«Մենք ինքնուրույն, վառ, ձեռներեց անհատականությունների ժողովուրդ ենք»

[ 2010/06/28 | 14:36 ]

ՀՀ Նախագահի նստավայրում այսօր կայացել է Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակի հանձնման արարողությունը: ՀՀ Նախագահի 2009թ. մրցանակը շնորհվել է  «Ինտել» կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն-տնօրենների խորհրդի նախագահ Քրեյգ Բարեթին: Նախագահ Սերժ Սարգսյանը հանձնելով մրցանակը` մասնավորապես ասել է.

«Հարգելի տեր և տիկին Բարեթներ,
Հարգելի տիկնայք և պարոնայք,
Ուրախ եմ ողջունելու Երևանում «Ինտել» կորպորացիայի երկար տարիների գլխավոր գործադիր տնօրեն եւ նախագահ պարոն Քրեյգ Բարեթին և տիկնոջը: Այսօր Երևանում առաջին ան¬գամ հենց պարոն Բարեթին ենք շնորհում Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար մեր մրցանակը:

«Ինտել» կորպորացիան և անձամբ ինքը` պարոն Բարեթը, ներկայացման կարիք չեն զգում: Յուրաքանչյուր մարդ, ում աշխատանքային օրն սկսվում է համակարգիչը միացնելով, քաջատեղյակ է այդ անուններին: Այս մրցանակը Հայաստանի Հանրապետության համեստ ներդրումն է համաշխարհային մակարդակով տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման գործում:

Սրանով մենք պատվում ենք դոկտոր Բարեթին և գնահատում «Ինտել» կորպորացիայի ներդրումը բարձր տեխնոլոգիաներն ու գիտելիքն աշխարհի բոլոր կողմերը հասցնելու գործում:

Տեղեկատվական տեխնոլոգիաների տարածման կարևորությունն իսկապես շատ մեծ է: Թերևս, ամենակարևոր ձեռքբերումներից մեկը տեղեկատվության եւ գիտելիքի մատչելիության ապահովումն է և համընդհանուր գրագիտության մակարդակի բարձրացումը: Այս երկու բնագավառներում տեղեկատվական տեխնոլոգիաները կատարում են իսկական հեղափոխություն:

Այս մրցանակի ստեղծման ամենակարևոր նպատակը տեղեկատվական տեխնո¬լոգիաների հանդեպ Հայաստանի երիտասարդության ուշադրությունը հրավիրելն է: Մենք խրախուսելու ենք նրանց ուսումն ու աշխատանքն այս ոլորտում, որոնելու և գտնելու ենք դրա համար անհրաժեշտ նոր ուղիներ եւ միջոցներ: Այսօր, պարոն Բարեթի ներկայությամբ, մեկ անգամ ևս մեր երիտասարդներին ուղերձ ենք հղում այն մասին, որ ապագան գիտելիքով, բարությամբ ու ստեղծագործելու հմտությամբ օժտված մարդունն է, ով ապավինում է մտքի ուժին ու տիրապետում լուծումներ գտնելու արվեստին:

Մենք ինքնուրույն, վառ, ձեռներեց անհատականությունների ժողովուրդ ենք: Դրա շնորհիվ ունենք տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի համար ամենաանհրաժեշտ կապիտալը` միտքն ու տաղանդը: Իսկ դրանք հրաշքներ են գործում, որովհետև ոչ մի դրամագլուխ կամ հոսքագիծ, կամ հա¬մակարգչային ծրագիր չի կարող գերազան¬ցել անհատ մարդ արարածի ստեղծագոր¬ծական հնարավորությունները: Այս բնագագվառում մենք ունենք զարգացման անսպառ ներուժ:

Հարգելի տիկնայք և պարոնայք,

Ուշագրավ է, որ պարոն Բարեթը չի սահմանափակվել զուտ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտով: Նրա կենսագրությունն ուսումնասիրելիս կնկատեք, որ նա հիմնական աշխատանքին զուգահեռ նաև ՄԱԿ-ի Տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների համաշխարհային դաշինքի նախագահն է եղել: Միևնույն ժամանակ, աշխուժորեն ներգրավվել է իր հարազատ երկրի` Ամերիկայի Միացյալ Նահանգների մի շարք ազգային ծրագրերի իրականացման գործում, աշխատել է ԱՄՆ-ի Նախագահին առընթեր խորհրդատ¬վական մարմինների կազմում:

Պարոն Բարեթին ներկայացնելիս մարդիկ հաճախ են նրան բնորոշում որպես աշխարհում ուսման բա¬րե¬լավման առաջավոր պաշտպան` մարդ, ով միշտ կարողացել է առաջ նայել ու պնդել, որ ապագան գիտելիքինն է:
Սա է մեր ժամանակների գործարարի իմ տեսլականը: Ես ուզում եմ, որ Հայաստանի գործարարները խորհեն այս օրինակի շուրջ: Իմ ցանկությունն է, որ այսպիսին լինեն նաեւ մեր երկրի բոլոր ձեռներեցները: Խոսքս բնավ զուտ բարեգործության մասին չէ: Խոսքս ընդհանուր առմամբ հասարակության առջև պատասխանատվություն ստանձնելու, երկարաժամկետ հանրային լուրջ վնասի վտանգի առաջ կանգնելու դեպքում, կարճաժամկետ ու անցողիկ շահույթից հրաժարվելու անհրաժեշտության մասին է: Խոսքս մեծ դրամի գայթակղություններին` ագահությանն ու մեծամտությանը չտրվելու մասին է: Ուրախ եմ ասելու, որ Հայաստա¬նում կան այսպիսի գործարարներ, և նրանք քիչ չեն: Իհարկե, մասշտաբը նկատի չունեմ, այլ` զուտ մոտեցումը:

Ես շնորհակալություն եմ հայտնում «Սինոփսիս» ընկերության Հայաստանի մասնա¬ճյուղին և նրա գլխավոր գործադիր տնօրեն Ռիչ Գոլդմանին. այս մրցանակի մտահղաց¬ման առաջին իսկ վայրկյանից «Սինոփսիսը» և անձամբ պարոն Գոլդմանն աշխուժորեն ներգրավվեցին այն իրականություն դարձնելու ուղղությամբ տարվող աշխատանքներին: Շնորհակալություն եմ հայտնում նաև մրցանակաբաշխության կոմիտեի համանախա¬գահներին, խորհրդատվական և գործադիր խորհուրդների  ու ընտրող հանձնաժողովի անդամներին, ինչպես նաև բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց լուման ներդրեցին այս ծրագիրը կյանքի կոչելու համար:

Հարգելի տեր և տիկին Բարեթներ,

Ուրախ եմ, որ դուք Երևանում եք: Հուսով եմ` այս օրերի ընթացքում դուք կկարողանաք ծանոթանալ Հայաստանին, մեր պատմությանը, մշակույթին եւ սիրել Հայաստանն ու հայ ժողովրդին: Իսկ մենք մշտապես սպասում ենք մեր բարեկամներին և պատրաստ ենք նրանց փոխանցել մեր սերը, հարգանքն ու ջերմությունը: Պարոն Բարեթ եւ տիկին Բարեթ, շատ ուրախ եմ այսօրվա համար եւ շատ շնորհակալ եմ ձեզ»:

Քրեյգ Բարեթը, Հայաստանի Հանրապետության Նախագահ կողմից ստանալով մրցանակը, ասել է. «Ինձ համար շատ հաճելի է այստեղ գտնվել եւ ներկայացնել արդյունաբերության մեր բոլոր ռահվիրաներին ու ջատագովներին, ովքեր ի սպաս են դնում հրաշալի տեխնոլոգիաներ: Հաճելի է Հայաստանում գտնվել` դառնալով Ձեր մրցանակի առաջին կրողը: Ես այստեղ եմ ոչ թե որպես անհատ, այլ` ներկայացնում եմ հազարավոր մարդկանց, ովքեր տասնամյակների ընթացքում մեծ նպաստն են բերել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում առաջընթացի հարցում եւ հասցրել են դրանք ներկայիս վիճակին»:

Քրեյգ Բարեթի խոսքով, տարիների ընթացքում մեծանում է տեղեկատվական տեխնոլոգիաների ազդեցությունը կյանքի բոլոր ասպարեզներում, մասնավորապես` այն խթանում է տնտեսական զարգացումը, մեծապես ազդում է կրթական, առողջապական ոլորտների վրա: Տեղեկատվական տեխնոլոգիաները նաեւ տարեցտարի ավելի մեծ դեր են խաղում ժամանակակակից կառավարման համակարգերի արդյունավետության եւ հրապարակայնության ապահովման գործում:

Մրցանակի հանձնման արարողությունից հետո, Նախագահ Սերժ Սարգսյանն առանձնազրույց է ունեցել Քրեյգ Բարեթի հետ, այնուհետեւ տեր եւ տիկին Բարեթների պատվին տրվել է ճաշ:

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակը հիմնվել է Նախագահ Սերժ Սարգսյանի 2009թ. հուլիսի 6-ի հրամանագրով` նպատակ ունենալով խրախուսելու այս ոլորտի զարգացումը: Մրցանակն ամենամյա է եւ շնորհվում է ՏՏ ոլորտում բացառիկ ներդրում կատարած անձանց, ում ներդրումները` տեխնոլոգիական, կրթական, կազմակերպչական, ֆինանսական կամ այլ բնույթի, բերել են կամ բերում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նշանակալի զարգացումների:

Մրցանակաբաշխության ծրագիրն իրականացվում է ՀՀ Նախագահի կողմից նշանակված մրցանակաբաշխության կոմիտեի եւ միջազգային ընտրող հանձնաժողովի կողմից: Մրցանակը բաղկացած է Հայաստանը եւ բարձր տեխնոլոգիաները խորհրդանշող ոսկե եւ ադամանդե մեդալից, դիպլոմից եւ հուշախորհրդանիշից:

Մրցանակաբաշխության ֆինանսավորումը կատարվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի եւ հովանավորի միջեւ կնքված համագործակցության հուշագրի համաձայն:
2009թ-ի ֆինանսավորումն իրականացվում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից` «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով

Print this page

One Response to “«Մենք ինքնուրույն, վառ, ձեռներեց անհատականությունների ժողովուրդ ենք»”

  1. Ռուբեն Says:

    …, որոնք շնորհիվ քո ու քո նմանների` վերածվել են անկարող ամբոխի…:
    Գոնե լռիր ու մեկ-մեկ էլ մտածիր` թե երկիրը ինչի հասցրեցիր:

Հայտնեք Ձեր կարծիքը՝