան ոչ թե պարզապես սպորտային կամ առողջարար վարժությունների համակարգ է, այլ գիտություն»: Ի՞նչ տեսակի գիտություն է յոգան: Կամ` յոգան գիտությու՞ն է, թե՞ ուրիշ բան:
Այն համարվում է կենսափիլիսոփայություն: Սովորեցնում է, թե ինչպես սնվես, վերաբերվես մարդկանց, ճիշտ շնչես, այդ մեդիտացիաներով ինչպես կարողանաս քո միտքը, ենթադրենք, կենտրոնացնել կոնկրետ մի օբյեկտի վրա: Յոգան ավելի բարդ է, քան սպորտը: Դու սպորտով կարող ես զարգացնել քո ֆիզիկական մարմինը, բայց սպորտով չես կարող ներթափանցել քո հոգեկան պրոցեսների մեջ: Բայց յոգան տալիս է ճիշտ շնչառության կատարման ձևերը, ասանաներ, որոնք թարգմանաբար նշանակում են «մարմնի ստատիկ դիրքեր»: Ցանկացած մարդ ունի 60-ից ավել հիվանդություններ, որոնց մասին ինքը չգիտի: Կարող է նաև հետագայում, եթե այդպես թողնենք հիվանդությունը (քանի որ չէինք իմանում դրա մասին), արդեն ինչ-որ մի տեղ զգանք, որ կա այդ պրոբլեմը: Բայց յոգան այդ հիվանդությունները` ներքին օրգանների հետ կապված, բուժում է:
Ասացիք, որ յոգան նաև սովորեցնում է մարդկանց հետ շփվել: Ըստ յոգայի` ինչպե՞ս պետք է շփվել մարդկանց հետ:
Այսպիսի խոսք կա. «Դուք այնպիսին եք, ինչպիսին ձեր մտքերն են»: Դրա համար, կան յոգայի տարատեսակներ, կան հին իմաստուններ, որոնք սովորեցնում են քեզ` ինչպես, ենթադրենք, քո մտքերը դիսցիպլինայի ենթարկես: Ինչպես վերաբերվես մարդկանց, նույն ձևով իրենք քեզ կվերաբերվեն: Յոգան դա էլ սովորեցնում է, որ քո միջից դուրս գա նեգատիվիզմը` փոխարինվելով դրական էներգիայով: Մեր պարապմունքների ընթացքում ես միշտ պայմանավորվում եմ իմ սաների հետ, որ, ենթադրենք, «էսօր անպայման դուք պիտի որևէ անծանթի ինչ-որ մի լավություն անեք»: Ու մյուս պարապմունքին իրենք բացատրում են, թե ինչ են արել: Տարբեր մարդիկ տարբեր բաներ են արած լինում: Կարող է մեկը ասել. «Ինչ-որ մուրացկանի շատ գումար եմ տվել»:
Որո՞նք են յոգայի գլխավոր նպատակն ու կարգախոսը:
Յոգան շատ կարգախոսներ ունի, որովհետև յոգաները շատ տարբեր են: Մոտավորապես 100-ից ավել տարատեսակներ կան: Իսկ յոգայի նպատակն այն է, որ քո միտքը, քո մարմինը և հոգեկան պրոցեսները բերես մի մակարդակի, որը նշանակում է հավասարակշռություն, հարմոնիա: Այսինքն` մարդկային միտքը առաջ չանցնի ցանկություններից և այլն:
Նշվում է, որ յոգան ունի 8 փուլ: Որո՞նք են այդ փուլերը:
Յոգայի առաջին համակարգողը եղել է Պատանջալին: Նա կազմել է յոգասուտրաներ: «Սուտրաներ» թարգմանաբար նշանակում է «աֆորիզմներ»: Պատանջալիի «Յոգասուտրա» գիրքը բաղկացած է 196 աֆորիզմներից: Պատանջալին յոգան դասակարգեց 8 աստիճանների: Այդ աստիճաններն են` յամա, նիյամա, ասանաներ, պրանայամա, պրատիահարա, դհարանա, դհիյանա, սամադհի: Յոգայի աստիճանները շատ-շատ նման են մեր քրիստոնեական պատվիրաններին: Մի քանի տարբերություններ կան, որովհետև յոգայի մեջ կան ասանաներ, շնչառություններ և այլն, որոնք չկան մեր կրոնում: Իսկ մեդիտացիան մոտիվացիաներով շատ նման է քրիստոնեական աղոթքին: Կան աղբյուրներ, որոնք «մեդիտացիա» բառը թարգմանում են նաև «աղոթք»:
Առաջին փուլի` յամայի մասին նշվում է, որ «բնութագրվում է որպես էթիկայի չափանիշներ, զսպվածություն, անձնական հիգիենա»: Թվարկվածները որևէ կերպ տարբերվու՞մ են այն զսպվածությունից, անձնական հիգիենայից, որոնք ունեն յոգայով չզբաղվող մարդիկ:
Միանշանակ տարբերվում են: Կան մարդիկ, որոնք յոգայով չեն զբաղվել, բայց, ասենք, զսպվածության հատկանիշը իրենց մոտ ցայտուն կերպով դրսևորվում է: Բայց յոգայով դու կարողանում ես ավելի մարզել ինքդ քեզ, որ կարողանաս ավելի զսպված լինել: Երբ մեդիտացիաների, շնչառությունների միջոցով մարմինը թուլանում է, նյարդային համակարգը հանգստանում է, այդ էներգիան գալիս է մարդկանց վրա, արդեն իրենք կարողանում են իրենց էմոցիաները զսպել:
Յոգայի վերջին` 8-րդ փուլի մասին նշվում է. «գերգիտակից, պայծառացման որակներով բնութագրվող վիճակ, որում մենք մերձենում ենք բնության տարերքների, Տիեզերքի հետ, ճանաչում ենք ինքներս մեզ»: Ի՞նչ է նշանակում «պայծառացման որակներով բնութագրվող վիճակ»:
Հիմա եթե ես ձեզ ասեմ. «Ինչ-որ միրգ եմ կերել, ենթադրենք` անանաս: Անանասը մերձարևադարձային միրգ է, էս ինչ համը ունի, էս ինչ վիտամինները ունի և այլն», Դուք, միևնույն է, չեք պատկերացնի` դա ինչ է, մինչև չվերցնեք, չկտրեք և չուտեք: Սամադհին նույն այդ վիճակն է: Տարբեր մարդիկ տարբեր ձևով են բնութագրում կոնկրետ այդ վիճակը: Դա հոգեվիճակ է: Ես մարդկանց հետ ստատիստիկա եմ արել, ու դա ես ինքս էլ եմ զգացել. երբ գալիս է այդ սամադհի վիճակը, կարող է` դու բնավորության ինչ-որ պայծառացած հատկանիշներ ձեռք բերես: Օրինակ, ենթադրենք` դու տանը նստած ես, մտածում ես ինչ-որ մեկի մասին, ու կարող է մի 5 րոպե հետո այդ մարդը քեզ զանգել:
Դա ուղղակի սովորական զուգադիպությու՞ն է, թե՞ յոգայի շնորհիվ է:
Զուգադիպություն չէ, որովհետև մի ժամանակ, ենթադրենք, ինձ հետ չի եղել նման բան, բայց երբ ես սկսել եմ յոգայով զբաղվել, արդեն սկսել է լինել:
Ութ փուլերն ավելի շատ սպո՞րտ, ֆիզիկական ակտիվությու՞ն են ենթադրում, թե՞ մտավարժանքներ:

Մտավարժանքներ: Յոթերորդ փուլը դհիյան է, որը թարգմանաբար «մեդիտացիա» է նշանակում: Դա այն վիճակն է, որի ժամանակ զգում ես, որ դու արդեն կարողանում ես ընկնել մեդիտատիվ վիճակի մեջ:
Փաստորեն, այս 8 փուլերի մեջ սպորտ չկար: Ի՞նչ դեր ունեն յոգայի մեջ սպորտը, ֆիզիկական վարժությունները:
Յոգայի ասանաները թարգմանաբար նշանակում են «մարմնի ստատիկ դիրքեր»: Այդ դիրքերն ավելի շատ նման են մարմնամարզական և ֆիզիկական վարժությունների: Յոգայի մեջ շատ տեսակներ կան, օրինակ` Կունդալինի յոգան կամ Աշտանգա յոգան, որոնք ներառում են արդեն սպորտային մարմնամարզություն: Այն ավելի հին է, քան սպորտը: Նույնիսկ ասում են, որ արևելյան սպորտաձևերի սկզբնաղբյուրները գալիս են յոգայից:
Ֆիզիկական վարժությունները մտավարժանքներից անջա՞տ են կատարվում, իրար հետ կապ չունե՞ն:
Ասանաները հիմնականում կատարվում են էլի մտավարժանքների միջոցով:
Յոգայի մասին տարբեր հայտարարություններում հաճախ նշվում է, որ «յոգան կրոնական ուղղվածություն չունի և չի առնչվում որևէ աղանդի հետ»: Ձեր ֆեդերացիայի հայտարարության մեջ էլ այդպիսի բան էր նշված: Ո՞րն է այս նախազգուշացման պատճառը:
Ինձ այնպիսի զարմանալի հարցեր է մեկ-մեկ տալիս մեր հայ ժողովուրդը, որ, իրոք, զարմանում եմ, որ էս 21-րդ դարում, երբ այսքան ինտերնետը ողողված է ինֆորմացիայով, ինձ հարցնում են. «Աղա՞նդ է, կրո՞ն է դա» և այլն: Նույնիսկ մարդիկ ասում են. «Եհովայի վկաների նման ինչ-որ մի բա՞ն է»: Հիմա ես բացատրեմ. յոգայի տարատեսակներ կան, որոնք, իրոք, կրոնական ուղղվածություններ ունեն: Կա Ագնի յոգա, կա Կրիշնիա և այլն, որոնք կոնկրետ յոգայի տեխնիկաներով զբաղվում են: Օրինակ` Ագնի յոգան համարում են աղանդ: Նույն կրիշնիա գիտակցությունը, որը մեզ բոլորիս ծանոթ է և այստեղ եկավ 80-ականների վերջին, 90-ականների սկզբներին, էլի աղանդ է համարվում մեր պետության մեջ:
Բայց այն, ինչը մենք ենք ուսուցանում ժողովրդին, ոչ մի կապ չունի ո’չ աղանդների, ո’չ միստիկաների, ո’չ կրոնի հետ:
Դուք յոգայի կոնկրետ ո՞ր տեսակն եք ուսուցանում:
Մենք հիմնականում ուսուցանում ենք Խաթխա յոգան ու Խաթխա յոգայի տարատեսակները: Շատ տեսակներ կան: Դա լինի Կունդալինի յոգա, Հոթ յոգա, Կրյա յոգա և այլն, նաև մեդիտացիաներ, պրանայամաներ: Պրանայամաները Խաթխա յոգայի բաղադրիչ մասերից են: Բայց կան նաև առանձին պրանայամաներ. երբ գնում ենք, ենթադրենք, բնության գիրկ ու շնչառություններով ենք զբաղվում:
Յոգան որևէ կրոն պարտադրու՞մ է, թե՞ ցանկացած կրոնի մարդ կարող է յոգայով զբաղվել:
Յոգայով զբաղվում են և’ քրիստոնյաներ, և’ մուսուլմաններ, և’ բուդդիստներ: Կոնկրետ այն ծրագիրը, որը մենք ենք սովորել և հանձնում ենք մեր սաներին, ոչ մի պարտադրանք չունի:
Կա՞ յոգայով զբաղվելու առավել նպաստավոր տարիք:
Եթե ցանկություն ունեն ուսումնասիրելու կոնկրետ յոգայի փիլիսոփայությունը, ցանկալի է` արդեն չափահաս լինեն: Իսկ ասանաները, շնչառությունները կարող են փորձել նաև 10 տարեկանից բարձր մարդիկ: Յոգան բոլորի համար է ստեղծված: Անկողնում պառկած ծերուկն էլ, որը հույս չունի, որ կլավանա, կարող է զբաղվել յոգայով ու զգալ յոգայի արդյունավետությունն ու նաև բժշկվել:
Բացի մարդկանց յոգա ուսուցանելուց` Յոգայի ֆեդերացիան գործունեության ուրիշ ուղղություններ ունի՞:
Այո: Օրինակ` մենք շատ նամակներ ենք գրել տարբեր կազմակերպությունների` թե’ միջազգային, թե’ տեղական: Եթե գտնենք հովանավոր, անդամալույծ կամ որբանոցների երեխաներին պիտի վերցնենք ու իրենց հետ էլ յոգայով զբաղվենք, ենթադրենք` բնության գրկում յոգա-տուրեր, էքսկուրսիաներ կազմակերպենք: Ցանկալի է, որ հովանավոր լինի: Եթե չլինի, մեր անդամավճարների միջոցով, իմ սեփական ներդրումների միջոցով ես պիտի անեմ դա:
Դուք նշեցիք յոգա-տուրերի մասին: Յոգայի ֆեդերացիայի հայտարարության մեջ նշվում է, որ այն կազմակերպում է յոգա-տուրեր` «Հայաստանի էներգետիկ կենտրոններ»: Որո՞նք են Հայաստանի էներգետիկ կենտրոնները:
Օրինակ` Գառնին, Գառնիի տաճարը:
Ինչու՞:
Յոգայով զբաղվողների լեզվով ասած` այնտեղ հսկայական քանակությամբ պրանա կա: «Պրանա» բառը սանսկրիտից թարգմանաբար նշանակում է «կյանք»: Դա տիեզերական կենսական էներգիա է: Պրանան կա նաև ջրի, օդի, սննդի մեջ: Բայց ամենաշատը գտնվում է օդի մեջ: Արևելյան գիտությունը արդեն գիտի` ինչ է պրանան:
Սովետի ժամանակներին արտասահմանից մարդիկ եկան, իրենք հատուկ մեքենաներ էին արտադրել, որոնցով կարողանում էին որսալ, թե որտեղ ավելի շատ էներգիա կա: Ծաղկաձորում էլ կա, Սևանում էլ օդի մեջ կա պրանան: Բայց այնտեղ ավելի քիչ է, քան Գառնիում: Ինչի՞ համար են մեր եկեղեցիները շարունակել կառուցել կոնկրետ տաճարների հիմքի վրա: Որովհետև կան կենտրոններ, որտեղ, իրոք, էներգիան ավելի շատ է: Օրինակ` երբ մենք Գառնիում կատարում ենք շնչառական վարժություններ, մի քանի անգամ ավելի ազդեցություն ունի օրգանիզմի վրա, քան եթե դա կատարենք, ասենք, Երևանում, որովհետև Երևանում էկոլոգիան շատ աղտոտված է, այդքան մեքենաներ կան և այլն:
Յոգայի ֆեդերացիայի հայտարարություններից մեկում նշվում է, որ մեդիտացիաների միջոցով կարելի է հաղթահարել սթրեսը: Ինչպե՞ս է հաղթահարվում սթրեսը:
Առանց սթրեսի` կյանք չկա: Եթե մենք մի օր ապրենք առանց սթրեսի, կմահանանք: Ինչքան տեխնոլոգիաները զարգանում են, այնքան զարգանում է նաև սթրեսների քանակը: Այդ սթրեսներից ձերբազատվելու հիմնական միջոցները համարվում են մեդիտացիաները: Ժամանակակից հոգեբանները, հոգեթերապևտները, հոգեբույժները կիրառում են որոշակի հոգեբանական տեխնիկաներ, ենթադրենք` հիպնոս և այլն: Բայց երբ ավելի խորքային ենք ուսումնասիրում դրանք, տեսնում ենք, որ այդ ամենը գալիս է յոգայից, շատ-շատ հին վեդայական գիտություններից, որոնք են մեդիտացիաները:
Երբ դու փորձում ես շնչառական վարժությունները, մեդիտացիաները, ասանաները, արդեն զգում ես, որ անկախ քեզանից` սկսում ես քիչ ջղայնանալ, քիչ դեպրեսիաների, սթրեսների և այլնի մեջ գտնվել: Ճիշտ է` թեև մենք յոգ ենք, բայց էլի մարդ ենք, ռոբոտ չենք: Բայց շատ հազվադեպ կարող ենք ջղայնանալ, որովհետև մեր նյարդերը արդեն դառնում են երկաթից:
Կա՞ վիճակագրություն, կամ Դուք անձնական դիտարկում արե՞լ եք, թե հատկապես ինչպիսի մարդիկ են զբաղվում յոգայով:
Իմ փորձից ելնելով` ասեմ, որ զբաղվում են հիմնականում այն մարդիկ, որոնք անհավասարակշռված բնավորություն ունեն` սթրեսային, ավելի շատ տագնապային, ջղայնացող մարդիկ: Զբաղվում են մարմնի քաշի պրոբլեմ ունեցող կանայք: Մենք ունենք դեպքեր, որ ողնաշարի հետ կապված պրոբլեմներով մարդիկ զբաղվել են յոգայով, և այդ ամեն ինչը վերացել է: Մենք չենք զբաղվում բժշկությամբ, մեր հիմնական նպատակը չենք դնում մարդկանց բժշկելը: Մերը յոգան է, որը ունի շատ-շատ բաղադրիչ մասեր: Բայց նաև բժշկում է:
Այդ մարդիկ հիվանդություններից բուժվել էին մեդիտացիաների՞ միջոցով:
Չէ, մեդիտացիաների, շնչառությունների և ասանաների: Եթե տարանջատեն շնչառությունները ասանաներից կամ մտավարժանքներից, դա չի լինի իսկական յոգա, այլ լրիվ այլ բան: Եթե զբաղվեն կոնկրետ մեդիտացիաներով, ապա դա կլինի ընդամենը մեդիտացիա: Եթե զբաղվեն միայն շնչառությամբ, ապա դա կլինի ընդամենը շնչառական ֆիթնես: Մեր պարապմունքները բաղկացած են 3 մասից: Սկզբում կատարվում են շնչառական վարժությունները, օրգանիզմը վերցնում է թթվածին: Դրանից հետո անցնում ենք ասանաների, հետո մեդիտացիաների` մտավարժանքների:
Հատկապես ո՞ր երկրներում են մարդիկ ամենից շատ յոգայով զբաղվում:
Հիմա ամբողջ Եվրոպան արդեն զբաղվում է յոգայով: Հետաքրքիրն այն է, որ կան շատ եվրոպական, ամերիկյան բուհեր, որ ֆիզկուլտուրայի դասաժամերը կրճատել են և սկսել են զբաղվել յոգայով: Բայց այն ծագել է Արևելքից` Հնդկաստանից:









Օգոստոս 20th, 2009 at 19:29
Շատ հետաքրքիր եվ բովանդակալից հարցազրույց էր. Ողջունում եմ Հայաստանում յոգայի ֆեդերացիայի գործունեությունը:
Օգոստոս 25th, 2009 at 21:49
mi kich erkar er, bayc shat lavn er:) mersi
Օգոստոս 26th, 2009 at 13:50
Շնորհակալություն հետաքրքիր հարցազրույցի համար:
ինձ հետաքրքրում է. ամեն ոք կարող է զբաղվել յոգայով և որտեղ և ինչ պայմանների դեպքում է հնարավոր մասնակցել պարապմունքներին?
Օգոստոս 27th, 2009 at 12:41
Ես ողջունում եմ յոգայի ֆեդերացիայի նախագահի գործնեությունը հայաստանւմ.Իմ համոզմունքն է նրանում,որ ցանկացաց ոգ այս ուսմունքի կարիքն ունի,նամանավանդ հայ մարդու:
Օգոստոս 27th, 2009 at 13:18
SHAT HOYAKAP MTKERER ARTAHAYTUM YOGA HAKOB@:: SHAT URAXEM VOR VERCHAPES HAYASTANUMEL BACECIN
Օգոստոս 27th, 2009 at 19:23
Շնորհակալություն ենք մաղթում կարծիքների համարվ`ֆեդերացիայի կողմից, իսկ եթե ցանկանումեք զբաղվել յոգայով Լիլիթ ջան զանգահարեք 094 80 80 40 կամ 094 49 88 80 հեռախոսահամարներով : դասերը անց են կացվում Հայաստան հանրախանութում Շեյպինգ զոնում բուսաբանական այգում և այլն
Օգոստոս 27th, 2009 at 23:35
Բոլորիտ շնորհակալություն կարծիք արտահայտելու համար:
Սեպտեմբեր 6th, 2009 at 22:33
MIAV varaki (yogi asats SPID-i) buzhman voch mi depq Yogai ardyunqum chi eghel. Mardn nman pataskhanatu haytararutyun aneluts togh lurj aghbyuri hghum ta…
Սեպտեմբեր 7th, 2009 at 18:00
zrucakic@ partavor chi qez hamar silkaner toxnelu ete qez anrajeshta informacya tvyal temayov xndri kasi vor sayterum pntreq… mti htp. shri shri ravi shankar. ru videoneri mej pntri khandipes
Սեպտեմբեր 8th, 2009 at 16:49
Ահա այստեղ կա ինֆորմացիա։ http://www.dancewithshadows.com/society/ramdoss-ramdev-aids.asp
Սեպտեմբեր 12th, 2009 at 00:11
Հարգելի պրն. Հ.Բաղդասարյան ես հիացած եմ Ձեր հարցազրույցով. Կարծում եմ, որ ՅՈԳԱՆ եղել է եվ միշտ կլինի առողջ եվ երջանիկ ապրելակերպի գրավական:
Յոգան հոգու եվ մարմնի ներդաշնակ երկխոսություն է, երկխոսություն, որը մարդուն տալիս է ինքնաստահության զգացում եվ տանւմ է դեպի ԻՆՔՆԱՃԱՆԱՉՄԱՆ:
Ի դեպ, կարծում եմ, որ ճիշտ կլիներ, որ Ֆեդերացիան ունենար նաեվ իր էլեկտրոնային կայքը:
Սեպտեմբեր 12th, 2009 at 00:12
Պարոն Բաղդասարյան ես 65 տարեկան եմ, կարող եմ արդյոք ես նույնպես զբաղվել Յոգայով:
Սեպտեմբեր 14th, 2009 at 07:36
Շնորհակալություն Սահակ : Յոգայով կարողեն զբաղվել 6 ից 65 տարեկան տղամարդիկ և կանայք, իսկ եթե սկսում եք 65 ից հետո , ապա ոչ մի խնդիր չկա յոգան բոլորի համար է , սկզբնական պետք է կատարեք թեթև վարժություններ իսկ հետո կավելացնեք : Զանգահարեք կզրուցենք 094 80 80 40
Նոյեմբեր 30th, 2009 at 18:14
При каких болезнях можно заниматься йогой?Поможет ли при бронхоэктазии ?
Դեկտեմբեր 6th, 2009 at 02:32
ayo yogan bujuma Marieta ete lrjoren zbaxveq dranov kapveq hakobi het zez kasi
Նոյեմբեր 1st, 2010 at 03:31
SHAT SHNORHAKAL EM, ES MEC INFORMACIYA STACA, JAMANAK UNENALU DEPQUM, HASTAT KAYCEL EM DZER KENTRON