Տեղեկություններ չհրապարակող կառույցները վերածվում են փակ կառույցների
[ 2009/03/30 | 19:00 ]
Երբ քաղաքացին ծառայություն ստանալու համար դիմում է որեւէ պետական կառույցի, նրան առաջին հերթին հետաքրքրում է, թե ինչպես են մատուցվում ծառայությունները, եւ եթե դրանք վճարովի ծառայություններ են, ապա նաեւ` վճարի չափը: Եթե վճարները փակցված են լինում, եւ ծառայություններ մատուցողները դրանք նաեւ բարեկրթորեն մեկնաբանում են, քաղաքացին «թեթեւ սրտով» կատարում է համապատասխան վճարումը` հավատացած լինելով, որ երկրում գործում են օրենքները եւ ոչ թե որեւէ պաշտոնյայի ճաշակը կամ ցանկությունը:
Սակայն մեզանում հազվադեպ կարելի է հանդիպել նման գործելաոճի: Պետական ցանկացած կառույցի հետ ամեն մի շփում յուրաքանչյուրիս համար էլ ունի այն վտանգը, որ հանդիպելու ենք չինովնիկի, ով առիթը բաց չի թողնելու` լուրջ դեմքով ցույց տալու եւ վերահաստատելու իր իշխանությունը:
Ասվածի մեջ համոզվելու համար Գեղարքունիքի մարզի պետական արխիվում մեզ ընդամենը 30 րոպե անհրաժեշտ եղավ: Արխիվի վարիչը նախ բավական կոպիտ տոնով կարգադրեց փակել դուռը դրսում սպասողների առջեւ, ուր սպասողների համար, բնականաբար, աթոռներ չկային:
Գեղարքունիքի մարզի պետական արխիվը «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 12 մասնաճյուղերից մեկն է, որ գտնվում է մարզկենտրոն Գավառ քաղաքում, տեղակայված է Գեղարքունիքի մարզպետարանի վարչական շենքում: «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ն ունի նաեւ 29 տարածքային ներկայացուցչություններ Հայաստանի տարբեր քաղաքներում: Եվս 6 պետական արխիվներ եւ սպասարկման ծառայություններ կենտրոնացած են մայրաքաղաքում եւ գտնվում են ՀՀ տարածքային կառավարման նախարարության ենթակայության ներքո:
Անկախ իր կարգավիճակից` Գեղարքունիքի մարզի պետական արխիվը մեկն է հանրապետության 47 պետական արխիվներից, հետեւապես այստեղ դիմող քաղաքացին արխիվի մատուցած անվճար եւ վճարովի ծառայությունների մասին պետք է տեղեկանա տեղում, որտեղ պատշաճ ձեւով պետք է փակցված լինի որոշակի տեղեկատվություն:
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջով պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները, պետական հիմնարկները, բյուջեներից ֆինանuավորվող կազմակերպությունները, ինչպեu նաեւ հանրային նշանակության կազմակերպություններն ու դրանց պաշտոնատար անձինք պարտավոր են հրապարակել իրենց գործունեությանն առնչվող տեղեկությունները: Համաձայն օրենքի 7-րդ հոդվածի` արխիվում պետք է փակցված լինեն մասնավորապես`
- հանրության համար իրականացվող (իրականացման ենթակա) աշխատանքները եւ ծառայությունները,
- գրավոր հարցումների ձեւերը եւ դրանք լրացնելու վերաբերյալ խորհրդատվական ցուցումները,
- քաղաքացիների ընդունելության կարգը, oրը, ժամը եւ վայրը.
