Վճռաբեկ դատարանի նախագահը վերադարձել է Ստրասբուրգի գիտաժողովից

[ 2009/02/03 | 18:19 ]

Հունվարի 29-ից մինչև փետրվարի 1-ը Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Ժան Պոլ Կոստայի հրավերով պաշտոնական այցով մեկնել էր Ֆրանսիայի Հանրապետության Ստրասբուրգ քաղաք` մասնակցելու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 50-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված գիտական կոնֆերանսին, որին մասնակցում էին բոլոր անդամ պետությունների ազգային դատարանների ներկայացուցիչները:

Գիտական կոնֆերանսի նպատակն էր` ընդգծել Եվրոպական դատարանի համագործակցության և պարբերաբար իրականացվող երկխոսության կարևորությունը ոչ միայն ներպետական բարձրագույն դատական ատյանների, այլև միջազգային դատարանների հետ: Կոնֆերանսի ընթացքում կարևորվել է այն հանգամանքը, որ միջազգային իրավունքի զարգացումը հանգեցրել է մի շարք դատարանների ստեղծմանը, որոնց գործառույթն է միջազգային իրավունքի տարբեր ճյուղերի արդյունավետության ապահովումը: Միջազգային դատարանների արդյունավետ համագործակցության օրինակ է ՄԱԿ-ի միջազգային դատարանի և Ստրասբուրգի դատարանի միջև իրականացվող երկխոսությունը, որը կրում է մշտական բնույթ:

Բացի այդ, կոնֆերանսի ընթացքում քննարկվել են մի շարք դատական գործեր, որտեղ միջազգային դատարաններն ընդօրինակել են միմյանց նախադեպերն ու դատական պրակտիկան: Նաև ներկայացվել են դատական գործեր, որոնցով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կիրառել է Համաամերիկյան դատարանի, Միջազգային քրեական դատարանի պրակտիկան:

Կոնֆերանսի աշխատանքների արդյունքում մասնակիցների կողմից ընդգծվել է, որ 21-րդ դարում միջազգային իրավունքն իրենից ներկայացնում է իրավունքի համագործակցող համակարգերի ամբողջական ցանց: Չնայած այդ համակարգերն ունեն իրենց սեփական ներքին տրամաբանությունը, դրանք չեն կարող չլինել փոխկապակցված: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկան ցույց է տալիս, որ նա ճանաչել է այդ պահանջը: Մասնակիցները փաստել են նաև, որ նման կոնֆերանսները հնարավորություն են ստեղծում վերագնահատել արդեն իսկ առկա կապերը և զարգացնել նոր հարաբերությունների ստեղծման հնարավորությունները,-տեղեկացնում է ՀՀ վճռաբեկ դատարանի մամուլի բաժինը:

Print this page