Ազատության ձգտումը՝ հզոր Հայաստանի կերտման նախապայման

[ 2011/04/08 | 11:35 ]

«Եղբայրնե՛ր, դուք ազատությանն եք կոչված»:
Պողոս առաքյալ, Գաղ. 5:13

Նախաբան

Ավելի քան 19 տարի է՝ ինչ Հայաստանը հռչակել ենք անկախ պետություն և հնարավորություն ենք ստացել ինքնուրույնաբար տնօրինելու մեր ճակատագիրը: Սակայն մեր ժողովրդի և պետության ներկայիս ոչ բարվոք վիճակը հրամայական է դարձնում վերլուծելու ստեղծված իրավիճակը և բացահայտելու այն հիմնական պատճառները, որոնք կասեցնում են մեր ազգային առաջադիմությունը հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, լինի դա բարոյահոգեբանական, քաղաքական կամ թե ընկերային-տնտեսական բնույթի խնդիր:

Շատերը դա հիմնավորում են անբարենպաստ աշխարհագրական դիրքով, թշնամաբար տրամադրված հարևաններով, վերջին ժամանակներում նաև՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամով: Սակայն, կարծում ենք, որ մեր անհաջողությունների բուն պատճառը սուբյեկտիվ է և թաքնված է մեր մտածելակերպի ու հոգեբանության մեջ:

Իրողությունն այն է, որ հայ հասարակական կյանքում, ըստ էության, չի արմատավորվել ազգային գաղափարախոսության վրա հիմնված մտածելակերպի և հոգեբանության այն ճշմարիտ արժեհամակարգը, որը կապահովեր հասարակության ներդաշնակ զարգացումը: Մի՞թե կարող ենք ասել, որ մեր ժողովուրդն այսօր բավարար չափով ազատամիտ ու արդարամիտ է, օրինապաշտ և գաղափարապաշտ:

Եվ քանի որ մեր մեջ կա ազատամտության պակաս, ինքնաբերաբար դա պետք է դրսևորվեր նախևառաջ մեր պետության արտաքին հարաբերություններում: Ինչ խոսք, որ ազատամիտ ազգը միայն արտաքին հարաբերություններում արժանապատիվ կեցվածք ընդունելով կարող է շահեկան դիրքերում լինել:

Ո՞վ է մեր դաշնակիցը. հարց, որը քննարկումից դուրս է հանված

Ինչպես մարդկային հարաբերություններում է կարևորվում լավ ընկերներ, բարեկամներ ունենալը, նմանապես բոլոր ազգերն ու պետությունները մշտապես ձգտել են ձեռք բերել հզոր, հուսալի և հավատարիմ դաշնակիցներ: Բնականաբար, ամեն ազգ-պետություն, նախևառաջ հույսն իր վրա դնելով, ինքնուրույնաբար պետք է կերտի իր ապագան: Սակայն եթե իր դաշնակցի ընտրության հարցում նա սխալվի, ապա այդ սայթաքումը նրա համար ճակատագրական կարող է լինել:

Այսօր մենք Ռուսաստանին անվերապահորեն համարում ենք Հայաստանի ռազմավարական դաշնակիցը, սակայն երբեք պատմական, տնտեսական, քաղաքական տեսակետներից մասնագիտական վերլուծականներով չենք հիմնավորում այդ մոտեցումը և կասկածում Ռուսաստանի՝ մեր հանդեպ ունեցած բարեկամական տրամադրվածությանը: Այդ հարցադրումը մեր մեջ այնքան տարօրինակ ու զարմանալի է թվում, ինչպես, ենթադրենք, պետք կլիներ հիմնավորել մարդու կողմից օդ շնչելու անհրաժեշտությունը: Միանշանակ է, որ նման «արտաքին քաղաքական» կեցվածքը հիմնված է ոչ թե քաղաքական իրատեսական և կշռադատված հաշվարկների, հեռատես դիվանագիտության վրա, այլ բխում է նրանից, որ բավարար չափով ազատամիտ չենք:

Ըստ էության, Հայաստանը 19 տարի առաջ հռչակեցինք անկախ պետություն, սակայն հոգեբանորեն սովետական ժամանակների պես, մինչ օրս Ռուսաստանը համարում ենք մեր տիրակալը կամ թե «պահապանը»: Այնինչ անհրաժեշտ էր առողջ բանականությամբ պատմությունից դասեր քաղել, ինչպես նաև հաշվի առնել արդի աշխարհաքաղաքական զարգացումները:

Եղե՞լ է արդյոք մեզ համար անկախությունը կենսական անհրաժաշտություն

Անդրադառնալով մեզ և մեր պատմությանը՝ պետք է խոստովանենք, որ վերջին դարերում հայ ժողովուրդը հավաքականորեն երբեք չի ձգտել ազատության և անկախության: Պայքարն ուղղված է եղել միայն մեզ իշխողներին, ասել է թե՝ տերերին փոխելուն՝ ինքներս մեզ հանձնելով նրանց, որ նույնն է՝ բախտի քմահաճույքներին:

Մեկ դար ետ նայելով՝ տեսնում ենք, որ Թուրքիայում, որն արդեն իր տարածքում իրականացնում էր հայ ժողովրդի բնաջնջումը, բավարար ջանքեր չգործադրեցինք նրանից ազատագրվելու: Նույնիսկ 1915 թ. Մեծ Եղեռնից առաջ հայ շատ հայրենասեր կոչվող մտավորականներ և հասարակական գործիչներ Թուրքիային անվանում էին իրենց հայրենի երկիրը, իսկ երիտթուրքերին՝ հայրենի իշխանություններ:

Նմանապես ցարական Ռուսաստանի տիրապետության տակ գտնվող Արևելյան Հայաստանում բացակայում էր հայոց պետականության վերահաստատման ձգտումը, որտեղ նույնիսկ հայ եկեղեցին հպատակն էր Ռուսիո ցարին, և Հայոց կաթողիկոսն էլ պետք է ընտրվեր ցարի համաձայնությամբ:

Ավելի ուշ՝ 1917 թ. հոկտեմբերին, բոլշևիկյան հեղաշրջումից հետո, ռուսական զորքերը ետ քաշվեցին Հայաստանից և 1918 թ. մայիսին Սարդարապատում հաղթելով՝ Հայաստանը հռչակեցինք անկախ պետություն: Սակայն պետք է խոստովանենք, որ դա պարտադրված քայլ էր մեզ համար:

Իսկ մեր օրերում, երբ 1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեով հայ ժողովուրդը ձեռք բերեց պետականություն, դա ամենևին էլ ազգային-ազատագրական պայքարի արդյունք չէր, այլ որ ԽՍՀՄ-ն այլևս գոյություն չուներ, և սովետական բոլոր հանրապետությունները, կամա թե ակամա, պետք է ազատություն ձեռք բերեին: Հայաստանում մինչ այդ առկա էր Պարույր Հայրիկյանի առաջնորդությամբ գործող անկախական շարժում, որը ժողովրդի մեծամասնության կողմից աջակցության չէր արժանանում: Այն նույնիսկ հայ ավանդական կուսակցությունների կողմից թշնամաբար էր ընդունվում և որակվում որպես ծայրահեղական և անիրատեսական:

Եվ քանի որ մենք այս անկախության համար չէինք պայքարել, ապա դեռ տասը տարի առաջ պատրաստ էինք համազգային ստորագրահավաքով նորից միանալ Ռուսաստանին, ավելի ստույգ՝ Ռուսաստան-Բելառուս դաշինքային պետությանը: Սա նշանակում է, որ ժողովրդի և իշխանությունների համար անկախությունը չդարձավ գնահատելի արժեք: Ցավալի իրողություն է, որ ներկայիս հայ պաշտոնյաներից որևէ մեկը չի պայքարել հանուն անկախ Հայաստանի: Ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր նրանք միայն ընթանում են իրադարձությունների ետևից և ոչ թե առջևից:

Հետևապես՝ ամփոփելով վերոշարադրյալը՝ կասենք, որ մեր ազգային հոգեբանության մեջ ազատամտությունը և անկախ պետականության ձգտումն այսօր բավարար չափով առկա չեն:

Ի՞նչ է իրենից ներկայացնում Ռուսաստանը

Քանի որ ներկա ժամանակներում մեր մեջ ազատամտության բացակայությունը զուգորդվում է ռուսամետությամբ, ապա հարկ է նաև անդրադառնալ այն հարցին, թե ի՛նչ է իրենից ներկայացնում Ռուսաստանը՝ դիտարկելով այն անցյալի, ներկայի և ապագայի կտրվածքով:

Քննելով վերջին դարաշրջանը՝ տեսնում ենք, որ Ռուսաստանը մշտապես եղել է տիպիկ կայսրապետություն՝ ժողովուրդների բանտ, որտեղ առավել շատ, քան որևիցե այլ երկրում ոտնահարվել է ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը: Երբ Ռուսական կայսրությունը որոշակի արտաքին և ներքին գործոնների հետ կապված չի կարողացել վերահսկել ողջ կայսրությունը, ապա իրեն ենթակա ազգային տարածքների մի մասից հրաժարվել է, ինչպես եղավ 1917 թ. բոլշևիկյան հեղաշրջումից հետո, երբ նա մինչ այդ Առաջին աշխարհամարտի մասնակից կողմ էր, կամ թե 1991 թ. ԽՍՀՄ փլուզումից հետո: Սակայն որոշակի կայունություն ապրելով՝ Ռուսաստանն անհապաղ նորից ձգտել է այդ անկախացած տարածքներն իրեն միացնել կամ թե իր ազդեցության ոլորտում պահել:

1991 թ. ԽՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանից ամբողջովին անկախացան (խոսքը ոչ միայն դե յուրե, այլ նաև դե ֆակտո անկախության մասին է) բալթյան հանրապետությունները, հետո նաև՝ Վրաստանը, Թուրքմենստանը, Մոլդովան:

Ռուսաստանից կախվածության վերջին փուլն են ապրում և այդ երկրի հետ հարաբերություններում ավելի զգուշավոր են Ադրբեջանը, Ղազախստանը և Ուզբեկստանը: Այս երկրների անդամակցությունը ԱՊՀ-ին դեռ չի նշանակում, որ նրանք ռուսական կողմնորոշում ունեն: Ուկրաինան և Բելառուսը, ունենալով սլավոնական բնակչություն և ռուս բնակչության բարձր տեսակարար կշիռ, դեռ որոշակի կապվածություն կարող են ունենալ Ռուսաստանի հետ: ԽՍՀՄ նախկին հանրապետություններից Ռուսաստանից ավելի մեծ կախվածություն ունեն Տաջիկստանը, Ղրղըզստանը և առավելագույն չափով՝ Հայաստանը: Նկատենք, որ սրանք ԽՍՀՄ նախկին հանրապետությունների թվում այսօր ամենահետամնացն են:

Հարկ է նաև նշել, որ ներկայիս Ռուսաստանի Դաշնությունում առկա են տարածքներ, որտեղ մոտ ժամանակներս կարող են բռնկվել նորանոր ազգային-ազատագրական և անջատողական շարժումներ, և Ռուսաստանը կարող է կանգնել նորանոր տարածքներ կորցնելու վտանգի առջև:

Իսկ ինչո՞ւ են առաջադեմ ազգերը ջանում այլ դաշնակիցներ փնտրել: Պատասխանը հենց Ռուսաստանի մեջ է: Այս պետությունը, ինչպես արդեն նշեցինք, իրենից ներկայացնում է կայսրություն՝ միավորելով շատ ազգերի, հակառակ իրենց կամքի:

Հետևապես, Ռուսաստանում խոսք չի կարող լինել ազգերի ինքնորոշման և ընդհանրապես մարդու իրավունքների հարգման մասին: Եվ շատ կասկածելի է, թե մոտ ապագայում Ռուսաստանում կհաստատվի կայուն ժողովրդավարական հասարակարգ: Այս երկիրը չափից դուրս կոռումպացված է, որտեղ վիթխարի գումարներ, որոնք պետք է մուտք գործեն պետական բյուջե, մտնում են մասնավոր գրպաններ: Երկիրը չունի իր տարածքներին և բնական ռեսուրսներին համարժեք զարգացած մշակող արդյունաբերություն: Տնտեսության համախառն արտադրանքի ծավալով այն գտնվում է աշխարհի երկրների ընդամենը երկրորդ տասնյակում: Հիմնական եկամուտը պետությունը ձեռք է բերում նավթի և գազի արտահանումից:

Այս երկրում, ինչպես հարյուր տարի առաջ, այնպես էլ ներկայումս թիվ մեկ խնդիրը հարբեցողության խնդիրն է: Ռուսաստանում բնակչության թիվը գնալով նվազում է, և հատկապես ռուս բնակչության տեսակարար կշիռը:

Ռուսաստանը շահեկան դիրքերում կհայտնվեր, եթե չհակադրվեր Արևմուտքին, որը որոշակի պատրաստակամություն էր ցուցաբերում այդ երկրի տնտեսության զարգացման ուղղությամբ: Սակայն 2008 թ. օգոստոսյան դեպքերը և դրանցում Ռուսաստանի ճակատագրական սխալները կտրուկ փոխեցին իրավիճակը:

Ռուսաստանը, որը մի քանի տարի առաջ արյան մեջ էր խեղդել չեչեն ժողովրդի անկախության ձգտումը, հանկարծ որոշեց Վրաստանի ազգային փոքրամասնություններին պաշտպան կանգնել: Ռուսաստանի նախագահը հայտարարեց, թե իրենք դեմ են աշխարհի միակենտրոն դրվածքին և հանձինս Ռուսաստանի ձևավորում են երկրորդ բևեռը: Սակայն փոքր ժամանակ անց ինքն էլ հասկացավ, որ ծիծաղելի իրավիճակում հայտնվեց, քանի որ նրա հետ Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը ճանաչեցին միայն Նիկարագուան ու Վենեսուելան:

Դրանից հետո Արևմուտքի և նախևառաջ ԱՄՆ ռազմավարությունը Ռուսաստանի հանդեպ կտրուկ փոխվեց: Արևմուտքն ուշացումով հասկացավ, որ Ռուսաստանը նույն ծավալապաշտական նկրտումներով երկիրն է, և որքան շուտ «ռուսական արջը» ապաքինվի և զորեղանա, ապա մեծ խնդիրներ կարող է առաջացնել աշխարհի և քաղաքակրթության համար: Սակայն այժմ ակներև է, որ Ռուսաստանը ֆինանսատնտեսական զարգացման առումով մեծ հեռանկարներ չունի (որը միջազգային հարաբերությունների վճռորոշ գործոն է) և լուրջ մրցակցություն չի կարող ցուցաբերել Արևմուտքին, առավել ևս` դառնալ աշխարհաքաղաքական երկրորդ բևեռ: Միակ բանը, որին այսօր ունակ է Ռուսաստանը, իր միջուկային զենքով սպառնալ և լարվածության մեջ պահել աշխարհը:

Ռուսաստան-Հայաստան հարաբերություններ. ի՞նչ ակնկալիքներ կարող ենք ունենալ Ռուսաստանից եւ Արեւմուտքից

Ո՞վ կարող է լինել մեր վստահելի դաշնակիցը՝ Ռուսաստա՞նը, թե՞ Արևմուտքը: Այս հարցին ճշգրիտ պատասխանելու համար այն դիտարկենք ըստ համագործակցության ոլորտների:

Ռազմաքաղաքական համագործակցություն

Խոսելով Ռուսաստան-Հայաստան հարաբերությունների մասին՝ պետք է արձանագրել, որ դրանցում բացակայում է գործընկերության և փոխօգնության սկզբունքը, որում Հայաստանը ավելի շատ օգտագործվողի դերում է: Ռուսաստանը Հայաստանում տնօրինում է այն ոլորտները, որով մեր երկիրն իր ինքնիշխանությունը կորցնում է, այն է՝ հաղորդակցության ուղիներ, կապ, էներգետիկ միջոցներ և այլն:

Ռուսաստանի բուն նպատակը դրանով ոչ թե տնտեսական օգուտ քաղելն է, այլ Հայաստանին և նրա իշխանություններին քաղաքական կախվածության մեջ պահելը, որով Հայաստանը եթե ոչ գաղութային, ապա կիսագաղութային պետություն է: Այսօր Հայաստանը մտնում է Ռուսաստանի գլխավորած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ռազմական դաշինքի մեջ, որը միավորում է ԱՊՀ մի քանի երկրների:

Պատմությունը ցույց է տվել, որ Ռուսաստանը երբեք չի եղել որևէ ազգի ռազմական հուսալի դաշնակից: Եթե Հայաստանը, ենթադրենք, պատերազմի մեջ հայտնվի Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ, և նկատի ունենալով, որ վերջիններիս հետ Ռուսաստանը ջանում է հաստատել ջերմ հարաբերություններ, ապա միամտություն է կարծել, թե Ռուսաստանն այդ հակամարտությունում անվերապահորեն մեր կողմը կլինի: Բնականաբար, եթե Հայաստանը դառնա ՆԱՏՕ-ի անդամ, ապա ավելի ապահով վիճակում կլինի: Այն առավել հզոր ռազմական կառույց է և միավորում է երկրների, որոնք ավելի ժողովրդավար են և իրենց պարտավորությունների կատարման հարցում ավելի սկզբունքային:

Աշխարհաքաղաքական առումով Հայաստանը շահեկան դիրքերում կհայտնվեր, եթե Արևմուտք-Ռուսաստան՝ շատ դեպքերում արտաքուստ չարտահայտվող հակադրությունը  և լարվածությունը չլինեին: Բայց  դեռևս չի նշմարվում, որ  մոտ ապագայում այդպես կլինի:

Ժողովրդավարություն և օրինականություն

Քաղաքակրթության զարգացումը ցույց է տվել, որ առաջադիմել և զարգացել են այն ժողովուրդները, որոնք կարողացել են կառուցել ժողովրդավար պետություն և հաստատել նրանում օրինականություն: Եվ այս հարցում Հայաստանին ավելի շատ Արևմուտքն է սատարում, իսկ Ռուսաստանն ամենևին շահագրգռված չէ, որ մեր երկիրը դառնա ժողովրդավարական:

Ամեն անգամ, երբ Հայաստանում անցկացվել են անարդար ընտրություններ, առաջինը Ռուսաստանն է այն ճանաչել և ողջունել, իսկ Արևմուտքը դրանց տվել է ավելի օբյեկտիվ գնահատական: Եթե Եվրամիությանն անդամակցության համար ժողովրդավարությունը պարտադիր պայման է, ապա ԱՊՀ-ում դա քննարկման ենթակա հարց չէ:

Նկատի ունենանք նաև, որ Հայաստանում ժողովրդավարության, օրինականության հաստատման և կոռուպցիայի դեմ պայքարի ծրագրերին Արևմուտքն է փորձում աջակցել և հովանավորել, այլ ոչ թե Ռուսաստանը:

Ֆինանսատնտեսական ոլորտ

Քանի որ Ռուսաստանը Հայաստանին չի համարում իր գործընկերը, այլ հակառակը՝ դիտարկում է որպես իրենից կախյալ մի պետություն, ապա, բնականաբար, ոչ մի շահագրգռություն չի ցուցաբերի մեր երկրի տնտեսության զարգացման հարցում: Ցանկության դեպքում էլ նա այդ հնարավորությունը չունի, որովհետև իր տնտեսության զարգացման համար ինքը կարիք ունի այլ պետությունների աջակցությանը, մասնավորապես՝ մշակող արդյունաբերության համար նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը: Այդ առումով Հայաստանի համար շատ ավելի արդյունավետ կլինի Արևմուտքի հետ համագործակցությունը:

Հետաքրքիր մի փաստ. վերջին տարիներին Արևմուտքի երկրները ֆինանսապես անհամեմատ ավելի շատ են օժանդակել, անհատույց գումարներ տրամադրել Հայաստանին, քան Ռուսաստանը: Վերջինս այդ առումով էական օգնություն Հայաստանին չի հատկացրել: Ավելին՝ տրամադրվող վարկերի դիմաց Ռուսաստանը պահանջել է անհամեմատ ավելին, մասնավորապես հիշենք «Գույք՝ պարտքի դիմաց» գործարքը, որով Հայաստանի ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտներն անցան Ռուսաստանի ենթակայության տակ: Միանշանակ է, որ այս ամենով խոսք անգամ չի կարող լինել, որ Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ բարեկամաբար է տրամադրված: Համեմատության համար բերենք մի օրինակ. Չինաստանը մի քանի ամիս առաջ չեղյալ համարեց աֆրիկյան մի շարք հետամնաց երկրների` իր հանդեպ ունեցած պարտքերը՝ որպես մարդասիրական քայլ:

Արցախի հարց

Ռուսաստանի դիրքորոշումը Արցախի հարցում շատ պարզ է. նա ձգտում է իր ազդեցության ոլորտները վերականգնել Կովկասում և Ղարաբաղի հարցն օգտագործում է ի շահ իրեն՝ նրա միջոցով ճնշում գործադրելու Ադրբեջանի վրա՝ նրա արևմտամետությունը կասեցնելու նպատակով (ինչպես որ դա կիրառեց Վրաստանի դեմ) կամ հակառակը՝ ընդունելով ադրբեջանամետ կեցվածք՝ նրան իր կողմը գրավելու համար: Ամեն դեպքում Ռուսաստանը շահագրգռված չէր այդ հարցի վերջնական լուծման և տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու մեջ:

Սակայն նկատի ունենալով Թուրքիային սիրաշահելու Ռուսաստանի ջանքերը՝ իր նավթագազային ուղիներն այդ երկրի տարածքով անցկացնելու համար, պետք է ենթադրել, որ Ռուսաստանը կարող է Ղարաբաղի հարցում միանշանակ պաշտպանել Ադրբեջանի շահերը:

Հիշենք, որ Ռուսաստանի ղեկավարությունն ավելի քան մեկ տարի առաջ հայտարարեց, թե ընդունում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իսկ արտգործնախարարը հայտարարեց, թե Արցախի հարցը բացարձակապես անհամադրելի է Հարավային Օսիայի և Աբխազիայի հարցերի հետ, որպեսզի իրենք ճանաչեն նաև Արցախի անկախությունը: Վերջինս Երևանում նույնիսկ անկեղծորեն հայտարարեց, թե Ռուսաստանը Ադրբեջանի հետ հարաբերություններն այնքան է կարևորում, որ Ղարաբաղի հարցում դեմ չի գնա Ադրբեջանի շահերին:

Այս փաստերը ներկայացնելուց հետո անհեթեթ է Ռուսաստանին համարել մեր ռազմավարական դաշնակիցը: Իսկ մեր երկրի նախագահն էլ 2009 թ. ապրիլին Մոսկվայում կայացած Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց. «Ես շնորհակալ եմ Ռուսաստանից և անձամբ Ձեզանից, պարոն նախագահ, Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման մեջ Ձեր ունեցած ավանդի համար»:

Նկատի ունենանք, որ շատ մեծ ցանկության դեպքում էլ Ռուսաստանը չի կարող Արցախի հարցում մեզ սատարել: Եթե նա նույնիսկ ճանաչի էլ Արցախի անկախությունը, ապա աշխարհը, ի հեճուկս Ռուսաստանի, է՛լ ավելի կհակադրվի Արցախի անկախությանը, ինչպես  եղավ Հարավային Օսիայի և Աբխազիայի պարագայում: Իսկ եթե ծավալվեն պատերազմական գործողություններ Հայաստանի և Ադրբեջանի միջև, և Ռուսաստանը որոշի Հայաստանի ռազմական օգնություն ցուցաբերել, ապա այս անգամ Ադրբեջանին էլ համարժեք կերպով կօժանդակեն:

Իսկ ո՞րն է Արևմուտքի դիրքորոշումը Արցախի հարցում: Արևմուտքը ձգտում է հարցի արագ լուծմանը: Նրա շահագրգռությունն այդ հարցում էլ ավելի մեծացավ, երբ ընդունվեց Նաբուկկո գազատարը կառուցելու ծրագիրը, որը պետք է անցնի նաև Ադրբեջանի տարածքով: Բնականաբար, Արևմուտքն այսօր կպաշտպանի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Սակայն միանշանակ է, որ եթե մենք ժամանակին լինեինք Արևմուտքի հետ և մանավանդ մեր երկիրն էլ դարձնեինք այս տարածաշրջանի ամենաժողովրդավար ու օրինակելի երկիրը, ապա, բնականաբար, Արևմուտքի դիրքորոշումը կլիներ հօգուտ մեզ:

Հայ-թուրքական հարաբերություններ

Վերջին շրջանում շատ ենք խոսում հայ-թուրքական հարաբերությունների մասին և ջանում Թուրքիայի հետ հավասարը հավասարի հետ հարցեր լուծել՝ ցանկանալով, որ դրանք կարգավորվեն հօգուտ մեզ՝ առանց թուրքական նախապայմանների: Սակայն հստակ չենք գիտակցում, որ միջազգային հարաբերություններում շատ բան որոշվում է ուժերի հարաբերակցությամբ, և որ Թուրքիան երբեք չի հրաժարվի իր կոշտ կեցվածքից, եթե իր վրա չզգա ավելի հզոր պետությունների ճնշումը:

Այսօր Ռուսաստանը դեմ չի գնա Թուրքիայի շահերին, որովհետև վերջինս իր գլխավոր առևտրատնտեսական գործընկերներից է: Շուտով կսկսվի նաև Թուրքիայի տարածքով և նրա տարածքային ջրերով անցնող «Հարավային հոսք» գազատարի, իսկ փոքր-ինչ ավելի ուշ՝ նավթատար խողովակաշարի շինարարությունը, որով Թուրքիան կդառնա ռուսական վառելիքի արտահանման ամենակարևոր տարանցիկ երկիրը: Հետևապես, Ռուսաստանը մշտապես ձգտելու է Թուրքիայի հետ պահպանել առավել մտերիմ և բարեկամական հարաբերություններ:

Բնականաբար, Թուրքիայի վրա ավելի մեծ է Եվրամիության ազդեցությունը, քանի որ Թուրքիան, ձգտելով անդամակցել Եվրամիությանը, անընդհատ ենթակա է վերջինիս պահանջներին և պայմաններին, որոնցով պետք է կանխորոշվեն նրա մուտքը եվրոպական ընտանիք:

Անհրաժեշտ է նաև նկատի ունենալ, որ ռուս-թուրքական ջերմ հարաբերությունները այնքան էլ բարեհաճորեն չեն ընդունվում Վաշինգտոնում և մանավանդ որ Ռուսաստանը Թուրքիային օգտագործում է Նաբուկկոյին հակակշիռ ծրագրերի իրականացման մեջ: Հետևապես, Սպիտակ տունը, որոշակի խնդիրներ ունենալով Թուրքիայի հետ, կարող է հայանպաստ կեցվածք որդեգրել: Այսպիսով միանշանակ է, որ հայ-թուրքական հարաբերություններում մեր շահերն ավելի շատ համընկնում են ոչ թե Ռուսաստանի, այլ Արևմուտքի հետ:

Մեր ներկայիս կեցվածքը Ռուսաստանի եւ Արեւմուտքի հանդեպ

Մի առիթով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե որքան ուժեղ լինի Ռուսաստանը, այնքան էլ ուժեղ կլինի Հայաստանը: Սա հակառակ է ազատամիտ մտածողությանը, մանավանդ եթե նկատի ունենանք, որ Ռուսաստանը մշտապես եղել է ազգերի ինքնորոշման իրավունքը ոտնահարող կայսրապետություն: Էլ ո՞ւր մնաց Հանրապետական կուսակցության որդեգրած ազատամտության կոչող նժդեհյան գաղափարախոսությունը և ո՞ւր են դրա հետևորդ համարվող 130 հազար հանրապետականները:

Սակայն պետք է արձանագրել, որ սին ռուսամետություն դիտվում է ոչ միայն Հայաստանի իշխող վարչակարգի, այլև ոչ իշխանական քաղաքական կազմակերպությունների և ընդդիմադիր կոչվող ՀԱԿ-ի մոտ: Եվ կարծես թե բոլորը մրցավազքի են ելել, թե իրենց մեջ ո՞վ է առավել նվիրված Ռուսաստանին:

Այստեղ մենք մի փոքր ընդարձակ անդրադարձ կկատարենք 2009 թ. հունիսի 12-ին Մատենադարանի հարթակում կայացած հանրահավաքում Լ. Տեր-Պետրոսյանի ելույթին, որով նա Արևմուտքին դատապարտում է Սերժ Սարգսյանին հովանավորելու համար, միաժամանակ և գովաբանում է Ռուսաստանին: «Իսկ այժմ դառնանք Սերժ Սարգսյանի հզոր հովանավորին կամ «կռիշային»՝ մեր սիրելի Արևմուտքին… Հակառակ հռետորական դատարկաբանություններին, Արևմուտքի արտաքին քաղաքականության մեջ ժողովուրդ, ազատություն, արդարություն, ժողովրդավարություն հասկացություններ գոյություն չունեն…

Արևմուտքը ոչ թե հայ ժողովրդի, այլ Հայաստանի հանցավոր վարչախմբի, այսինքն՝ մարդասպանների, ավազակների և ընտրակեղծարարների բարեկամն է, և, որպես այդպիսին, ուղղակի մեղսակցություն ունի մեր երկրում տիրող ահավոր կոռուպցիայի, ժողովրդավարության և մարդու իրավունքների ոտնահարման երևույթների արմատավորման գործում… Որոշ արևմտյան դիվանագետներ ու քաղաքական գործիչներ երբեմն մեր երեսով են տալիս, որ խստորեն քննադատելով Արևմուտքին, մենք ոչ մի կծու խոսք չենք ասում Ռուսաստանի մասին: Բացատրեմ թե ինչու: Թե՛ նախագահական, թե՛ քաղաքապետարանական ընտրությունների ընթացքում Ռուսաստանը բացարձակապես չի խառնվել մեր երկրի ներքին գործերին» («Հայք» շաբաթաթերթ, 13 հունիսի 2009 թ.):

Սակայն ճշմարտությունը լրիվ հակառակն է. Հայաստանում տեղի ունեցած բոլոր անօրինական ընտրություններին մշտապես Ռուսաստանի դիտորդներն են դրական գնահատականներ տվել, և առաջինը Ռուսաստանի, այլ ոչ թե ԱՄՆ նախագահն է շնորհավորել և ողջագուրվել մեր «նորընտիր» իշխանավորներին: Լ. Տեր-Պետրոսյանի ընկերներն այսօր բանտից ազատ են արձակվել ոչ թե Ռուսաստանի ճնշմամբ, այլ Արևմուտքի պահանջով: Հետևապես, չպետք է մոլորության մեջ գցել և ստրկամտության ճիրաններում պահել ժողովրդին:

Ինչ վերաբերում է Արևմուտքին, ապա կասենք հետևյալը. երկրի վրա չկան կատարյալ հասարակություններ, պետություններ և կառավարություններ. դա կիրականանա միայն այն ժամանակ, երբ Քրիստոս երկրորդ անգամ երկիր վերադառնա: Սակայն ինչ վերաբերում է ժողովրդավարությանը, օրինականությանը, այլ ազգերին հարգելու պատրաստակամությանը, ապա Արևմուտքը տասնապատիկ առաջ է Ռուսաստանից:

Հետևելով հայաստանյան լրատվամիջոցներին՝ պարզորոշ երևում է, որ Արևմուտքն ավելի շատ ներկայացվում է բացասական գույներով, որոշ հեռուստաալիքներով մշտապես հակաամերիկյան և հականատօյական քարոզչություն է կատարվում, իսկ Ռուսաստանի մասին, իրոք, ինչպես ՀՀ առաջին նախագահն էր ասում, «ոչ մի կծու խոսք չի ասվում», թեկուզև այն որդեգրեր հակահայ կեցվածք: Եթե Արևմուտքը որոշակիորեն օգնում է Հայաստանին, ապա ժողովրդի մոտ տարածվում է այն կարծիքը, թե դա շահադիտական նպատակներով է արվում և նույնը չի ասվում Ռուսաստանի հասցեին: Մենք Ռուսաստանին ցանկանում ենք նվիրվել ավելի շատ, քան նա մեզ: Եվ ո՞ւր մնաց մեր ազգային արժանապատվությունը:

Մեր կեցվածքը մեր հանդեպ

Այսպիսով, եզրահանգումն այն է, որ մեր անհաջողությունների պատճառը իրոք որ բխում է մեր մեջ առկա ազատամտության պակասից: Վերոշարադրյալ մտքերը կարող են ոչ իրատեսական համարվել, ինչպես որ 20 տարի առաջ շատերն անկախ Հայաստանի գաղափարն էին անհեթեթություն համարում: Եվ պետք չէ մեծ իմաստություն ունենալ և հմուտ քաղաքագետ լինել՝ այս ճշմարտություններն ընդունելու համար, ուղղակի մենք մեզանից պետք է թոթափենք ստրկամտության շղթաները: Պետք է հրաժարվենք մեզ պարտադրված կեղծ բարեկամությունից և դաշնակից ընտրենք իրոք արժանավորին: Հակառակ դեպքում մեր ապագան այնքան էլ պայծառ և լուսավոր չի կարող լինել:Հետևապես, ազատության ձգտումն է առաջադիմության նախապայմանը, հակառակ դեպքում մենք նորից կհայտնվենք կոտրած տաշտակի առաջ և հավերժ կբողոքենք աշխարհից, մեր հարևաններից և, ի վերջո, մեր ճակատագրից:

Արսեն Պողոսյան

Print this page

Հայտնեք Ձեր կարծիքը՝