Ս. Տեր-Պողոսյանին կարող է սպառնալ առնվազն 7 տարվա ազատազրկում

[ 2011/04/07 | 11:06 ]

Ապրիլի 5-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց ԱԱԾ քննիչների միջնորդությունը եւ ԱՄՆ քաղաքացի, «Մեթըլ Փրինս» կորպորացիայի սեփականատեր Սերոբ Տեր-Պողոսյանի նկատմամբ կալանքի ժամկետը երկարացրեց երկու ամսով` մինչեւ հունիսի 9-ը:

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի 12-ին Ս. Տեր-Պողոսյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել «Սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելու» մեղադրանքով:

Ս. Տեր-Պողոսյանի շահերը ներկայացնող Օսաննա Մարկոսյանը «Հետքին» հայտնեց, որ բողոքարկելու է դատարանի վճիռը: Նրա կարծիքով` երկամսյա ժամկետը բավարար էր քննությունն ավարտելու համար:

Իրավապահ համակարգի «Հետքի» աղբյուրները հայտնում են, որ այս գործով բազմաթիվ  մանրամասներ են պարզվել, որոնք լրացուցիչ քննության կարիք ունեն: Մասնավորապես` աղբյուրներից մեկը հայտնում է, որ Ս. Տեր-Պողոսյանի համակարգիչներից մեկում (առգրավվել է 3 համակարգիչ) հայտնաբերվել է տեսագրության մի ֆայլ, որտեղ պատկերված է նրա բնակարաններից մեկում կատարվող սեռական գործողություն: Աղբյուրը ենթադրում է, որ տեսագրությունը կատարել է հենց Տեր-Պողոսյանը` պահարանի մեջ թաքցրած տեսախցիկով:

«Հետքը» նշել էր, որ իր տրամադրության տակ ունի Ս. Տեր-Պողոսյանի 20 զոհերի անունները: Սակայն պարզվում է, որ նրանց թիվը կրկնակի է: Կասկածներ կան, որ նախկին զոհերից կամ, ինչպես սիրում է ասել Տեր-Պողոսյանը, սանիկներից մի քանիսին օգնել է մեկնել արտերկիր: «Հետքի» աղբյուրը նաեւ տեղեկացնում է, որ Տեր-Պողոսյանի մեղադրանքը կվերաորակվի, եւ հնարավոր է` նրան մեղադրանք ներկայացնեն թրաֆիքինգի հոդվածով, որն առնվազն 7 տարվա պատիժ է նախատեսում:

Print this page

3 Responses to “Ս. Տեր-Պողոսյանին կարող է սպառնալ առնվազն 7 տարվա ազատազրկում”

  1. H.ana Says:

    Այստեղ էլ կուտը կերան … թրաֆիկինգի և ոչ թե սեռական ոտնձգության համար…իսկ գուցե մինչև հունիսի 9-ն էլ պարզվի, որ սանահայրը սուրբ է :

  2. arev Says:

    vojh te serakan, ayl MANKAPRCUTYAN , POKRER@ petq e pashtpanven orenqov,

  3. anri Says:

    de vonc USA-i qaxaqaciutiuny ytenc ban e kecce mer ardaradatutian “ardar” hamakargy

Հայտնեք Ձեր կարծիքը՝