- աշխատանքների եւ ծառայությունների բնագավառում գնագոյացման կարգը, գները (uակագները),
- տնoրինվող տեղեկությունների ցանկը եւ դրանց տնoրինման կարգը:
Օրենքը պահանջում է նաեւ, որ նշված տեղեկությունները հրապարակվեն հանրության համար մատչելի ձեւով: Այսինքն` դրանք պետք է փակցվեն աշխատասենյակներից դուրս, պետք է լինեն ընթեռնելի, մատչելի բարձրության վրա, ինչպես նաեւ պետք է ապահովված լինի լուսավորվածությունը:
Սակայն Գեղարքունիքի մարզի պետական արխիվում այս տեղեկություններից եւ ոչ մեկը փակցված չէ: Արխիվի վարիչ Ալվարդ Ալմոյանը մատուցվող ծառայությունների դիմաց վճարների չափերի մասին տեղեկատվության բացակայությունը հիմնավորում է տարածքի վերանորոգման աշխատանքներով եւ նշում է, որ մինչեւ 2009 թ. հունվարի 20-ը դրանք մշտապես փակցված են եղել իր աշխատասենյակում: Իսկ ներկայումս քաղաքացիներին ինքն անձամբ է հայտնում ծառայությունների գները: Այն հարցին, թե որ ծառայություններն են մատուցվում անվճար, Ա. Ալմոյանը դժվարությամբ մի քանի տող ընթերցեց իր առջեւ դրված թղթից:
Զարմանքով տեղեկացանք, որ Գեղարքունիքի մարզի արխիվում 2008 թ.-ին հիմնականում անվճար ծառայություններ են մատուցվել: Անցնող ամբողջ տարվա ընթացքում մարզի արխիվ են դիմել 532 քաղաքացիներ եւ իրավաբանական անձինք, որոնցից միայն 23-ին են մատուցվել վճարովի ծառայություններ: Դրանց դիմաց գանձվել է 90 հազար դրամ վճար:
Հայաստանի արխիվային ֆոնդի` պետական եւ գերատեսչական արխիվներում պահպանվող փաստաթղթերի օգտագործումը, ինչպես նշված է ՀՀ արխիվային գործերի վարչության կոլեգիայի 12.06.96 թ. թիվ 4 որոշմամբ սահմանված կարգում, «հիմնականում անվճար է»: Իսկ արխիվների կողմից մատուցվող լրացուցիչ ծառայությունները ենթակա են վճարման: Վճարովի ծառայությունների ցուցակը եւ կարգը ներառված են վերոհիշյալ կարգի երկու հավելվածներում: Նույն կարգում նաեւ նշված է, որ վճարովի ծառայություններից ստացված գումարն իրացվում է ինքնածախսածածկման համար:
ՀՀ Կառավարության 22.08.02 թ. գ1406-Ն որոշմամբ կենտրոնական պետական արխիվները եւ դրանց սպասարկման ծառայությունը միաձուլման ձեւով վերակազմակերպվել են որպես «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ: ՊՈԱԿ-ը, իր կանոնադրության համաձայն, հաստատել է կազմակերպության ձեռնարկատիրական գործունեությամբ իրականացվող ծառայությունների դիմաց վճարման չափը եւ կարգը: Այդ տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ Հայաստանի ազգային արխիվի կայքում` http://www.armarchives.am/am/content/201/:
Սակայն 2008 թ. ընթացքում Գեղարքունիքի մարզային արխիվ դիմած 532 քաղաքացիներից եւ իրավաբանական անձանցից քանիսի՞ն է հասանելի եղել այս ինտերնետային կայքը: Եթե հավատանք արխիվի վարիչ Ալվարդ Ալմոյանի խոսքին, այդ ժամանակամիջոցում իրենց ծառայությունների դիմաց վճարման չափի եւ կարգի մասին տեղեկությունները փակցված են եղել: Սակայն հավատալը իրավական կատեգորիա չէ, ուստի մնում է փաստել, որ իրենց գործունեությանն առնչվող, հատկապես անվճար ու վճարովի ծառայությունների մասին տեղեկություններ չհրապարակող (թաքցնող) կազմակերպությունները հանրության համար պարզապես վերածվում են փակ կառույցների:








