Մեղվապահությունը նման է թմրամոլության
[ 2009/08/10 | 16:36 ]
«Սա մեզ համար գիտե՞ս` ոնց է: Նարկոտիկը ո՞նց է. որ մարդ մի անգամ օգտագործեց, երկրորդ անգամ էլ զգում է, չէ՞, կարիքը: Նույնը էս մեղվապահությունն է. որ մի անգամ մտնում ես մեջը, էդ քողը հագնում ես, նայում ես, երկրորդ անգամ արդեն հա ձգում է»,- մեզ հետ զրույցի ժամանակ ասաց մեղվապահ Հայկը:
«Ես ավելի մեղմ ասեմ` ձկնորսությանն է նման, որովհետև ձկնորսությունն էլ չեմ կարողանում թողնել»,- հավելում է Հայկի ընկերը` մեղվապահ Աշոտը:
Աշոտը և Հայկը մեղվապահությամբ են զբաղվում արդեն 15 տարի: Նրանք ապրում են Երևանում, բայց ամեն տարի ամռանը մեղուներին բերում են Սևանա լճի մոտ գտնվող անտառներից մեկը:
Մեղուների հետ աշխատանքը մեղվապահները սկսում են Երևանում` մարտ ամսից և ավարտում նոյեմբերի վերջին:
Աշոտը մասնագիտությամբ կոշկագործ է, աշխատել է կոշիկի ֆաբրիկայում:
«Աշխատում էի արտադրությունում: Արտադրությունը փակվեց: Դրանից հետո ստիպված եղանք զբաղվել սրանով, որովհետև եկամտի ուրիշ միջոց չկար: Էկավ էն պահը, որ գիտեք, չէ՞, դոկտոր պրոֆեսորը հաց ու ծխախոտ էր ծախում պատերի տակ: Արդեն ոչ կոմպետենտ մարդը անում էր ինչ ասես: Եվ էդպես մենք էլ զբաղվեցինք մեղվապահությամբ, և արդեն 15 տարի է` դրանով գոյատևում ենք, լավ թե վատ»,- ասաց պարոն Աշոտը:
Հայկը մի քանի մասնագիտություն ունի: «Յոթ տարի աշխատել եմ ատամնատեխնիկ: Մարդիկ մտնում էին, ասում էին. «Բժիշկ ջան, կարելի՞ է»: Էդ գործն էլ մահացավ: Դրանից հետո ուրիշ գործեր ձեռնարկեցի: Լավ ցեխեր եմ ունեցել` տրիկոտաժի, ժամացույցի: Հետո բուֆետապան եմ աշխատել, առևտրական եմ աշխատել: Ամեն մասնագիտության մեջ մտել-դուրս եմ եկել` ոսկի ձուլելով, ամեն, ամեն ինչ: Հիմի էլ, փառք Աստծու, արդեն կարողանում ենք յոլա գնալ»,- ասաց նա:
Հայկի խոսքերով` իր համար մեղվապահությունն առաջին հերթին հաճույք է, և ինքը չի սիրում Երևանի կյանքը, ամառային տաղավարներն ու գարեջուրը:
Իսկ ահա Աշոտի ընտանիքի համար մեղվապությունը նախ և առաջ ապրուստի միջոց է: Աշոտի խոսքերով` մեղրի վաճառքից ստացված եկամուտը, սակայն, շատ չէ:
«Օրվա վաճառվածը ծախսում ես, ոչ էլ հասկանում ես, թե ինչքան առար, ինչքան ծախսեցիր, որովհետև միշտ էլ, ինչքան առնես, հիմա չի հերիքում»,- ասում է Աշոտը:
Աշոտի կինը՝ Կարինեն էլ հավելեց, որ հիմա մարդիկ վճարունակ չեն, և իրենցից մեղր են գնում հիմնականում բուժման կարիք ունեցողները:
«Հազար ձևի դեղորայքներ են պատրաստում մեղրով: Դրա համար ստիպված, ոնց որ, ասենք, դեղորայքը պետք է առնի, մեղրն է առնում: Կամ` մարդ կա հրեաների նման է մտածում. «Բուժվեմ, որ չհիվանդանամ»: Մեր հայերը հիվանդանում են, նոր են սկսում բուժվել: Եթե մարդ մոտենում է դեղի համար մեղր ուզելու, փող չենք վերցնում»,- ասաց պարոն Աշոտը:
Անտառում` ինչպես տանը
Աշոտն ու կինը` երաժշտության ու սոլֆեջիոյի ուսուցչուհի տիկին Կարինեն, ամեն ամառվա երկու ամիսը անտառում են ապրում: Երբեմն նրանց հետ անտառ են գնում նաև թոռները: Իսկ Հայկը անտառում հիմնականում անցկացնում է շաբաթ և կիրակի օրերը. «Երևանում ուրիշ գործեր ունի», բայց սիրելի զբաղմունքից հրաժարվել էլ չի կարողանում:
Մեղվապահները անտառում ստեղծել են ապրելու համար բավարար պայմաններ: Հայկը քնում է իր վագոնում, իսկ Աշոտն ու Կարինեն` իրենց:
«Շատ հարմարավետ է, տաք: Չենք մրսում բոլորովին, որովհետև երկուսն էլ մեկուսացված է ցրտից, տաքից: Շատ լավ է»,- ասաց Աշոտը:
Մեղվապահները անտառի այս հատվածը և իրենց վագոնը տուն են անվանում:
«Ես նկարելու ձիրք ընդհանրապես չունեմ: Բայց էստեղ ոնց որ մարդ ուզում է նկարել. շատ գեղեցիկ տեսարաններ կան: Էստեղից ծովի տեսարանն է, որ նայում եք: Ձիրք չունեմ ընդհանրապես նկարելու: Բայց ոնց որ պատկեր նայես, նկարի մեջ նայես: Նայում ես էն սարին, կամ էն մի անկյունը, ծառերի տակ: Շատ լավ տեղ է սա»,- ասաց պարոն Աշոտը:
Անտառի այս հատվածը նպաստավոր է նաև մեղուների աշխատանքի համար:
«էս դաշտը էդքան շատ մեղր տվող դաշտ չի, բայց որակապես լավն է, որովհետև ալպիական գոտի է. էս բոլոր սարերում ծաղիկներ կան: Որ բարձրանաք վերև, կհիանաք. ընտի~ր-ընտի~ր ծաղկունք է: Ամեն տեսակի ծաղիկ կա: Մեղուն էս ամեն տեսակի ծաղիկի վրա նստում է»,- ասացին մեղվապահները:
«Հայկի մոտ»

Բացի իր վագոնից ու փեթակներից` Հայկը անտառում մի «սեփականություն» ևս ունի` տաղավար` «Հայկի մոտ»
ցուցանակով:
«Ես էստեղ չեմ էղել, մեր աշոտենք մտածել են` ի՞նչ նորություն անեն, ի՞նչ նորարարություն, որ հետաքրքիր լինի: Դե որ ճանապարհին գալիս ես, բոլոր տեղերը գրված է, չէ՞, «էսինչի մոտ», «էնինչի մոտ»: Դե, ես էլ շատ եմ հյուրեր ունենում: Մտածել են, որ կարելի է «Հայկի մոտ» գրել: Ու դա բոլորին դուր է էկել, իմիջիայլոց: Ու ամեն տարի դա հանում-տանում ենք, մյուս տարի բերում-կպցնում ենք»,- պատմեց Հայկը:
«Որոշեցինք ընկերոջս անակնկալ մատուցել: Նմանեցրինք ինչ-որ օբյեկտի: Ասինք` ինչի՞ համար կարող է լինել «Արտաշի մոտ», «Սոսի մոտ», իսկ «Հայկի մոտ» չի լինի: Իր ընկերները շատ են խումբ-խումբ գալիս: Մենք էլ որոշեցինք, որ գային, մի հատ անակնկալ լինի»,- ասաց Աշոտը:
Աշոտի խոսքերով` այս 15 տարվա ընթացքում իրենք որևէ խնդիր չեն ունեցել անտառում: «Մեզ ընդառաջում են: Մենք շնորհակալ ենք ղեկավարությունից: Մենք անտառը մաքուր ենք պահում, ոչինչ չենք քանդում, վնաս չենք տալիս անտառին: Դրա համար մեզ թողնում են»,- ասաց նա:
Մեղվապահը սովորում է մեղուներից
Առաջին անգամ Աշոտը 4 մեղվաընտանիք է գնել ընկերներից մեկից, ով էլ կոշկագործին մեղվապահություն է սովորեցրել:
«4 հատից սկսել եմ: Մի կերպ առել ենք, որովհետև շատ վատ ժամանակներ էին, ու սկսել ենք բազմացնել»,- ասաց Աշոտը:
Ներկայումս Աշոտն ու Հայկը ունեն մոտ 50-ական փեթակ: Իսկ թե ստույգ քանի՞ փեթակ ունի` նրանցից ոչ մեկը չգիտի:
«Հիմա դուք նայում եք` միանշանակ ասում եք. «Ինչ-որ մի արկղ է, էնտեղ դրված է, էլի»: Բայց մենք արդեն գիտենք մեջի քանակը ի՞նչ է, ո՞նց է: Հիմի դուք որ տեղերով էլ խառնեք, մենք փեթակի գույնով արդեն գիտեք` որը ինչ է»,- ասաց Հայկը:
Աշոտը կարդացել է, որ 1 կգ մեղր պատրաստելու համար մեղուն մոտ 2 մլն ծաղկի է այցելում: Հետևաբար, մեղվապահի խոսքերով` ինքը մեղուներից առաջին հերթին աշխատասիրություն է սովորել:
«Աշխատասիրություն: Ուրիշ էլ ի՞նչ է պետք: Դրանից լավ բա՞ն: Առանց աշխատանքի` մարդը ոչինչ է: Նորմալ մարդու համար առաջին նախապայմանը էն է, որ պետք է աշխատասեր լինել»,- ասաց նա:
Շատ մոտ` փեթակներին
Մեղվապահ Հայկը դեմքին է դնում քողը և մոտենում փեթակներին: Նա բացում է փեթակը և սկսում «ծուխ տալ» մեղուներին. ծխի ազդեցությունից մեղուները մի քանի րոպե չեն խայթում:
«Նայեք` էս բարակը: Սա կոչվում է մոմաթերթ: Մենք 10-12 օր առաջ սա դրել ենք: Ինքը բերել-գործել է էս բջիջները ու մեջն էլ լցրել է մեղրը: Սա 10-12 օրական մեղր է»,- ասում է Հայկը:
Մոմաթերթերը փեթակների մեջ են դնում մեղվապահները, իսկ մեղուները մոմաթերթի վրա բջիջներ են գործում, մեղր լցնում ու փակում:
«Արդեն պատրա՞ստ է մեղրը»,- հարցնում ենք Հայկին:
«Չէ, այ էսպես պիտի ինքը փակի բջիջները, նոր դա արդեն կոչվում է պատրաստ մեղր»,- պատասխանում է նա` հավելելով, որ եթե եղանակը լավ լինի, մոտ 10 օրից արդեն կարելի է մեղրը «քամել»:
«Աշ, էստեղ նայի, էն առաջվա տված մոմաթերթն է. հլը սրա քաշը նայի: 12 օրական մեղր է»,- Աշոտին է դիմում Հայկը:
Միակ կենդանին, որ չի ճանաչում իր տիրոջը
Մեղվապահների խոսքերով` մեղուն միակ կենդանին է, որ չի ճանաչում իր տիրոջը և խայթում է: «Օձը որ օձ է, իր տիրոջը էլի ճանաչում է: Բայց մեղուն չի ճանաչում»,- ասաց Հայկը:
«Կծում են էն պահին, երբ վտանգ են զգում: Հետո, իրենք հենց կծում են, սատկում են, որովհետև իրանց աղիքի ծայրին է փուշը. որ իրանք փուշը բաց են թողնում, աղիքը դրա հետ դուրս է գալիս»,- նշեց տիկին Կարինեն:
Իսկ ահա մայր մեղուները չեն կծում:
«Մայրը տարբերվում է: Մի քիչ ավելի երկարավուն ու գեղեցիկ է, շատ սիրուն տեսք ունի: Իսկական կանացիություն ունի ու կծելու հատկություն չունի»,- ասաց Աշոտը:
Մեղվապահները բացատրեցին, որ մեղուն կարող է օրական 5-10 անգամ թռչել, իսկ մայրը օրվա մեջ 7 կմ անցնում է միայն փեթակի մեջ: «Մի տեղ ձվադրում է անում, մի տեղ ստուգում է, մի տեղ կարգադրում է»,- ասաց Հայկը:
Մայր մեղուն 2-3 տարի է ապրում` ի տարբերություն «ամռանը գիշեր-ցերեկ աշխատող մեղվի», որի կյանքն ընդամենը 40-45 օր է: «Իսկ էն մեղուն, որը ձմեռվա սեզոն է գնում, չի աշխատում, միան ուտում է: Դրա համար նա ավելի երկար է ապրում: Կարող է 3-4 ամիս ապրել»,- ասաց Աշոտը:

«Տեսնու՞մ եք սա: Սրա մեջ կա մայրակաթ: Նայեք` այ էս կաթը»,- ասաց Հայկը` ցույց տալով սպիտակ հեղուկով լցված, արտաքինից ավելի մեծ բջիջը:
Նրա խոսքերով` մայրակաթը հիմնականում օգտագործվում է բժշկության մեջ` շատ դեղերի պատաստման համար, ու բավականին թանկ է: Մեղվապահներն ասացին, որ մայրակաթը բարձրացնում է իմունիտետը, օգտակար է տեսողության, ինչպես նաև ասթմայի բուժման համար:
Մայրակաթով լցված բջջից միայն մայր մեղու է ծնվում: Յուրաքանչյուր փեթակում կարող է միայն մեկ մայր լինել: «Մի տան մեջ որ երկու կին է լինում, արդեն սկսվում է խոսակցությունը, չէ՞: Այ, հիմի նույնը մեղուների ընտանիքում է»,- կատակեց Հայկը:
Որպեսզի փեթակում միայն մեկ մայր լինի, նոր ծնված մորը մեղուները սպանում են. թևերն են կրծում կամ փեթակից հանում, դուրս են գցում:
Հակառակ դեպքում մեղվապահներն իրենք են սպանում նոր ծնված մայր մեղվին, քանի որ նա «իր հասանելիք մեղուն վերցնում է ու բնից դուրս է գալիս, որ առանձին ընտանիք կազմի: Էդ ընթացքում արդեն մենք իրան պիտի հասցնենք բռնել»:
Մեղվապահների խոսքերով` իրենք հանգստանում են միայն ձմռանը, քանի որ այդ եղանակին մեղուները քնում են, «կծիկ են դառնում»:
Հաճախ պատահում է, որ ձմռանը ողջ մեղվաընտանիքը մահանա:
«Էն տարի իմ մոտ մոտ 30 ընտանիք հանգել էր: Իսկ 30 ընտանիքը մեծ գումար է անում` մոտավորապես 3000 դոլարից ավելի»,- ասաց Հայկը:
Մեղվապահները ամեն մի փեթակում 8-10 կգ մեղր են թողնում, որ մեղուները ձմռանը սնվեն: «Դրանով ինքը կերակրում է իր թրթուրներին, որպեսզի սերունդ լինի»,- ասաց Աշոտը:
Եթե մեղվապահը վերցնի այդ մեղրը, ուրեմն, Հայկի խոսքերով, «գենոցիդ ես անում»: «Իրոք, լրիվ իր հետագա սերունդը ոչնչացնելու ես` հանուն էդ 100-200 գրամ մեղրի: Էդ 100 գրամ մեղրի համար դու կարող ես ոչնչացնել մոտավոր մի 3000 մեղու: Իսկ դա մեղվապահը երբեք թույլ չի տա իրեն»:
Մեղուներն արթնանում են գարնանը:
Իսկ ամառվա այս շրջանը մեղուների «զարգացման կուլմինացիան է». մի փեթակում մոտ 7-8 հազար մեղու է զարգանում:
Հատկապես այս շրջանում մեղվապահներից առավել ուշադրություն է պահանջվում: «Կարող է ընտանիք առանձնանա-գնա, իսկ դա արդեն մեզ ձեռք չի տալիս, որովհետև և’ մեղր է տանում իր հետ, և’ կիսվում է ընտանիքը, փոքրանում է: Իսկ դրա համար անընդհատ, շուտ-շուտ նայել է պետք էս սեզոնին»,- ասաց պարոն Աշոտը:
«Իրենք գնում են մի ծառի ճյուղից կախվում են` իրար կպած, դառնում են ցանցի նման: Հավաքում ես, դնում ես ուրիշ փեթակի մեջ: Եթե ոչ` կորցնում ես: Քողերը դնում ենք, մոտենում ենք, էդ ճյուղը կամ թեքում ենք, եթե մոտիկ է, կամ կտրում ենք, բերում-դնում ենք փեթակի մեջ»,- ասաց տիկին Կարինեն:
Նրա խոսքերով` մեղուները զգում են նաև եղանակի փոփոխությունը և վատ եղանակ կանխատեսելու դեպքում արագ գալիս ու լցվում են փեթակները: «Իսկ ովքեր շատ են հեռու, թաքնվում են ծառերի տերևների արանքում, սպասում են` մինչև վերջանա, նոր վերադառնում են, որովհետև շատ հեռու են թռնում: Մենք տեսնում ենք, որ խմբերով ետ են գալիս: Արդեն գիտենք, որ անձրև կգա: Իրենք ոնց որ մեր եղանակի տեսության բյուրոն լինեն»,- ասաց տիկին Կարինեն:
Մեղվապահ Հայկի կարծիքով` «չնաշխարհիկ երևույթ» է մեղուների «ձագ տալու» պահը:
«Խաղողի ողկույզի նման կախվում են: Ամբողջը ամպի նման օդում հավաքվում են ու գնում մի տեղ նստում են: Այ, մի քիչ հետո ձագախաղ կսկսվի: Նոր դուրս եկած ձագերին սկսում են խաղացնել, սովորեցնում են թռչել: Գնում է ու արդեն ետ է գալիս իր փեթակ: Ընտելանում է իր փեթակին և’ գույնով, և’ տեսքով, ամեն ինչով, ու ետ է վերադառնում»,- «ձագախաղը» նկարագրեց Հայկը:

Տիկին Կարինեն ասաց, որ յուրաքանչյուր փեթակի մեղուն գիտի իր տեղը. «Գալիս մտնում է իր տեղը` բեռնավորված: Տեսնում ես` մեկը թևերի վրա հավաքել է մանուշակագույն ծաղիկներ, մեկը` դեղին, մեկը` սպիտակ: Տարբեր գույներով գալիս են»:








