Հեղինակի Արխիվ

Վ. Խաչիկյան. «Ախթալան պիտի լինի Լոռու մարզի ամենաօրինակելի համայնքը»

[ 13 Հոկտեմբերի, 2008 | 00:00 ]

Վ. Խաչիկյան – Ես շարունակում եմ մնալ ՀՀԿ խորհրդի անդամ եւ դրանով իսկ շարունակում եմ լինել ակտիվ քաղաքականության մեջ:

– Ի՞նչ կասեք հոկտեմբերի 19-ին Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի ՏԻՄ ընտրությունների ընթացքի մասին, մանավանդ, որ դուք այստեղ որոշակի դերակատարություն ունեք:

Վ. Խաչիկյան – Պետք է ասեմ, որ հանրապետական երկու` խորհրդարանական եւ նախագահական ընտրություններից հետո ՏԻՄ ընտրություններն իրենց նշանակությամբ ժողովրդի համար ամենից կարեւոր ընտրությունն են, եւ կուզենայի ասել` մեր տարածաշրջանի համար նաեւ ինչ-որ առումով վճռական, որովհետեւ 1996 թ.-ից ի վեր, թերեւս, այսքան թեժ ընտրություններ եւ այսքան սուր պայքար Թումանյանի տարածաշրջանում երբեւիցե չեն եղել:

Ընդ որում` պայքարը ոչ այնքան քաղաքականացված է, որքան որ տեղական հիմնախնդիրները լուծելու արդյունք: Կարելի է ասել, որ մենք առաջին անգամ ենք ականատես լինում ընտրական պրոցեսում ժողովրդի այսքան մեծ ներգրավվածության:

- Չե՞ք կարծում, որ ընդդիմության` ՏԻՄ ընտրություններին չմասնակցելը, բազմաթիվ այլ բացասական ազդեցությունների հետ, խարխլում է Ձեր կուսակցության հիմքերը: Այսօր Թումանյանի տարածաշրջանի ՏԻՄ ընտրություններին մասնակցող 26 համայնքներում առաջադրված 58 համայնքապետի թեկնածուներից 27-ը Հանրապետական կուսակցության անդամներ են, 26-ը` անկուսակցականներ, 2-ը` ՀՅԴ-ից եւ 3-ը` ԲՀԿ անդամներ: Առանձին համայնքներում համայնքապետի պաշտոնի համար միմյանց դեմ թշնամական մթնոլորտում պայքարում են հանրապետականները: Ինչու՞ այդ հարցերը կուսակցության ներսում չեն կարգավորվել: Անշուշտ, դա հակասություններ է ստեղծում:

Վ. Խաչիկյան – Չեմ ուզում այդպես գնահատել, որովհետեւ լավագույն դատավորը ժողովուրդն է, եւ ժողովուրդը իր տված քվեով է որոշում: Եթե մենք գնայինք այն ճանապարհով, որ իմպերատիվ կերպով մեր կուսակցությունը որոշեր այս կամ այն թեկնածուին, կստացվեր, որ ժողովրդի կարծիքը հաշվի չի առնվում:

Ինչ վերաբերում է այս ընտրություններին ընդդիմության ներգրավվածությանը, սա ես ընդամենը փաստ եմ ասում, ոչ գնահատական, իրողությունն այն է, որ, դժբախտաբար, կուսակցությունների մեծ մասը` ընդդիմադիր եւ նաեւ կոալիցիայի մեջ ներգրավված կուսակցությունները, գրեթե բոլորը չունեն տարածքային կայացած կառույցներ, չեմ ուզում խորանալ դրա պատճառների մեջ, թե դա ինչի հետեւանք է:

– Դուք ծնվել եւ մեծացել եք Ախթալա քաղաքում, ինչպե՞ս եք գնահատում Ախթալայի սոցիալ-տնտեսական ներկա վիճակը եւ տեղական ինքնակառավարումը:

Վ. Խաչիկյան - Ներկայումս Ախթալան հանրապետության այն բարեկեցիկ համայնքներից է, որտեղ, ըստ էության, զբաղվածության խնդիրն ավելի շատ է լուծված, քան թե հայաստանյան շատ այլ համայնքներում: Ախթալան ունի մոտ 2500 բնակիչ, որից շուրջ 500-ը աշխատում է հանքերում ու ֆաբրիկայում, եւ տղամարդկանց զբաղվածության հետ կապված` մենք խնդիրներ չունենք:

Փառք Աստծո, վերջին տարիներին էլ ՀՀ կառավարությունը մի շարք ծրագրեր է իրականացրել, այդ թվում` դրանցից լուրջ բաժին է հասել նաեւ Ախթալային: Դա մինչհամայնքային ճանապարհի նորոգումն էր, Ախթալայի գազաֆիկացունը եւ թիվ 1 միջնակարգ դպրոցի վերանորոգումը:
Այսօր, անշուշտ, կան այլ խնդիրներ, որոնց մի մասն առնչվում է ՏԻՄ-ի իրավասություններին: Մենք գտնում ենք, որ Ախթալայի քաղաքապետարանը պետք է ավելի ակտիվ եւ նախաձեռնող լիներ այն խնդիրների լուծման մեջ, որ կային` դրված համայնքի առջեւ: Դժբախտաբար, այդ խնդիրների ցանկը, որ կապված են եղել Ախթալայի համայնքապետարանի հետ, սա իմ անձնական կարծիքն է, որ հնարավոր է` չեն կիսում իմ համաքաղաքացիները կամ Ախթալայի համայնքապետարանի աշխատակիցները, ըստ իս, այնքան էլ լավ չի լուծվել:

Խոսքը վերաբերում է Ախթալայի սանմաքրմանը, բնակելի շենքերի տանիքների եւ շքամուտքերի դռների, ճանապարհների վերանորոգմանը, փողոցների լուսավորվածությանը եւ մի քանի այլ խնդիրների, որոնք ուղղակի քաղաքապետարանի իրավասությունների մեջ են մտնում եւ տարիներով չեն լուծվել: Դրանով է նաեւ պայմանավորված, որ ես հոկտեմբերի 19-ի ընտրություններին պաշտպանում եմ այլ թեկնածուի:

– Խոսքը ձեր եղբոր մասին է: Ի՞նչ շարժառիթներով առաջնորդվեցիք ձեր եղբորը Ախթալայի համայնքապետի թեկնածու առաջադրելիս:

Վ. Խաչիկյան – Երկու հիմնական շարժառիթով: Առաջին` նախ ժողովրդի ցանկությունն էր, որ վերջապես Ախթալան ունենա մի այնպիսի համայնքապետ, որը կլինի սրտացավ Ախթալայի առջեւ ծառացած խնդիրների հանդեպ: Վերջին 12 տարիների ընթացքում, սա իմ գնահատականն է, գործող համայնքապետի կողմից նման սրտացավություն չի դրսեւորվել:

Երկրորդ մեծ խնդիրն էլ կա: Գաղտնիք չէ, որ այն համայնքները, որտեղ համայնքաստեղծ ձեռնարկություններ կան, ընդունենք, ինչպես Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատը, ցանկալի կլիներ, որ ուղիղ կապ լիներ քաղաքապետարանի եւ համակարգաստեղծ գործարանի հետ, որը եւս չկա: Դա խանգարում է համայնքի կենսական խնդիրների լուծմանը:

Մենք գտնում ենք, որ Ախթալայում պետք է թարմություն, նոր ուժ եւ, որ պակաս կարեւոր չէ, գտնում եմ, որ քաղաքապետը պետք է լինի անձ, որը ունենա թիմ, առանց որի միայնակ հնարավորություն չի ունենա լուծելու համայնքի առջեւ ծառացած խնդիրները: Գտնում ենք, որ մեր թիմը ավելի լավ կարող է լուծել համայնքի առջեւ ծառացած խնդիրները, քան գործող քաղաքապետի թիմը:

– Ովքե՞ր են մտնում Ձեր թիմի մեջ:

Վ. Խաչիկյան – Մեր թիմի մեջ մտնում են բոլոր այն մարդիկ, ովքեր այս ընտրություններին մեզ ակտիվ աջակցում են, դրանց թիվը բավականին մեծ է: Դա մեր քաղաքի մտավորականությունն է` ի դեմս ուսուցիչների, տարբեր գործարարներ են, մարդիկ են, ովքեր Ախթալայից դուրս են եւ պատրաստ են օգնել Ախթալային: Դրանք եւ նախկին ախթալացիներ են, որոնք շահագրգռված են, որ Ախթալան լինի շեն եւ բարեկեցիկ համայնք: Թիմի հետ կգործի, ինչու չէ, նաեւ այն անձնական կապերը, որ մենք ձեւավորել ենք այս տարիների ընթացքում: Պիտի նշեմ, որ Ախթալայում որոշ խնդիրներ, ես դա չեմ ուզում թաքցնել, նաեւ եղել են մեր անձնական նախաձեռնությունների եւ անձնական խնդրանքների հաշվին:

– Ո՞ր կենսական խնդիրներն են Վազգեն Խաչիկյանի անձնական միջամտությամբ լուծվել Ախթալա համայնքում:

Վ. Խաչիկյան – Անհամեստություն կլինի, որ ես սկսեմ թվարկել եւ, ըստ իս, դուք որպես լրագրող այդ հնարավորությունն ունեք հարցնելու համայնքի բնակիչներին, թերեւս նրանք կթվարկեն: Ես անհամեստ մարդ չեմ, որպեսզի թվարկեմ, բայց երբ ես Ախթալային վերեւից նայում եմ, չկա մի խնդիր, որ վերջին 7-8 տարիներին լուծվել է այստեղ եւ դրանում իմ անձը մասնակցություն չլինի ունեցած` սկսած աշխատատեղերի բացման խնդիրներից, վերջացրած ամենատարրական խնդիրներով:

– Վերջերս Ախթալայոմ առանձին շրջանակներում խոսվում է, որ համայնքի հիվանդանոցի փակման գործում դուք մասնակցություն եք ունեցել` հիվանդանոցի շենքը գնելու եւ այն հյուրանոց սարքելու նկատառումով:

Վ. Խաչիկյան – Այն մարդը, ով դա ասել է, առնվազն հիմար է եղել: Ես չեմ էլ կասկածում եւ կարող եմ ուղղակի ասել, թե ինչ շրջապատից է եկել այդ խոսքը: Նախեւառաջ` չկա դեպք, որ Վազգեն Խաչիկյանը ուզենա ինչ-որ բան փակել, այդ թվում` առաջին հերթին Ախթալայում, այդ թվում` հիվանդանոցի հետ կապված: Դրանք այն մարդիկ են, ովքեր գողացել են հիվանդանոցի 6,5 մլն դրամ պարտքը, որից 1,5մլն դրամը, տույժ ու տուգանքով ձեւավորված, համայնքապետարանի պարտքն է:

Հաստատ վստահ եմ, որ դա ասել է համայնքապետարանին մոտ կանգնած անձնավորություն: Եվ եթե իրենք այդքան սրտացավ էին, կարող էին նախաձեռնել, որ համայնքի ավագանին 1,5 մլն դրամը կամ զիջեր, կամ ուղղակի փակեր: Կամ այն գումարները, որ իրենք ծախսում էին, ըստ իս, ոչ արդյունավետ, կարող էին տրամադրել հիվանդանոցին:

– Փաստորեն, հիվանդանոցը պարտքեր ունի նաեւ քաղաքապետարանին:

Վ. Խաչիկյան – Այո: Ես 1996- 2005 թթ. համայնքապետարանի հաշվետվությունները գիտեմ: Եվ ո՞վ է արել, ի՞նչ է արել դա, գիտեմ: Ինչ վերաբերում է Ախթալայի հիվանդանոցին, որպես այդպիսին ես իմ կարծիքն եմ հայտնել, դա չեմ էլ թաքցրել: Հիվանդանոցը, որպեսզի գործի, անհրաժեշտ է ֆինանսավորում, որը հիմա ՀՀ կառավարությունը տրամադրում է ըստ բուժվող հիվանդների թվի: Ելնելով Ախթալայում բնակչության թվից, առողջապահական ծառայության մատուցման թվից եւ որակից` Ախթալան, դժբախտաբար, չի կարող ունենալ այն հիվանդանոցային համակարգը, որը ունեցել է նախկինում:

Ասեմ ավելին. մենք ինքներս մեր նախաձեռնությամբ խնդրել ենք ՀՀ Առողջապահության նախարարին, որպեսզի Ախթալայի հիվանդանոցն ընդգրկի Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրերի մեջ, եւ այնտեղ գոնե վերականգնվի ծննդատունը: Դրա համար անհրաժեշտ է (դա Համաշխարհային բանկի պահանջն է), որ հիվանդանոցի պարտքերը վերացվեն:

Եվ ասեմ ձեզ` դա լինելու է մեր առաջնահերթ խնդիրներից մեկը եղբորս քաղաքապետ ընտրվելու դեպքում, մենք այդ պարտքերը կզրոյացնենք, որպեսզի Ախթալայի հիվանդանոցը մտնի Համաշխարհային բանկի ծրագրի մեջ:

Ինչ վերաբերում է հյուրանոց կառուցելու խնդրին, Վազգեն Խաչիկյանը, այսպես ասեմ, Ախթալայում որեւէ բիզնես ծավալելու ցանկություն չունի, առավել եւս հիվանդանոցի հաշվին: Իսկ ովքեր որ նմանատիպ հերյուրանքներ են տարածում, իրենք ասելու բան չունեն, եւ ցանկալի կլիներ, որ իրենք գնահատեին ոչ թե մեր չարածը, այլ գոնե ցույց տան, թե իրենք ինչ են արել: Դուք եղել եք մեր ընտրարշավին, կարող եք գնալ Ախթալա եւ ուղղակի հարցնել:

Մենք հայտարարել ենք` Ախթալայում չի լինելու, որ մենք անձնավորված գնանք ու մեկին ասենք, որ քեզ համար այսինչ գործն արել ենք, դրա փոխարեն արի մեզ ձայն տուր, կամ քեզ համար կանենք սա, փոխարենը մեզ ձայն տուր: Մենք ասել ենք` համայնքի ընտրությունները համայնքի խնդիրները լուծելու համար են, ոչ թե անձնական խնդիրները լուծելու համար:

– Ինչպե՞ս եք անցկացնում ձեր հանդիպումները:

Վ. Խաչիկյան - Մեր հանդիպումները եւ բակային են, եւ ընհանուր` հրապարակային: Մեր տեսակետները մենք հրապարակային էլ ներկայացնում ենք մեր ժողովրդին: Ձեզնից շնորհակալ ենք հիվանդանոցի հարցը հիշեցնելու համար, հաջորդ հանդիպումներին մենք հիվանդանոցի հարցը կբարձրացնենք եւ լրջորեն կզբաղվենք:

-Պրն Խաչիկյան, Դուք քաղաքական փորձությունների ճանապարհ անցած եւ գրագետ մարդ եք: Եթե հարցը ձեզ վերաբերեր, դուք կարող էիք շատ լավ ղեկավարել Ախթալայի համայնքը: Բայց առանձին շրջանակներում արդեն ասում են` Հայկ Խաչիկյանը Վազգեն Խաչիկյանը չէ` իր մտավոր կարողություններով եւ իր կազմակերպչական ընդունակություններով:

Վ. Խաչիկյան -Դրանով ոչ մեկը գյուտ չի անում, որովհետեւ աշխարհում ոչ մեկը մյուսին նման չէ: Հարազատ եղբայրներ ենք, բայց մենք իրարից տարբերվում ենք: Ինչ վերաբերում է եղբորս կազմակերպչական ընդունակություններին, հարազատ եղբորս չէի ուզենա թերագնահատել, անշուշտ, իմ ստացած կրթությունը եւ փորձը չեմ կարող համեմատել եղբորս փորձի հետ: Բայց կարեւոր մի խնդիր կա. առաջին` մենք թիմով ենք հանդես գալիս եւ թիմով էլ պատասխանատվություն կրում:

Երկրորդ` մեր գործունեությունը բաց է եւ հրապարակային: Մենք մեր յուրաքանչյուր խոստման համար պատասխանատու ենք: Այո, ես ինձ համարում եմ եղբորս թիմի անդամ եւ պատասխանատվություն եմ կրում նրա թիմի համար: Ես իմ ազատ ժամանակի մեծ մասը տրամադրելու եմ Ախթալայի շենացմանը եւ դրա մեջ վատ բան չեմ տեսնում:

– Ձեր եղբոր քաղաքապետ ընտրվելու դեպքում Ախթալայում առաջնահերթ ո՞ր խնդիրները կլուծեք:

Վ. Խաչիկյան – Ախթալայի ցանկացած խնդիր վերջին 12 տարիներին Ախթալայի քաղաքապետարանի կողմից չի լուծվել: Կարող եք տեսնել այստեղ մանկապարտեզների, քաղաքի լուսավորության, աղբահանության տխուր վիճակը: Եթե այս ամենը լավ լիներ, իմ եղբայրը չէր առաջադրվի, ես էլ ակտիվ կերպով չէի մասնակցի:

Վերջին 5 տարիներին համոզվել եմ, որ անհույս գործ է գործող քաղաքապետին օգնելը: Այդ տարիներին չեզոք ենք եղել: Թող լուծեր այս խնդիրները եւ, իր համար թանկարժեք ավտոմեքենա գնելու փոխարեն, թող մի շենքի տանիք էլ ավել վերանորոգեր: Կամ համայնքի կենսական հիմնախնդիրները առաջնահերթ լուծեր, հետո մեքենա առներ: Տար Աստված` բյուջեն էնքան հզոր լիներ` ինքնաթիռ առներ, բայց համայնքի առաջնահերթ խնդիրները լուծելուց հետո, դրանք են` քաղաքի ջրամատակարարումը, որ ողբալի վիճակում է, երկու թաղամասերի գազաֆիկացումը, լուսավորության եւ սանմաքրման, ճանապարհային հանգույցների եւ մյուս խնդիրները: Ախթալան պիտի լինի, դա իմ ցանկությունն է, Լոռու մարզի ամենաօրինակելի համայնքը:

– Մանր ու միջին բիզնեսի զարգացման համար ի՞նչ եք նախատեսում:

Վ. Խաչիկյան – Կանադական մի կազմակերպության հետ հենց հիմա, այս պահին ունենք ծրագիր, որպեզի կարի փոքր արհեստանոց բացվի, որը հնարավորություն կտա, որ առնվազն 25-30 կին աշխատի: Մտածում ենք, որ Ախթալայում շատ ռեալ է հացի փուռ, սրճարաններ, ռեստորաններ եւ այլ ծառայություններ բացելը, որը կստեղծի նոր աշխատատեղեր: Փոքր ու միջին ձեռնարկություններում հիմնականում աշխատանք կստանան կանայք: Պարզապես Ախթալայում ներդրողների համար գրավիչ միջավայր կստեղծվի:

- Ձեր թիմն ունի՞ կոնկրետ ժամանակացույց իր ծրագիրն իրականացնելու համար:

Վ. Խաչիկյան – Անշուշտ: Կանադական այդ կազմակերպության հետ աշխատող ՀԿ-ի ղեկավարը կինս է, ունենք պայմանավորվածություններ ՎիվաՍելի հետ, որի կողմից հայտարարվել է, որ 2009 թ. իրենց ծրագրերի մեջ է մտնում նաեւ Ախթալա համայնքին օգնելը: Այս կապակցությամբ ունենք 5-6 ծրագիր:

– Կարողանալու՞ եք համայնքի բյուջեի եկամուտների մեծացման նոր աղբյուրներ գտնել:

Վ. Խաչիկյան -Դա լինելու է Ախթալան շենացնելու մեր եւ մեր թիմի եռանդի հաշվին:

– Այդուհանդերձ, ի՞նչ կանեք, եթե ձեր եղբայրը` Հայկ Խաչիկյանը, չընտրվի Ախթալայի համայնքապետ:

Վ. Խաչիկյան – Ես սիրում եմ Ախթալան` անկախ քաղաքապետի անձից: Այստեղ ապրում են ինձ համար շատ թանկ մարդիկ: Ինձ համար նշանակություն չունի` ով է Ախթալայի քաղաքապետը: Ում ուզում է ժողովուրդը ընտրի, ես իմ ձեռքից եկածը կատարելու եմ Ախթալայի համար:

R


Խաչիկյանները` Թամազյանի դեմ. ով է դառնալու Ախթալայի քաղաքապետ

[ 6 Հոկտեմբերի, 2008 | 00:00 ]

Ընդդիմությունը տարածաշրջանում ՏԻՄ ընտրություններին չի մասնակցում: Համայնքապետի կին թեկնածու չի առաջադրվել: Ավագանու անդամ ընտրվելու համար առաջադրվել է 23 կին թեկնածու:

Շատ համայնքներում, ինչպես, օրինակ, Օձունում, Աքորիում, Հաղպատում, Ճոճկանում, Շնողում, Քարկոպում առաջադրված համայնքապետերի գործունեությանը գնահատական չտալու եւ անվստահություն չհայտնելու համար համայնքների բնակչության շրջանում մեծացել է դժգոհությունը երկրի իշխանություններից:

Ակնհայտ է, որ ՀՀ կառավարությունը շարունակում է չկարեւորել համայնքների գրագետ կառավարումը: Առանձին համայնքներում, օրինակ` Ախթալա քաղաքում, թշնամական մթնոլորտում համայնքապետի պաշտոնի համար միմյանց դեմ պայքարում են հանրապետականները: Այստեղ պայքարը անհավասար է ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահ Վազգեն Խաչիկյանի եւ նրա եղբոր` համայնքապետի թեկնածու առաջադրված Հայկ Խաչիկյանի ու գործող քաղաքապետ Սուրեն Թամազյանի միջեւ:

Հոկտեմբերի 4-ին մեզ հետ հանդիպման ժամանակ Սուրեն Թամազյանը հայտնեց. «Մարդկանց արդեն ազատել ա աշխատանքից, պրն Սերոբի (Սերոբ Տեր-Պողոսյանի- Լ.Փ.) հետ միասին ազատել են երկու հոգու, իմ բարեկամներից Արամ Մարգարյանին եւ Հովիկ Փարսադանյանին: Հովիկը տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ ա: Երկու օր առաջ Խաչիկյան Վազգենը սպառնացել ա, որ եթե դու մեր կողմը չանցնես, այդ դեպքում դու պրոբլեմ կունենաս աշխատանքի հարցում: Երկու օր հետո հրամանը բերել են, տվել ձեռքը, որ աշխատանքից ազատված ա: Երկրորդին էլ` Արամ Մարգարյանին, երեկ են հրաման տվել»:

«Ինձ աշխատանքից ազատել են: Հրաման են տվել ազատման: Ինձ հայտնի չի, թե ինչու: Աշխատանքային օրենսգիրք չկա ձեռքիս, որպեսզի իմանամ նրանց հոդվածները: Հոդվածներ են շարել եւ հիմք են ընդունել ֆաբրիկայի պետի եւ անվտանգության ծառայության պետի զեկուցագրերը, թե ինչ է գրված` ես չգիտեմ: Ընտրությունների հետ կապված խոսակցություններ եղել է, բայց առանձին չեն բացատրել, թե ինչու են ինձ ազատում աշխատանքից»,- ասաց Ախթալայի Լեռնահարստացուցիչ կոմբինատի աշխատակից Հովիկ Փարսադանյանը:

«Ինձ ցուցում են տվել, որ ամսի 17-ին պետք է ազատվես: Ընտրությունների հետ երեւի կապ ունեմ, իմ աղջիկը աշխատում ա քաղաքապետարանում, երեւի կասկածում են ինձ վրա, որ էս կուռն եմ կանգնած, դրա համար էլ ազատել են: Վազգեն Խաչիկյանը ինձ հետ խոսացել է, ինձ ասել ա, որ սա սպառնալիք չի, սա զգուշացում ա, որ իրենց կողմը չանցնելու դեպքում աշխատանքի հետ խնդիրներ կունենամ, ես պատասխանել եմ, որ ես ընտրության հետ ոչ մի առնչություն չունեմ, ես հանձնաժողովի անդամ եմ, իմ խնդիրները օրինական կկատարեմ: Մի երկու օր հետո բավականին անհիմն ինձ ազատել են: Երեկոյան աշխատանքից հետո գնացել եմ տուն, ուշ ժամին տուն են բերել ազատման հրամանի օրինակը: Ասեմ, որ 2008թ. մարտի երեքից տնօրինության հետ մեկ տարվա աշխատանքային պայմանագիր ունեմ, հիմա ազատում ա աշխատանքից»,- պատմեց կոմբինատի մեկ այլ աշխատակից` Արամ Մարգարյանը:

Սուրեն Թամազյանը հայտնեց, որ իր թիմակիցներին ընտրությունների հետ կապված աշխատանքից ազատելու համար դիմել են թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողովին, ԱԱԾ-ին եւ դատարան: Այս կապակցությամբ Վազգեն Խաչիկյանը հերքեց իր մասնակցությունը «Մեթըլ Փրինս» ընկերության տնօրինության կողմից Հ. Փարսադանյանին եւ Ա. Մարգարյանին աշխատանքից ազատելու հարցում եւ հավելեց. «Իմ հորեղբորս էլ են ազատել, աշխատանքից ուշանալու համար, ի՞նչ կարող եմ ասել»:

Վազգեն Խաչիկյանը եւ քաղաքապետ Սուրեն Թամազյանը բարեկամներ են: Սակայն վերջին տարիներին նրանց թշնամական հարաբերությունների մասին բազմաթիվ լուրեր են տարածվում Ախթալայում: Քաղաքապետի հետ, պարզվում է, իր խնդիրներն ունի նաեւ «Մեթըլ Փրինս» ընկերության սեփակատեր Սերոբ Տեր-Պողոսյանը, որը շահագործում է Ախթալայի Լեռնահարստացուցիչ կոմբինատը:
Մեր հարցին, թե Ս. Տեր-Պողոսյանը կտրամադրի՞ իր սեփական մշակույթի պալատի դահլիճը քաղաքապետի թեկնածուների քարոզչական հանդիպումների համար, նա պատասխանեց. «Ես իմ սեփականությունը կտրամադրեմ միայն անոնց, որ ինձ սատար կեցած են: Թամազյանը մեզի խանգարած է շարունակ: Հիմա այս մոմենտին ջրերը փակել է մեր հիմնարկի` երեք օր առաջ: Մենք հողատարածքի դիմում գրած ենք, որ հաստատի, որը պետք է պեչատե, որ շինարարություն պետք է կատարվի այդ տարածքում, ըսած է` անօրինական է: Այն իրավունքը, որ ինքը չպեչատելու պատճառով չենք ստացեր: Հասկըցա՞ք` ինչեր կընէ»:

Քաղաքապետ Սուրեն Թամազյանը Ս. Տեր-Պողասյանին հակադարձեց. «Հողահատկացումների գործում պրն Սերոբի մոտ տիրում է բեսպրիդել, չի կամենում հողահատկացման անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնել, օրինակ` լիցենզավորված կազմակերպության կողմից հաստատված հողի օգտագործման նախագծանախահաշվային փաստաթուղթ եւ այլն: Մենք օրենքով պահանջվող փաստաթղթերի մասին տեղակացրել ենք ընկերությանը, սակայն պրն Սերոբը անդրդվելի է»:

Ինչ վերաբերում է կոմբինատի ջրերը կտրելուն, Ս. Թամազյանն ասաց. «Դա ֆաբրիկայի ջուրը չէ, դա քաղաքի ոռոգման ջուրն է, որը մենք պայմանագրով ժամանակավոր տվել ենք ընկերությանը, այն պայմանով, որ բնակիչների այգիները եւս ոռոգվեն: Ախթալացիները ոռոգման ջրից զրկվել են, իսկ ջուրը պրն Սերոբը միանձնյա է տնօրինում: Ընկերության կողմից չեն վճարվել ջրի 9 ամսվա վարձավճարները: Դա էլ ոչինչ, հարցը նրանում է, որ ջուրը նախընտրական շահարկումների է ենթարկվում, որ ժողովուրդը ինձնից դժգոհի, ասում են` ես ջուրը Սերոբի վրա ծախել եմ, Սերոբն էլ ջուրն ինձնից առել ա, դրա համար էլ ժողովուրդը ջուր չունի: Մինչդեռ պրն Սերոբը զլանում է Դեբեդից իր ընկերության համար պոմպերով ջուր բարձրացնի, որովհետեւ դրա հատկապես էլեկտրաէներգիայի ծախսերը մեծ են, իսկ մեր տված ջուրն ինքնահոս է»:

Քաղաքապետ Սուրեն Թամազյանի հետ ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահ, ախթալացի Վազգեն Խաչիկյանի եւ «Մեթըլ Փրինս» ընկերության սեփականատեր Սերոբ Տեր-Պողոսյանի թշնամական հարաբերություններն ուղղակիորեն ազդում են քաղաքի բնակիչների բարոյահոգեբանական մթնոլորտի վրա: Դա փաստեց նաեւ հոկտեմբերի 4-ին Ախթալայի մշակույթի պալատում «Մեթըլ Փրինս» ընկերության աշխատողների հետ քաղաքապետի թեկնածու Հայկ Խաչիկյանի հանդիպումը, որին մասնակցում էր նաեւ նրա մրցակից Սուրեն Թամազյանը` իր մի քանի թիմակիցների հետ:

Ըտրողներից որեւէ մեկը չհամարձակվեց ելույթ ունենալ: Կաշկանդված ու անփորձ Հայկ Խաչիկյաննն էլ իր նախընտրական առաջին ելույթում ասաց. «Այս ընտրություններով մենք պաշտոնի խնդիրներ չենք լուծում մեզ համար: Այն խնդիրները, որ տարիների ընթացքում ծառացել են մեր համայնքի առաջ, փորձելու ենք լուծել ընտրություններից հետո»:

Քաղաքապետի թեկնածու Հայկ Խաչիկյանը կարեւոր խնդիրների շարքում թվեց քաղաքի աղբահանությունը, լուսավորության ապահովումը, շենքերի տանիքների, բակերի, շքամուտքերի դռների վերանորոգումը, կարեւորեց նաեւ համայնքում սպորտի զարգացումը: Քաղաքապետի թեկնածուից ավելի երկար ընտրողների հետ խոսեց Վազգեն Խաչիկյանը, որն իր ելույթի ընթացքում կատարեց Ախթալայի ընտրողներին հետաքրքրող մի քանի ուշագրավ լուրերի մեկնաբանություններ: Նա հերքեց շրջանառվող այն լուրերը, որ Հայկ Խաչիկյանի նախընտրական շտաբը պատրաստվում է 300-ական դոլարներ բաժանել ընտրողներին, եւ այն լուրը, թե արդեն Սվինեց թաղամասում փող են տվել: Վ. Խաչիկյանը ընտրողներին նաեւ խոստացավ, որ հարեւան գյուղերից ու քաղաքներից որեւէ մեկը չի զանգի ընտրողներին եւ չի պարտադրի ընտրել Հայկ Խաչիկյանին:

«Մեր նախաձեռնությամբ դրա համար մենք ոչ մեկին չենք դիմել, որովհետեւ մեր կյանքը ձեր աչքի առաջ է անցել»,- եղբոր մասին ասաց Վազգեն Խաչիկյանը:

Եղբոր կրթության մասին հարցին էլ պրն Խաչիկյանը պատասխանեց. «Նախ` Հայկը ունի բարձրագույն իրավաբանական կրթություն, ինքն ավարտել ա լավ գնահատականներով, եւ հետո` մենք ընդունում ենք ոչ թե դպրոցի տնօրեն, այլ ընդունում ենք քաղաքապետ, որը պետք է լուծի քաղաքի առջեւ ծառացած խնդիրները»: Ակնհայտ է, որ եղբոր` համայնքապետ ընտրվելու դեպքում Վազգեն Խաչիկյանը ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահի պաշտոնը ստիպված համատեղելու է Ախթալայի քաղաքապետի պաշտոնի հետ:


Սերոբ Տեր-Պողոսյանը պարգեւատրվեց վարչապետի հուշամեդալով

[ 22 Սեպտեմբերի, 2008 | 00:00 ]

Մինչ հանդիսավոր արարողությունը կսկսվեր, մենք փորձեցինքի իմանալ ախթալացիների կարծիքը սեպտեմբերի 18-ին «Հայլուր» լրատվական ծրագրով Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի գլխավոր տնօրեն Սերոբ Տեր-Պողոսյանի` իր սեփական գործարանի պոչամբարից մի բաժակ ջուր խմելու մասին, որից հետո, ինչպես կատակով հայտնում էր «Հայլուր»-ը, շտապ օգնություն կանչելու կարիք չի եղել: «Հետքը» բազմիցս գրել է, թե ինչպես են կոմբինատի թունավոր նյութերն առանց պոչամբար մտնելու լցվում Դեբեդ գետը (Տես հոդվածները` Կառավարությունը պարտավոր է անմիջապես դադարեցնել Ախթալայի լեռնահարստացուցիչ ֆաբրիկայի գործունեությունը,
Ինչու՞ է սպիտակել Դեբեդը, Քմ-ը 25 դրամով հող են գնում ոսկի արդյունահանելու համար, «Մեթըլ փրինսը» վաճառվում է):

Ախթալայի բնակիչուհի Ս. Մ.-ն, որի ամուսինը 70 հազար դրամ աշխատավարձով աշխատում է հանքում, աշխատավարձը չկորցնելու համար խնդրեց չհրապարակել իր ազգանունը եւ գետը թափվող պոչանքների մասին ասաց. «Ես դիտել եմ «Հայլուր»-ի ռեպորտաժը, սակայն չեմ նկատել, որ պրն Սերոբը խմեց այդ ջուրը: Ես այդ կողմերով միշտ անտառ եմ գնացել, այդ ջուրը, որ դուք ասում եք , խմելու բան չի, կողքին անգամ կանգնել չի լինում, ինչպե՞ս կարող էր պրն Սերոբը խմել»:

Ախթալացիների աչքից չէր վրիպել նաեւ այն փաստը, որ թունավոր նյութերի հետեւանքով պոչանքների առվակին հարող բույսերից ամայացած, լերկ տարածքը ռեպորտաժում մոնտաժվել էր: Ի դեպ, երբ Ախթալայում գտնվող վարչապետ Տիգրան Սարգսյանին էինք հանձնում լեռնահարստացման կոմբինատի ուղիղ խողովակաշարով Դեբեդ թափվող պոչանքների իրական լուսանկարները, Սերոբ Տեր-Պողոսյանը վարչապետին բողոքեց. «Այս տիկինը դիտավորյալ խողովակը մեծ է նկարել»: Եթե այդ խողովակով հոսողը թույն չէ, ապա խողովակի մեծությունն ինչու՞ էր անհանգստացնում պրն Սերոբին:

Իսկ տոնակատարության ընթացքում աննկատ չմնացին ՀՀ սոցիալական հիմնադրամի նախագահ, ախթալացի Վազգեն Խաչիկյանի ու լեռնահարստացման կոմբինատի գլխավոր տնօրեն Սերոբ Տեր-Պողոսյանի լարված հարաբերությունները Ախթալայի քաղաքապետ Սուրեն Թամազյանի հետ, որի պատճառով, ախթալացիների բնութագրմամբ, Ախթալան բաժանվել է 50-50-ի:
Քաղաքապետ Սուրեն Թամազյանն ակնհայտորեն մեկուսացված էր տոնակատարությունից: Հավանաբար զրկված լինելով ելույթի իրավունքից` հանդիսավոր նիստին շնորհավորանքի խոսք չուղղեց իր ղեկավարած համայնքի բնակիչներին ու ԼՀԿ-ի աշխատողներին: Տոնական միջոցառումներին չէին մասնակցում նաեւ քաղաքապետի թիմակիցները, ասել է թե` Ախթալայի բնակիչների կեսը: Հանդիսավոր նիստին Ախթալայի լեռնահարստացման կոբինատի 245-ամյակի կապակցությամբ կոմբինատի աշխատակիցներին ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձն ընթերցեց վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նախագահն իր ուղերձում ԼՀԿ-ի աշխատակիցներին շնորհավորում էր տոնի առթիվ եւ նշում. «Այսօր` հիմնադրումից շուրջ 2,5 դար անց, երբ օրվա թիվ մեկ հրամայականը մեր երկրի շարունակական զարգացումն է, ես ապավինում եմ Ձեր նվիրումին, որի շնորհիվ Ախթալան եւ ողջ տարածաշրջանը նոր վերածնունդ կապրեն»:

Բերենք միայն մի փաստ «երկրի շարունակական զագացման գործում» Սերոբ Տեր- Պողոսյանի ավանդից. Ախթալայի «Մեթըլ փրինս» ընկերությունը Ախթալայի համայնքապետարանին այսօր էլ զլանում է վճարել 5 մլն դրամ գույքահարկի իր պարտքը:

Իր ելույթում Սերոբ Տեր-Պողոսյանն ասաց. «Մեծարգո պրն վարչապետ, Ձեր աջակցությամբ «Մեթըլ փրինս» ընկերությունը կշարունակե աշխատանքը` զարգացնելու հանքարդյունաբերությունը Հայաստանի շրջաններում` Ախթալայում, Ստեփանավանում եւ Դաստակերտում եւ կմասնակցե շրջաններու տնտեսական եւ սոցիալական քաղաքականությանը»: Հանդիսավոր նիստում տեղի ունեցավ նաեւ պարգեւատրման պաշտոնական արարողություն: Վարչապետ Տիգրան Սարգսյանն Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի 245-ամյակի առթիվ եւ հանրապետության տնտեսության հանքարդյունաբերական ճյուղի զարգացման գործում ակտիվ մասնակցության համար ՀՀ վարչապետի 19.09.08թ. թիվ 737-ա որոշմամբ Ախթալայի ԼՀԿ-ի տնօրեն Սերոբ Տեր-Պողոսյանին պարգեւատրեց ՀՀ վարչապետի հուշամեդալով: Ախթալայի Սուրբ Աստվածածին եկեղեցու ճանապարհին վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ «Մեթըլ փրինս» ընկերության գլխավոր տնօրեն Սերոբ Տեր-Պողոսյանը պատասխանեցին լրագրողների հարցերին:

Ս. Տեր-Պողոսյանը լեռնահարստացման կոմբինատի մասին մասնավորապես ասաց. «Կոմբինատում աշխատում է 550 աշխատող, միջին աշխատավարձը կազմում է 137 հազար դրամ: Մինչեւ հիմա տարվա սկզբից ամսական 250 տ խտանյութ ենք մենք արտադրել, հիմա արդեն 400 տ կարտադրենք, հույս ունենք` երեք ամսեն կարտադրենք ամսական 1000 – 1300 տ. խտանյութ»: Պարզվեց` արտադրանքը չի արտահանվում. «Մենք չենք արտահանե, կծախենք, գնորդը կուգա Հայաստան, կգնե մեզնից, կտանե Արեւելյան Եվրոպա` այնտեղ ձուլելու, ձուլարանները Ռումինիա, Բուլղարիա կըլլան»:

Ֆաբրիկայի պոչամբարի մասին լրագրողների հարցին Ս. Տեր-Պողոսյանը պատասխանեց. «Կըսվի, որ մենք պոչամբար չունինք: Գործող պոչամբարը դեռ 2-3 ամսվա կյանք ունի, երկրորդ պոչամբարը այս բլրի ետեւն է, երրորդ պոչամբարը` 8 կմ հեռու է»: Վերջինս Այրում եւ Ճոճկան գյուղերի միջեւ տեղակայված, պարոն Տեր-Պողոսյանին խորհրդային տարիներից ժառանգություն մնացած պոչամբարն է, որտեղ շուրջ մեկ մետրանոց ծառեր են աճել, եւ որը ֆաբրիկայի հետ կապ չունի խողովակների ապամոնտաժված լինելու պատճառով:

«Մի քանի անգամ բնապահպանության նախարարությունից եկել նկարել են, մեզ էլ հարցուփորձ են արել ու գնացել, պոչամբարը թեեւ Սերոբինն է, բայց անտեր է»,- մեր հարցմանն այսպիսի պատասխան տվեց Ճոճկանի գյուղապետ Վարուժան Թամազյանը:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը լրագրողների խնդրանքով անդրադարձավ նաեւ տարածաշրջանի էկոլոգիական խնդիրներին. «Մենք հետեւում ենք էկոլոգիական խնդիրներին, գիտեք, որ հասարակական կազմակերպությունների հետ մենք անցած շաբաթ հանդիպել ենք եւ քննարկել ենք նաեւ Ալավերդու կոմբինատի աշխատանքի արդյունքները, համատեղ միջոցառումների ծրագիր ունենք հասարակական կազմակերպությունների հետ, մինչեւ տարեվերջ մի շարք համատեղ քայլեր պետք է անենք էկոլոգիական նորմատիվների շուրջ, ինչը կդառնա նաեւ հանրության քննարկման առարկան»,- ասաց վարչապետը:

Այն հարցին, թե ինչու՞ Ալավերդու բնապահպանական նորմատիվները չպահպանող գործարանի սեփականատիրոջը վստահվեց Թեղուտի գործը, վարչապետ Տիգրան Սարգսյանը պատասխանեց. «Դուք ոչ թե հարց եք տալիս, այլ գնահատականներ»: Իսկ Ալավերդու պղնձաձուլական գործարանի հնարավոր փակման մասին նա ասաց. «Գործարանը փակելու խնդիրը կարող է առաջանալ միայն այն պարագայում, եթե գործարանը չկատարի իր կողմից ստանձնած պարտավորությունները: Այժմ մենք ուսումնասիրում ենք եւ բիզնես ծրագիրը, եւ նրա կողմից այդ ծրագրով նախատեսված էկոլոգիական նորմերի պահպանման խնդիրը, եթե ծրագրից որեւէ շեղում արձանագրենք, հասարակությունը կտեղեկացվի դրա մասին»:


«Մինչեւ բանալիներ եւ բնակարան չհատկացնեն, դուրս չգաք այս տնակներից»,- ասել է Սերժ Սարգսյանը

[ 16 Սեպտեմբերի, 2008 | 00:00 ]

Նրանք բոլորը 1988 թ. երկրաշարժից հետո տարբեր ժամանակահատվածներում տնակներում բնակություն են հաստատել օրինական ճանապարհով` Վանաձորի քաղաքապետարանի կողմից տրված միասնական օրդերով:

Վանաձորի քաղաքապետի տեղակալ Նորիկ Սարդարյանը մեզ բացատրում էր. «Օրդերը բնակվելու թույլտվության փաստաթուղթ է, դա տուն չի, դա սեփականություն չի, տնակներում այդ մարդկանց բնակվելու իրավունք է տրված, որովհետեւ մարդիկ փողոցում էին հայտնվել, բացի այդ՝ այս քաղաքապետի օրոք չի եղել»:

Նորիկ Սարդարյանը մեզ հայտնեց նաեւ, որ ներկայումս Քիմշեն թաղամասի 1-8 տնակային ավանում երկրաշարժից տուժած եւ բնակարանով չապահովված ընդամենը 6 ընտանիք է մնացել, մնացածներն իրենց բնակարանները վաճառած կամ այլ տեղից եկած մարդիկ են:

«Երկրաշարժից քանդվել է իմ երեք սենյականոց բնակարանը, տնակում ապրելու ժամանակ հայրս մահացել է, իսկ երկու քույրերս ամուսնացել են, քաղաքապետարանն էլ մեր երեք սենյականոց բնակարանի փոխարեն, հաշվի չառնելով, որ ես աճող ընտանիք եմ, հատկացրել է երկու սենյականոց բնակարան, ես ամուսնացել եմ, իմ ընտանիքը մեծացել է, ես իմ երեք սենյականոց բնակարանն եմ ուզում»,- ասում է թիվ 12 տնակի բնակիչ, առաջին խմբի հաշմանդամ Եսաբեկ Կիրակոսյանը:

Այդուհանդերձ, ինչու՞ է Վանաձորի քաղաքապետարանը բնակիչների վերաբնակեցման խնդրի լուծման անզիջում հակամարտության ճանապարհն ընտրել: Հարցն այն է, որ դեռեւս 30.12.2003թ. քաղաքապետարանը, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 01.04. 2002թ. թիվ 317 որոշումը, անցկացրել է երկրաշարժից տուժած եւ սոցիալապես անօգնական բնակիչներին իր կողմից տրամադրված տնակների զբաղեցրած հողամասերի աճուրդային վաճառք:

Տնակային ավանի բնակիչները պնդում են, որ աճուրդի մասին քաղաքապետարանը իրենց ժամանակին չի տեղեկացրել, իսկ քաղաքապետի տեղակալ Նորիկ Սարդարյանը մեզ հետ զրույցում պնդեց. «Աճուրդը հայտարարվել է աճուրդի մասին ընդունված բոլոր կարգերով: Տնակային ավանի բնակիչներին անձամբ ամեն մեկին հայտնվել է: Աճուրդը պետականացված «ղումարի» նման մի բան ա, ով ճարպիկ եղավ, ով կարողացավ ձեռքը շուտ բարձրացնել, նա էլ կհաղթի, ու գնալ մեկին ասել, որ աճուրդ ա, արի մասնակցի, որ դու հաղթես, մյուս մարդու իրավունքը ոտնահարում ես»:

Ինչպես հայտնեցին ավանի 1-8-12 տնակների բնակիչներ Եսաբեկ Կիրակոսյանը, Անահիտ Մարգարյանը եւ մյուսները, քաղաքի կենտրոնում գտնվող այդ տարածքները գնել են Լոռու մարզպետարանի եւ Վանաձորի քաղաքապետարանի պաշտոնյաներ, այդ թվում՝ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, Վանաձորի առաջին ատյանի դատարանի դատավոր Վարդուհի Հովնանյանը, զինկոմը եւ այլ պաշտոնատար անձինք, որոնք էլ այդտեղ որոշել են շուտափույթ կառուցել էլիտար բնակարաններ:
Նշենք, որ Նորիկ Սարդարյանը զայրացած մեղադրում էր բնակիչներին այն բանի համար, որ «մարդիկ էլ ցանկություն ունեն քաղաքի կենտրոնական մասին իրենք էլ տիրանան ինչ-որ եղանակներով ու վերավաճառեն»:

Տնակային ավանի բնակիչները չեն հրաժարվում տնակները ազատելուց, սակայն պահանջում են իրենց բնակարանային խնդրի արմատական լուծում: Այս կապակցությամբ բնակիչներին ոգեւորել է նաեւ ՀՀ նախագահական ընտրությունների քարոզչության օրերին Աժ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի հետ ավանի բնակիչներին այցելած նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի հրահանգը. «Մինչեւ բանալիներ եւ բնակարան չհատկացնեն, դուրս չգաք այս տնակներից»:

«Նախագահ Սերժ Սարգսյանը հենց այնպես չի ասել մինչեւ բնակարան եւ օրդեր չտան, դուրս չգաք: Մենք չենք ազատի տնակները»,- ասում են բնակիչները:

Իսկ քաղաքապետի տեղակալը երկրի նախագահի խոսքն այսպես մեկնաբանեց. «Ես իրավունք ունեմ ենթադրել, որ երկրի նախագահը, կամ որեւէ ընտրվող մարդ, որը նախընտրական խոսքեր է ասում, իրավունք ունի մի քիչ էլ էդ ամեն ինչը, ոնց ասեմ, ոգեւորված ասի, ես ի նկատի ունեմ՝ որ մարդը եթե ասում ա , էն չի ասում, ինչ-որ մարդը ինքը ուզում ա հասկանա, եթե ընտրվելուց առաջ ասել ա, տնակից դուրս եկող մարդը պիտի հասկանա, որ նախագահն ի նկատի է ունեցել այն, ինչ որ մենք անում ենք»:

Զավեշտական է նաեւ այն, որ Լոռու մարզի առաջին ատյանի դատարանին ուղղված տնակային ավանի բնակիչների բնակարանային բոլոր հայցերը դատարանում քննել է առաջին ատյանի դատավոր Վարդուհի Հովնանյանը, ով շահագրգռություն է ունեցել աճուրդով գնված նաեւ իր հողամասը տնակներից ազատելու հարցում: Բնակիչների բոլոր հայցերը, բնականաբար, դատավորի կողմից մերժվել են:

Քաղաքապետարանը, այդուամենայնիվ, տնակներն ազատելու դիմաց բնակիչներին ՀՀ կառավարության 01. 04. 2002թ. թիվ 317 որոշման համաձայն՝ առաջարկում է սահմանված երեք տարբերակները` բնակարանի երկու տարվա վարձակալության գումար՝ ամիսը 10 հազար դրամ: «Որպեսզի մարդիկ տուն վարձեն, գնան իրենց ճակատագիրը որոշեն»,- ասաց Նորիկ Սարդարյանը: Ապա պրն Սարդարյանը եզրակացրեց. «Աշխարհի բնակչության մեծ մասը վարձով է ապրում, հենց մենակ մենք չենք, որ պետք է բոլորս սեփական տուն ունենանք, մենք էդ հնարավորությունը տալիս ենք, որ մարդը երկու տարի հնարավորություն ունենա, իր ճակատագիրը որոշի»: Սակայն պրն Սարդարյանն այստեղ, անշուշտ, ի նկատի չունեցավ, որ աշխարհի շատ երկրներում վարձով ապրող շատ մարդիկ աշխատանք ունեն, որի դիմաց էլ այնքան բարձր են վարձատրվում, որ կարողանում են ոչ միայն բարեկեցիկ բնակարանի վարձ վճարել, այլ նորմալ ապրել, ու նրանց Վանաձորի խեղճուկրակ տնակային ավանի գործազուկ կամ ողջ ընտանիքով 15 հազար դրամ նպաստով ապրող ընտանիքի հետ համեմատելը ոչ միայն տեղին չէ, այլեւ ազնիվ չէ: Քաղաքապետարանի առաջարկած երկրորդ տարբերակը քաղաքի տարբեր տնակային ավանների տնակները մեկ` Լենինգրադյան փողոցի տնակային ավանում հավաքելն է, որի տեղը, ինչպես հայտնեցին բնակիչները, խոնավ ու ճահճոտ է եւ բնակվելու համար անհարմար: Երրորդ տարբերակով քաղաքապետարանը առաջարկում է հանրակացարան: Բնակիչները չեն համաձայնում տեղափոխվել հանրակացարան, որովհետեւ, ի տարբերություն տնակների, հանրակացարաններում հատկացված սենյակները բնակիչներին ծառայելու են միաժամանակ որպես ննջարան, հյուրասենյակ, խոհանոց, լվացքատեղի եւ այլն: Քաղաքապետարանի կողմից ուսանողական թաղամասի հանրակացարանում բնակեցված բնակիչ Հայկանուշ Սիմոնյանը հանրակացարանային պայմանների մասին ասաց. «Ես ապրում եմ հանրակացարանում, այն ապրելու տեղ չի, բնակեցված է մարմնավաճառներով, պայմանները սարսափելի են»:

Այս կապակցությամբ քաղաքապետի տեղակալ Նորիկ Սարդարյանն ասաց. «Ո՞նց կարելի է մարդը թույլ տա իրեն էդպիսի բան ասել, ամեն տեղ ա լինում դանակահարություն, մարմնավաճառություն: Մարմնավաճառության դեպքեր մենք հայտնաբերել ենք նաեւ տնակային ավանում, գնացել ենք, քանդել ենք այդ տնակը»:


Կ. Շահբազյան. «Այսօր հեռուստաընկերությունն է խուսափում ինձ հետ հանդիպելուց»

[ 15 Սեպտեմբերի, 2008 | 00:00 ]

Կ. Շ. – Ասեմ: Իրականում նախկինում Լոռու մարզում հանցավորության վիճակը, կարելի է ասել, ավելի ակտիվ, իսկ հանցագործ տարրերի առկայությունն ավելի եղանակ ստեղծող է եղել: Վերջին ժամանակներում վիճակն ավելի վերահսկելի եւ կայուն է: Դա ունի օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ: Ես 8 տարի աշխատել եմ մարզում եւ տիրապետում եմ նախկին տարիների հանցավորության վիճակին: Գաղտնիք չէ, որ մարզում կային հանցավոր տարրեր, որոնք տարբեր հանցագործությունների հետեւանքով իրենք իրենց հանցագործությունների զոհ դարձան եւ հեռացան կյանքից:

Խոսքը հանրահայտ Ճաճոյի տղաների՞ մասին է:

Կ. Շ.
– Ոչ միայն նրանց մասին: Ծանր հանցագործությունների նվազման պատճառներից է նաեւ իրավապահ մարմինների ակտիվ աշխատանքը հանցավորության դեմ պայքարում:

Հանրապետության գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը լրատվամիջոցներով վերջերս հաճախ է խոսում կոռուպցիայի դեմ պայքարի, դատախազության աշխատանքների ակտիվացման ու թափանցիկության մասին: Այդ ուղղությամբ ձեր կողմից ի՞նչ է ձեռնարկվել:

Կ.Շ. – Առաջադրված պահանջների կատարման ընթացքում Լոռու մարզի կտրվածքով ունենք կոռուպցիայի դրսեւորման դեպքերով հարուցված 17 քրեական գործեր: Բնական է, որ կոռուպցիոն երեւույթները դրսեւորվում են պաշտոնատար անձանց կողմից: Տարբեր համայնքապետերի կողմից կատարված չարաշահումների վերաբերյալ ունենք հարուցված քրեական գործեր:

Ովքե՞ր են նրանք:

Կ. Շ. - Կոնկրետ, եթե Թումանյանի տարածաշրջանի կտրվածքով ասենք, մենք այսօր մեկ քրեական գործ ունենք Ախթալայի քաղաքապետի նկատմամբ, նյութեր են նախապատրաստվում Ալավերդու, Աքորիի, Ահնիձորի նախկին համայնքապետերի նկատմամբ: Մարզի մյուս տարածքներում նույնպես կան նախապատրաստված եւ հարուցված քրեական գործեր: Իհարկե, ոչ միայն համայնքապետերի նկատմամբ: Լոռու մարզում նշված քրեական գործերից մեկով արդեն դատարանի կողմից կայացվել է մեղադրական դատավճիռ: Խոսքը վերաբերում է Բազումի համայնքապետի կողմից պաշտոնեական դիրքի չարաշահմամբ յուրացում կատարելու դեպքին, որը կատարվել է համայնքի սեփականություն հանդիսացող գույքի նկատմամբ:

Վերջերս աղմկահարույց բացահայտում կատարվեց Վանաձորի մանկավարժական ինստիտուտում: Ի՞նչ եղավ այդ գործը:

Կ.Շ. - Քաղաքացիների ընդունելությունների ընթացքում, տեւական ժամանակ եղան քաղաքացիների դժգոհություններ` կապված մանկավարժական ինստիտուտում տեղի ունեցող տարաբնույթ չարաշահումների հետ: Եվ, վերջին հաշվով, մենք ունեցանք հաղորդում` ընդունելության հանձնաժողովի տեխնիկական քարտուղարի` Հասմիկ Մելիքյանի մասին, որը հեռախոսազանգերով պահանջել էր կաշառք տալ այն դիմորդների ծնողներին, որոնց երեխաները ընդունելության քննությունների արդյունքներով համապատասխան բալեր չէին հավաքել ընդունվելու համար: Հանրապետության ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների համատեղ միջոցառումներով, հերթական կաշառք- գումարը ստանալիս, Հասմիկ Մելիքյանը ձերբակալվեց: Ձերբակալվել է նաեւ ընդունելության հանձնաժողովի պատասխանատու քարտուղարը: Կատարվում է նախաքննություն: Ընթացքի մասին հասարակությանը կտեղեկացնենք:

Վերջերս Վանաձորում ավտոմեքենաների երկու վթար է տեղի ունեցել, որի հետեւանքով թեեւ 5 մարդ է զոհվել, սակայն շատ վանաձորցիներ դժգոհում էին, որ մեղավորները չեն ձերբակալվել:

Կ.Շ. – Վթար կատարող անձանցից մեկը ավտոտեսչության աշխատակցի որդի էր, որի շտապ օգնության մեքենային բախվելու հետեւանքով ունեցել ենք բազմաթիվ զոհեր, այդ անձնավորությունը անչափահաս է, նախաքննության ընթացքում նրա խափանման միջոցը ընտրվեց կալանավորում, տրվեց դատի, դատարանի կողմից նրան տրվեց տվյալ հանցատեսակի համար անչափահասի նկատմամբ նախատեսված մաքսիմալ պատիժը, եւ նա դատապարտվեց ազատազրկման երեք տարի ժամանակով: Մյուս ավտովթարը վերաբերում է Վանաձորի ճարտարապետ Տիգրան Բաբայանի կողմից կատարված ավտովթարին: Նախաքննության ընթացքում վթարը թույլ տալուց հետո Տիգրան Բաբայանը ձերբակալվեց իմ ցուցումով, նրա նկատմամբ դատարանը խափանման միջոցը ընտրեց կալանք, ընթացքում նույն դատարանը կիրառեց գրավ եւ փորձաքննություններով եւ տուժողների ցուցմունքներով Տիգրան Բաբայանի արարքում հանցակազմ չհայտնաբերեց:

Մարդկանց մեջ իշխում է այն կարծիքը, որ դատախազությունը կոռուպցիայի դեմ պայքարում հասարակության մոտ տպավորություն ստեղծելու համար խոշոր կոռուպցիոներներին թողած` զբաղվում է մանր բացահայտումներով: Ի վերջո, համայնքապետերը կամ ձեր նշած կաշառք պահանջողները չեն գնա այդպիսի քայլերի, եթե իրենց թիկունքին խրախուսող հովանավորներ չունենան: Ահավասիկ Օձունի համայնքապետ Մելիք Այվազյանը. 10 տարի շարունակ մամուլն ահազանգում է նրա յուրացումների մասին, սակայն այդ մարդն անսասան է: Իսկ Օձունը ծայրահեղ աղքատության մեջ է հայտնվել նրա կառավարման արդյունքում: Վիճակը նույնն է նաեւ մյուս համայնքներում: Ինչպե՞ս եք վերաբերվում հասարակության այս գնահատականին:

Կ.Շ. – Հասարակությունը կարող է ենթադրություններով կարծիք հայտնել, լրագրողը նույնպես կարող է ենթադրություններով հարցեր տալ, բայց ես որպես դատախազ ենթադրություններով պատասխան տալ չեմ կարող: Եթե ունեք կոնկրետ դեպք, որ առնչվում է հարցին, ես կարող եմ պատասխանել:

Դատախազությունը եղել է փակ կառույց, ամենափոքր տեղեկատվությունը ստանալու համար համայնքների նստավայրերի դատախազները լրագրողներին մատնացույց են արել Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունը: Հիմա, կարծես թե, դուք բաց աշխատանքի կողմնակից եք, այո՞:

Կ.Շ. - Այո: Դա գլխավոր դատախազի պահանջն է, ես նույնպես փորձում եմ հասարակությանը ներկայացնել մեր աշխատանքները: Շատ դեպքերում հասարակությունը, տեղեկացված չլինելով, կարծիք է ձեւավորում ասեկոսեների հիման վրա: Դրա համար էլ դատախազ ընտրվելուց անմիջապես հետո ես փորձել եմ հրավիրել տարբեր լրատվամիջոցների ու լրագրողների եւ փորձում եմ պարզաբանել հասարակությանը մեր կատարած աշխատանքները, որին որոշ լրատվամիջոցներ, ինձ անհասկանալի պատճառներով, խուսափում են արձագանքել:

Իսկ Ձեր կողմից ինչպիսի՞ ընթացք են տրվում մամուլի հրապարակումներին:

Կ. Շ.- Մամուլի հրապարակումները քննարկման առարկա դարձնելը միանշանակ օրենքի պահանջ է: Մարզում վերջին ժամանակներում, եթե հիշողությունս չի դավաճանում, «Հետք» էլեկտրոնային եւ «168 ժամ» թերթերի Ձեր հրապարակումներին ենք անդրադարձել` կապված Ալավերդու համայնքապետի կողմից պետական միջոցները ոչ նպատակային օգտագործելու, մասնավորապես Ալավերդու գերեզմանոցի կառուցման եւ Սանահինի վանքի հարեւանությամբ կառուցված զուգարանի, Աքորիի համայնքապետի հետ կապված հրապարակումներին: Հրապարակել եք նաեւ Ախթալայի լեռնահարստացուցիչ ֆաբրիկայի արտադրական պոչանքները Դեբեդ գետը լցնելու վերաբերյալ հոդված, դրա վերաբերյալ պատրաստում ենք նյութեր, ունեիք հրապարակում նաեւ «Լալվար» անտառտնտեսության վերաբերյալ, որտեղ կար տեղեկատվություն ապօրինի հատված բազմաթիվ ընկուզենի տեսակի ծառերի մասին, բոլոր այս հոդվածներով ոստիկանության քննչական բաժնին հանձնարարված է նախապատրաստել նյութեր:

Շնորհակալություն, դուք շատ լավ եք հիշում իմ հոդվածները: Սակայն ասեմ, որ հրապարակումը կարդալուց հետո մարդիկ սպասում են դատախազության արձագանքին, մինչդեռ այն շատ երկար է ձգձգվում, այնքան, որ դրա մասին մարդիկ մոռանան: Իսկ համայնքապետերը բյուջեի նկատմամբ իրենց ոտնձգություններն անպատիժ շարունակում են: Այս դեպքում շատ ընթերցողներ մեզ արդարացիորեն հարցնում են. «Որ գրում եք, ի՞նչ է փոխվում»: Մենք էլ գրում ենք` իրավապահները իրենց բաժինը ստանալուց հետո գործը փակում են: Ի՞նչ կասեք, այս դեպքում դատախազությունը հասարակության աչքում չի հեղինակազրկվու՞մ:

Կ. Շ.- Ես կարծում եմ` հասարակությունը տեղեկացված պետք է լինի, որ տվյալ դեպքով ոչ թե ժամկետն անտեղի ձգձգում ենք, այլ զբաղվում ենք: Ցանկացած լրատվամիջոցի հաղորդում ենթակա է ստուգման, դա որոշ դեպքերում պահանջում է մասնագիտական գիտելիքներ, փորձաքննություններ, ստուգումներ, որոնք ժամանակատար են: Օրինակ` Ձեր հրապարակած ապօրինի անտառահատումների մասին հոդվածի ուսումնասիրությունը մասնագիտական մեծ ծավալի աշխատանքներ է պահանջում, անհրաժեշտ են եզրակացությունների արդյունքներ, նույնը կասեմ գերեզմանատան վերաբերյալ, այնտեղ էլ նշանակված է շինարարատեխնիկական փորձաքննություն, չափագրումներ, տարբեր աշխատանքներ, որը նույնպես ժամանակատար է, նույնը վերաբերում է մյուս նյութերին:

Դուք արդեն շուրջ մեկ տարի աշխատում եք Լոռու մարզի դատախազ, ի՞նչ եք կարծում, հասարակությունը դատախազությանը եւ իրավապահ մարմիններին վստահու՞մ է, թե՞ ոչ:

Կ. Շ.
– Ես վստահ կարող եմ պնդել, որ Լոռու մարզում հասարակությունը դատախազին եւ դատախազությանը վստահում է: Ես դա կարող եմ ասել եւ քաղաքացիների ամենօրյա ընդունելություններից, եւ ստացված դիմումներից, եւ լրատվամիջոցների հետ հանդիպումներից, որոնցից մի մասը խուսափում են դատախազի հետ հանդիպել: Ինձ համար շատ զարմանալի է: Ես ինքս մշտապես հրավիրում եմ լրատվամիջոցներին, եւ այս մի տարվա մեջ արձագանքել է միայն «Ազատություն» ռադիոկայանը: Նշեմ, որ տեւական ժամանակ ես առաջարկել եմ Վանաձորի «Լոռի» հեռուստաընկերությանը կազմակերպել հաղորդում ուղիղ եթերով, որպեսզի ես պատասխանեմ հասարակությանը հուզող հարցերին` կապված մարզի իրավական համակարգի եւ իրավապահների աշխատանքի հետ: Ասեմ` ես ինչու եմ ընտրել այդ աշխատաոճը, քանի որ ես պարբերաբար դիտում եմ իրավական թեմաներով հաղորդումներ, որտեղ ելույթ են ունենում ու պարզաբանումներ են տալիս տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք իրավաբանությունից հեռու են: Պարզաբանել օրենքը` դա ամեն մարդու բան չէ: Եւ դրա հետեւանքով ժողովրդի մոտ սկսում է ձեւավորվել կարծիք: Ես այսօր համոզված եմ, որ հասարակության մեծ մասը չգիտի դատախազի դիրքորոշումը լրատվամիջոցների մասին: Մեծ մասը մտածում է, որ խուսափում եմ եթերում հանդիպումից: Ոչ: Այսօր հեռուստաընկերությունն է խուսափում ինձ հետ հանդիպելուց:

Ի՞նչ կասեք մարզի նախկին դատախազի շուրջ մեկ տարի առաջ կատարված սպանության բացահայտման մասին:


Կ.Շ.
- Սա դատախազության համակարգի ցավն է, այդ ուղղությամբ, կարող եմ ասել, գործը գտնվում է գլխավոր դատախազի անմիջական եւ ամենօրյա հսկողության տակ, կատարվում են ամենահնարավոր գործողությունները, որպեսզի այդ հանցագործությունը բացահայտվի, քանի որ դա եղել է մարտահրավեր մարզի իրավապահ համակարգին, ինչու ոչ` նաեւ ամբողջ պետությանը:

Այս մարզում դատախազ են սպանում եւ անպատիժ մնում, մտավախություններ չեք ունենու՞մ ձեր կյանքի համար:

Կ.Շ. - Ոչ, չունեմ, երբեք դա իմ աշխատանքը չի կաշկանդել, ընդհակառակը, գտել եմ, որ հանցավորության դեմ պետք է մղվի անզիջում պայքար: Ես համոզված եմ, որ այդ հանցագործությունը պետք է բացահայտվի:

Դատախազության գործառույթների մեջ մտնում է նաեւ օրենքների կիրառման վերահսկումը: Ինչպե՞ս եք իրականացնում այն:

Կ.Շ
- Դատախազությունն աշխատանքային ծրագրով նախատեսում է ինչպես պետական միջոցներից համայնքներին կատարվող մասհանումների, այնպես էլ մյուս գործառույթներով ուսումնասիրություններ: Ընթացքի մասին ես ձեզ խոստանում եմ հասարակությանը տեղեկացնել:


Գյուղական բյուջեներ. ինչու՞ են դրանք վերահսկողությունից դուրս

[ 18 Օգոստոսի, 2008 | 00:00 ]

Վերջին երկու տարիներին պետբյուջեից գյուղի ոռոգման ջրագծերի կառուցման եւ վերանորոգման համար հատկացվել է շուջ 13մլն դրամ: Ինչպես հայտնեց գյուղապետը, «Փրկեցեք երեխաներին» կազմակերպության 40մլն դրամի ծրագրով 2005 թ. կառուցվել է «Սեդվի- Աքորի» ոռոգման ջրատարը, որը սակայն, այսօր չի գործում:

Պետբյուջեից 2007 թ. համայնքին հատկացված 7,1 մլն դրամ բնապահպանական սուբվենցիայից 5,1մլն դրամը գյուղապետի կողմից պլանավորվել է կապիտալ շինարարության համար: Գյուղապետի տեղակալ Վրույր Սիմոնյանը տեղեկացրեց, որ ըստ ՀՀ Բնապահպանության նախարարության կողմից ընդունված բնապահպանական ծրագրի` դրանից 2,2մլն-ը պլանավորվել է ծախսել տնկարանի, իսկ 2,9մլն դրամը` գյուղի ֆուտբոլի դաշտի հարեւանությամբ ոռոգման ջրատար կառուցելու համար: Ջրատարի մասին մեր բոլոր հարցումներին գյուղացիները խուսափողական պատասխաններ տվեցին, իսկ Աքորուց Կաճաճկուտ գյուղ գնացող ճանապարհից շուրջ 1կմ հեռավորության վրա գտնվող, Աքորու «Վուրոյի բաղեր» հանդամասում մեր տեսած տնկարանն էժանագին ցանցով շրջափակված, մոլախոտերով խեղդված շուրջ 2 հա հողատարածք էր, որտեղ որքան էլ որոնեցինք, որեւէ տնկի չգտանք:
«Առայժմ մենք դրա վրա աշխատանք չենք տարել, աշնանը Աշտարակից բերած սերմ ենք շաղ տվել, սակայն չորը տարել է»,- արդարացավ գյուղապետը: Մոռանալով, որ տնկարանի կառուցման համար ծրագրով նախատեսված է եղել 2,2մլն դրամ, գյուղապետը շարունակեց. «Տնկարանի կառուցման վրա ծախսվել է 5մլն դրամ, աշխատանքներն էլ կատարել է «Տիգրան Մեծ» շինարարական ՍՊԸ-ն, տնկիների համար 1մլն դրամ պահած ունեմ, սերմը իմ գրպանի փողով եմ առել»:

Պարզվում է` ոռոգման ջրատարի համար նախատեսված 2,9մլն դրամը գյուղապետը նույնպես «ծախսել է» գոյություն չունեցող տնկարանում:

2008 թ. մոտ երկու անգամ ավելացել է բնապահպանական վճարներից համայնքի բյուջեին մասհանվող գումարը` 7,1 մլն-ից դարձել է 14,4մլն դրամ:

Աքորիում համայնքի բյուջեի ծախսերի մասին ավագանու անդամների, գյուղապետի եւ բնակիչների տրամադրած տեղեկությունները չեն համընկնում բյուջետային ծախսերի տարեկան եւ կիսամյակային հաշվետվությունների հետ: Աքորու ավագանու 7 տարվա անդամ Սվետլանա Պետրոսյանի հետ փորձեցինք ճշտել համայնքի բյուջետային ծախսերը. «Ես իմ կարծիքը միայն ինձ համար եմ արտահայտում, ընդհանրապես բյուջեի մասին ոչինչ չեմ ուզում ասել»,- ասաց Ս.Պետրոսյանը:

Այդուհանդերձ, նա հայտնեց, որ տեղյակ է ՀՀ կառավարության կողմից Աքորի համայնքին 2007 եւ 2008թթ. հատկացված բնապահպանական սուբվենցիաների մասին: «Դրանցից 2 մլն դրամ հատկացվել է համայնքի համար սոնոգրաֆիայի ապարատ գնելու նպատակով»,- ասաց տիկին Սվետլանան: Սակայն նա շատ զարմացավ, երբ տեղեկացրինք, որ Աքորու բյուջեի 2007 եւ 2008 թթ. բյուջետային հաշվետվությունների մեջ 2 մլն դրամանոց սոնոգրաֆիայի ապարատի մասին որեւէ նշում չկա:
Գյուղապետ Կամո Սիմոնյանը տեղեկացրեց, որ սոնոգրաֆիայի ապարատ գյուղի համար գնելու է տարեվերջին, սակայն թե բյուջեով չնախատեսած ծախսը ի՞նչ գումարներով է կատարելու` չասաց: Սվետլանա Պետրոսյանը նաեւ ասաց, որ տեղյակ է 2008 թ. բնապահպանական ծրագրով նախատեսված կապիտալ շինարարության աշխատանքներին: «Այս տարվա բնապահպանական վճարների 8,9մլն դրամ հատկացումով գյուղի «Դարքի» հանդամասում գյուղապետի կողմից ձկնաբուծական բիզնեսի նպատակով լիճ է կառուցվում, որը պատկանելու է գյուղապետարանին»,- ասաց ավագանու անդամը:

Բյուջեի ծախսերին գյուղացիների տեղեկացվածության մասին մեր հարցին ի պատասխան` տիկին Սվետլանան հայտնեց. «Ժողովներ չենք անում, բայց գյուղի ակտիվին տեղեկացնում ենք: Օրինակ` ձկնաբուծարանի մասին խոսքը էնքան շատ է գնացել, էնքան շատ է խոսվել դրա մասին, ո՞նց կարող են գյուղացիները կամ գյուղում որեւէ մարդ ձեզ հանդիպի, որ ասի ձկնաբուծարանից տեղյակ չեմ»: Նման մարդ, այդուհանդերձ, գտնվեց, եւ այդ մարդը գյուղապետ Կամո Սիմոնյանն էր: Լիճը տեսնելու գնացինք նրա հետ: Այն, որ լիճը նոր է կառուցվում, ակնհայտ էր:

«Էս լիճը գյուղապետարանի միջոցներով 2-3 տարի առաջ եմ կառուցել, սարքել ենք, որ մի կուռ երիտասարդների համար լողավազան ծառայի, մի կուռ էլ կտանք էն դաշտի հողամասերը ջրելուն, իսկ 8,9 մլն դրամը բնապահպանական ծրագրով հատկացրել ենք գյուղի «Դարքի խեչի» տակից ոռոգման ջուրը լճին հասցնելու համար»,- պարզաբանեց գյուղապետը:

Պարզվեց` բնապահպանական ծրագրով լճի ջրատարի համար հատկացված է 7,9 մլն դրամ: Գյուղապետը դրան ավելացրել է նաեւ 1 մլն դրամ` այն դարձնելով 8,9 մլն: Այն, որ լճի կառուցումը սկսվել է այս տարի եւ դեռ չի ավարտվել, փաստեց նաեւ ավագանու մեկ այլ անդամ, գյուղի ավտոբուսի վարորդ, գյուղապետի ազգական Համլետ Սիմոնյանը`գյուղապետի հասցեին իր գովեստում. «Ձկնաբուծության համար մեծ լիճ է, գյուղի դպրոցից մի 500 մ հեռավորության վրա է, էսա շինաշխատանքները կվերջացնեն, կարող եք գնալ տեսնել»: Մեր հարցումներից պարզվեց, որ 2-3 տարի առաջ Աքորու համայնքի բյուջեի եկամուտներից լճի կառուցման համար գումարներ ոչ պլանավորվել, ոչ էլ ծախսվել են: Ասենք, որ Աքորու համայնքապետարանը 31. 07. 08 թ. «Բյուջետային (բոլոր տողերի) հաշվետվության» մեջ «բնապահպանական միջոցառումներ» տողում հայտնում է, որ բնապահպանական վճարներից կապիտալ շինարարության համար նախատեսված 8,9 մլն դրամից 2,1մլն դրամ է ծախսել ոռոգման ցանցի, հեղեղատարի եւ գյուղամիջյան ջրագծի կառուցման համար, իսկ 867,60 հազար դրամ ծախսել է գյուղի ամբուլատորիայի վերանորոգման եւ ֆուտբոլի դաշտ կառուցելու համար: Օգոստոսի 12-ին գյուղապետի հետ այցելեցինք նաեւ ֆուտբոլի դաշտ, այնտեղ շինարարական որեւէ աշխատանք դեռեւս չէր կատարվել, դաշտում թափված կենցաղային աղբակույտերն էլ վկայում էին, որ երկար ժամանակ այն նպատակին չի ծառայել: Իսկ ամբուլատորիայի վերանորոգման մասին գյուղապետն ասաց. «Ամբուլատորիայի վերանորոգման աշխատանքները սկսելու ենք տարեվերջին»:

Չէին սկսված նաեւ հեղեղատարի կառուցման նապատակով նախատեսված մյուս աշխատանքները: Ակնհայտ էր, որ ստացված շուրջ 3մլն դրամը գյուղապետը ծախսել էր ձկնաբուծարանի լճի վրա, որի կառուցումը բնապահպանական ծրագրով նախատեսված չէր: Աքորու համայնքի 2007 թ. բյուջեի պլանավորված 38 մլն դրամ եկամուտները 2008 թ. ավելացել եւ դարձել են 50 մլն դրամ` ի հաշիվ պետբյուջեից հատկացված պաշտոնական տրանսֆերտների եւ սուբվենցիաների, որը 2007 թ. կազմել է 28,1մլն դրամ, իսկ 2008 թ. աճել եւ դարձել է 39,3մլն դրամ: Սակայն Աքորու բյուջեում շարունակում է խոցելի մնալ սեփական հարկային եկամուտների հավաքագրումը: Հողի հարկի 2007 թ. նախատեսված 3մլն դրամ եկամուտների մուտքերը կազմել են 1,8 մլն դրամ, գույքահարկի` 2,3 մլն դրամ եկամուտների դիմաց` 750 հազար դրամ, հողերի վարձակալության եւ օգտագործման վարձավճարների 3,1մլն դրամի դիմաց` 1,6մլն դրամ:

«Հինգ տարեկան երեխայիս ընդունել են մանկապարտեզ, իսկ չորս տարեկան երեխայիս գյուղապետը մերժում է ընդունել` պատճառաբանելով, թե մանկապարտեզ ամեն ընտանիքից մեկ երեխա կարող են ընդունել»,- նեղսրտած պատմեց Աքորու միջն. դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Անուշ Խառատյանը: Կամո Սիմոնյանն էլ ուսուցչուհու պահանջը մեկնաբանեց այսպես. «Եթե մի ընտանիքից 3-4 երեխա ենք ընդունում մանկապարտեզ, դուրս է գալիս ես բյուջեն մի 15 ընտանիքի եմ ծառայեցնում, տեսնու՞մ եք ճանապարհները, ուզում ենք որոշակի գումար տնտեսենք դրանց վերանորոգման համար»: Գյուղի մանկապարտեզում գործում է երկու խումբ` յուրաքանչյուրում 20 երեխա: Համայնքի 2007 թ. բյուջեում Կամո Սիմոնյանի կողմից երեխաների նախադպրոցական կրթության համար պլանավորված 5,2մլն դրամից ծախսվել է 4մլն դրամ: Կատարվել է 1,2մլն դրամ խնայողություն: Ոչ միայն չծախսված այս, այլեւ 2008թ. համայնքի բյուջեի տարեսկզբի 6,8մլն ազատ մնացորդից գյուղապետը զլացել է գումարներ տրամադրել գյուղի երեխաների մանկապարտեզային պահանջմունքը բավարարելու համար: Փոխարենը դրանից ֆոնդային բյուջեին կատարել է 4,8մլն դրամ հատկացում, հավանաբար կրկին կապիտալ գործառույթներ իրականացնելու համար:

Հ.Գ. Հոդվածը պատրաստ էր, երբ Աքորուց տեղեկացրին, որ գյուղապետ Կամո Սիմոնյանի հրահանգով Աքորու միջն. դպրոցի տնօրեն Ասյա Թոմոյանը զգուշացրել է ուսուցչուհի Անուշ Խառատյանին, որ թերթում իր ազգանունը եւ պահանջը տպվելու դեպքում Կամո Սիմոնյանը չի ստորագրի 2009 թ. տարեֆիկացիան, եւ նա կզրկվի ուսուցչի իր աշխատանքից: Հեռախոսով մեր հարցմանը տնօրեն Ա. Թոմոյանը պատասխանեց. «Ասել ենք, հո չենք կատարել»:


Անտառտնտեսության տնօրենը սեփական սղոցարան ունի

[ 21 Հուլիսի, 2008 | 00:00 ]

Տեղեկատվության մեր աղբյուրը, որը Շնողի գյուղացի էր, խնդրեց իր անունը չհրապարակել: Սակայն հայրենի անտառների ընկուզենիները հատելու համար նա ակնհայտորեն անհանգստացած էր: Իր նկարած շուրջ 10-ը հատված ընկուզենիների լուանկարները նա հանձնեց մեզ. «Սրանց հերն եմ անիծել, բա սրանց վերջը չի գալու՞»:

«Հայանտառի» Թումանյանի անտառտնտեսության մասնաճյուղի տնօրեն Կամո Շահնազարյանի տեղեկացմամբ` Լոռու մարզի Շնող գյուղի անտառները ընդգրկում են 6400 հա տարածք:

Հուլիսի 12-ի վաղ առավոտյան, «Շինու խաչի ձոր» հանդամասի անտառ մեկնելիս, Շնող գյուղի տակով Թեղուտի հանքավայր տանող նորակառույց ճանապարհահատվածում առաջին հանդիպած շնողցին իր անասունները արոտավայր տանող Էնգելս Ավետյանն էր, որն էլ ասաց. «Հա, գյուղում խոսում են, որ կակալի (ընկույզի) շատ ծառեր են կտրում, բայց կարալ չեմ գիտենալ` ճիշտ ա, ճիշտ չի»: Շնողում մեզ տեղեկացրին, որ համայնքապետ Հայկազ Քոչինյանի (Լոռու նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանի եղբոր) որդու` Էդգար Քոչինյանի ղեկավարությամբ գործում է վերոնշյալ անտառներից ընկուզենիներ հատող խումբ, որն աշխատում է Թումանյանի անտառտնտեսություն մասնաճյուղի տնօրեն Կամո Շահնազարյանի (Հենրիկ Քոչինյանի աներձագն է) հանձնարարությամբ: Խմբի մեջ են նաեւ մասնաճյուղի անտառապահ Մանթաշ Մատինյանը, շնողցի Աղվան Մարգարյանի տղան, որի անունը գյուղացիները չհիշեցին, ընկուզենիներ հատող «դրուժբիստը»` շնողցի Շահեն Առաքելյանը:

Ըստ գյուղացիների պատմածի` անտառից ապօրինի հատված ընկուզենիները Թեղուտի հանքավայրի երկրաբաներին պատկանող բեռնատարներով տեղափոխվում եւ սղոցվում են Թումանյան անտառտնտեսության մասնաճյուղի տնօրեն Կամո Շահնազարյանին պատկանող, Շնող եւ Թեղուտ գյուղերի ճանապարհին գտնվող սղոցարանում, ապա սղոցված ընկուզենու տախտակները գյուղից տեղափոխվում են շնողցի Սերյոժա Տիրացվյանի «Կամազ»-ով:

«Շինու խաչի ձորի» անտառի ճանապարհը դժվար անցանելի էր, մեր զրուցակիցը` 25-ամյա մի շնողցի, որը քաջածանոթ էր տեղանքին, անտառ մտնելուն պես սկսեց ցույց տալ հատված ընկուզենիները: Նա դժվարությամբ էր գտնում, քանի որ դրանք ամբողջությամբ թաքնված էին այս տարվա հորդառատ անձրեւների հետեւանքով խիստ փարթամացած բլդրղանի, բանջարի ու մոշու փշոտ թփերի ետեւում:

Մենք լուսանկարեցինք 10-ը հատված ընկուզենիների բները: «Սրանք հատվել են վաղ գարնանը, հլա այս տասին գումարեք «Բաղերի ճալա», «Մեծ կակալկուտ», «Խառատանոց», «Բրագձոր» եւ «Սերկեւլաձոր» հանդամասերի անտառներից յուրաքանչյուրում հատված 10 ընկուզենի, դա կազմում է 60 ընկուզենի»,- ասաց մեր ուղեկիցը, ապա բացատրեց. «Մինչեւ 30 սմ տրամագծով ցանկացած ծառի արժեքը կազմում է 22 հազար 500 դրամ, 30 սմ-ից սկսած` ամեն մի սմ-ի համար ծառի գինն ավելանում է 1500 դրամով, 60 սմ տրամագիծ ունեցող ցանկացած ծառի գինը կազմում է 67.500 դրամ: Ընկուզենին, որպես «Կարմիր գրքում» գրանցված ծառ, բարձրարժեք է, 60 սմ տրամագիծ ունեցող մեկ ընկուզենու գինը կազմում է 675.000 դրամ»:

Շնողցիների հետ զրույցներից ստացած տեղեկատվությունը ճշտելու համար զրուցեցինք նաեւ Թումանյանի անտառտնտեսության մասնաճյուղի տնօրեն Կամո Շահնազարյանի հետ: «Ես լսել եմ, ոչ թե տեղյակ եմ, լսել եմ մարդկանցից, կանչել եմ անտառապետին, հանձնարարություն եմ տվել, գնացել են նայել եւ հայտնաբերել են մի հատ դեպք, շատ հին կտրած, ո՞նց է կոչվում (մի քանի վայրկյան մտածելուց հետո)` Շինու Խաչի ձորում»,- ասաց պրն Շահնազարյանը: Իր ասածները հաստատելու համար մեր զրույցի վերջում նա հրավիրեց «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի ավագ անտառապետ Արամ Ռամազյանին, որը, անտեղյակ լինելով տնօրենի հետ մեր խոսակցությանը, ասաց. «Չէ, Շինու խեչի ձորը չեմ տեսել, ընկուզենու ապօրինի հատման մասին չեմ էլ իմացել»: Ավագ անտառապետը, սակայն, ավռլացրեց. «Ես ինֆորմացիա ունեցել եմ, որ, օրինակ, էդ «Բրագձոր», «Սերկեւլաձոր» հանդամասերում ընկուզենիներ հատվել են, սակայն ես դրանք համայնքային տարածքներ եմ համարել, չփարած տարածքներ են եղել»: Թե, այդուհանդերձ, դրանք ու՞մ սեփականությունն են եղել, ոգչ տնօրենը, եւ ոգչ էլ անտառապետը չհայտնեցին:

Մեր հարցմանն ի պատասխան` Կամո Շահնազարյանը հաստատեց, որ Շնող եւ Թեղուտ գյուղերի ճանապարհահատվածում տեղավորված սղոցարանն իր սեփականությունն է: Անժխտելի է, որ անտառտնտեսության տնօրենն այն ստեղծել էր անտառի նկատմամբ ունեցած իր մեծ հնարավորություններից օգտվելու համար:

Մեր զրույցից երկու օր հետո Կ. Շահնազարյանը հետախոսով հայտնեց. «Ես երեկ «Շինու խեչի ձոր»-ում որոնել եմ, սակայն չեմ գտել հատված ընկուզենիները»: Մենք նրան հրավիրեցինք մեր գրասենյակ` հատված ընկուզենիների լուսանկարները տեսնելու: Սկզբում նա համաձայնեց, ապա պատճառաբանեց, թե զբաղվածության պատճառով չի կարող գալ: Թեղուտի հանքավայրի տարածքային պետ Ռուբեն Պապոյանը տեղեկացրեց, որ հանքավայրի նախատեսված տարածքների անտառահատումն իրականացնելու է Շնողում գրանցված «Կարաստ» ՍՊԸ-ն, որի նախագահ Վարդան Պետրոսյանը Կամո Շահնազարյանի աներձագն է: Հանքավայրի շահագործման նպատակով արդեն սկսված անտառահատումների փայտն այսօր էլ մշակվում է Կամո Շահնազարյանի սղոցարանում: Այսպիսով, եթե մինչեւ 2008 թ. վաղ գարուն Թումանյանի անտառտնտեսության մասնաճյուղի տնօրեն Կամո Շահնազարյանի գիտությամբ Շնողում ընկուզենիների հատումը կատարվում էր գաղտնի, այսօր այն տեղափոխվել է օրինական դաշտ:

Լոռու մարզային դատախազության Ալավերդու նստավայրից հուլիսի 16-ին տեղեկացրին, որ 2008 թ. դատախազության կողմից «Կարմիր գրքում» գրանցված ծառատեսակների ապօրինի հատումներ չեն արձանագրվել: Սակայն հուլիսի 17-ին, մեզ հետ զրույցից հետո, ինչպես հայտնեց Հայանտառի «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի մեր աղբյուրը, Թումանյանի ոստիկանության քրեական բաժնի աշխատակիցները «Շինու խաչի ձոր»-ի, «Բրագձոր»-ի եւ մյուս անտառներում հայտնաբերել են շուրջ 40 հատված ընկուզենիներ, որի համար ոստիկանություն են հրավիրել անտառտնտեսության անտառապահներին ու մյուս աշխատողներին: Շնողցիները վստահ են, որ այս անգամ էլ իրավապահներն իրենց «փայը» ստանալուց հետո փակելու են գործը:


Վարչապետի վերահսկողական ծառայությունը չի ցանկացել լսել լրագրողներին

[ 7 Հուլիսի, 2008 | 00:00 ]

Սակայն այդ ուսումնասիրությունը զավեշտի է վերածվել: Պարզվում է` իր ուսումնասիրության արդյունքների մասին ծառայությունը «տեղեկացրել է համայնքի ավագանուն, լսել է ավագանու անդամների կարծիքը` ավագանու արտահերթ նիստում»: Ավագանու անդամներ Գագիկ Էվոյանը եւ Հակոբ Ճուղուրյանը մեզ հայտնեցին, որ գվագանու անդամների մեծ մասը չէգ կարդացել հոդվածը եւ չէգ տեսել գերեզմանոցի բարեկարգման շինարարության պատկերը: «Այդ պատճառով առաջարկել ենք հարցի անաչառ քննարկման համար նիստին հրավիրել հոդվածի հեղինակին, որը վերահսկողության ծառայության աշխատակիցների կողմից շրջանցվել է»: Ավագանու անդամ, մասնագիտությամբ բժիշկ Սիմոն Զախարովն էլ ասաց. «Նիստում մեզ տեղեկացրին, որ գերեզմանոցի բարեկարգման համար կառավարության կողմից հատկացված 40 մլն դրամից 20 մլն դրամով գնվել է գերեզմանոցի հողատարածքը, 20 մլն դրամով էլ բարեկարգվել է գերեզմանոցը»: Հիշեցնենք, որ կառավարության կողմից գերեզմանոցի բարեկարգման համար հատկացված 41, 8 մլն դրամի մեջ հողատարածքի գնման 20 մլն դրամը չի մտնում: Թե նիստում իրենց չտեսածի ու չիմացածի մասին ի՞նչ կարծիքներ կարող էին հայտնել ավագանու անդամները վարչապետի վերահսկողության ծառայության աշխատակիցներին, եւ դա ի՞նչ քննարկում կարող էր լինել, հետեւությունը թողնում ենք ընթեցողին: Ուսումնասիրության մեջ նշվում է, որ հոդվածում հրապարակվել են բազմաթիվ «անճշտություններով փաստեր», եւ որպես այդպիսին նշվում է. «Նշված 20 մլն դրամը (խոսքը վերաբերում է գերեզմանոցի հողատարածքի գնման գումարին-Լ. Փ.) քաղաքապետարանը ձեռք է բերել «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությանը նախկինում սպասարկման համար հատկացված հողամասից 2,4491 հա հողամաս օտարելու դիմաց», ապա շարունակում. ««Մադան» թաղամասից «Էյ- Սի-Փի» ընկերությանը ոչ մի հողատարածք չի վաճառվել, ինչպես պնդում է հոդվածագիրը»: Վերահսկողական ծառայության աշխատակիցներին տեղեկացնենք, որ «Արմենիան Քափըր Փրոգրամ»-ը եւ «Էյ-Սի-Փի»-ն երկու տարբեր ընկերություններ չեն, ««Էյ-Սի-Փի» անվանումը «Արմենիան Քափըր Փրոգրամ»-ի` անգլերեն տարբերակի հապավումն է` ACP: Վերահսկողական ծառայությունը նաեւ տեղեկացնում է, որ գերեզմանատան բարեկարգման մրցույթում հաղթող ճանաչված «Բազմաշող» ՍՊԸ-ն, Ալավերդու քաղաքապետարանի հետ կնքած պայմանագրի համաձայն, հիշյալ տարածքում, ըստ կատարողականի, իրականացրել է 41,8մլն դրամի աշխատանքներ (ներառյալ ԱԱՀ-ն, շահույթը եւ վերադիր ծախսերը), այդ թվում` 9 մլն 643,5 հազար դրամ արժողությամբ շինություն` արարողակարգային ծառայությունների մատուցման համար, 13,8մլն դրամի ասֆալտապատում եւ 18,4 մլն դրամ ցանկապատում: «Այսինքն` նախատեսված գումարից 13 մլն դրամ ծախսած լինելու մասին հոդվածագրի պնդումը իրականությանը չի համապատասխանում»:

Հրապարակված այս թվերը գերեզմանոցում փաստացի կատարված աշխատանքների համեմատ էլ ավելի տխուր իրողություն են հաստատում, օրինակ` այն, որ հատկացված 41,8 մլն դրամը ոչ միայն ամբողջությամբ չի ծախսվել, այլ գերեզմանոցում լվացվել է, 18,4 մլն դրամով, որը կազմում է 58 հազար դոլար, ցանկության դեպքում կարելի էր ոչ թե հնամաշ ցանցով շրջափակել գերեզմանոցը, այն էլ` այդ որակով, այլ քարե գեղեցիկ պարիսպներով: Վերահսկողական ծառայությունը շրջանցել է հոդվածում բարձրացված այն խնդիրը, թե ում է պատկանում բարեկարգման գումարների հաշվին գերեզմանոցում մահվան արարողակարգային ծառայության շինության կառուցման որոշումը` քաղաքապետի՞ն, թե՞ ավագանուն: Ավագանու անդամ Գագիկ Էվոյանը մեզ հայտնեց, որ այդ շինության կառուցման հարցն ավագանու նիստում չի քննարկվել:

Քաղաքապետի պաշտոնը մեր երկրում բիզնես է: Քաղաքապետ Արթուր Նալբանդյանը, որն իր ձեռքում է կենտրոնացրել քաղաքի ներհամայնքային ավտոբուսային տրանսպորտը, զրկելով քաղաքի բոլոր մթերային խանութներին համայնքի բյուջեից օգտվելու հնարավորությունից, առանց մրցույթի, 2008 թ. շուրջ 40 մլն դրամի գնումներ է կատարում իրեն եւ Տարոն Աբգարյանին պատկանող «Կատա» խանութների ցանցից: Այժմ էլ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, փորձում է տնօրինել քաղաքի մահվան արարողակարգային բիզնեսը: Այսպես շարունակվելու դեպքում նրա եւ Տարոն Աբգարյանի կողմից ստեղծված «Բազմաշող» շինարարական ՍՊԸ-ն, մրցույթներին միայնակ մասնակցելով, իր ձեռքում կկենտրոնացնի քաղաքապետարանի կողմից պատվիրվող ողջ շինարարությունը:

Հոդվածում ներկայացված փաստերը քաղաքապետ Արթուր Նալբանդյանի հանձնարարությամբ մեզ տրամադրել են քաղաքապետարանի այն պատասխանատու պաշտոնյաները, ովքեր անմիջականորեն առնչվել եւ վերահսկել են գերեզմանոցի շինարարությունը (ի դեպ, դա տեսագրված է եւ կարող ենք տրամադրել վերահսկողական ծառայության աշխատակիցներին):

Այդ մասին մենք տեղեկատվություն ենք ստացել նաեւ «Բազմաշող» ՍՊԸ-ի շինարարության ղեկավար Աշոտ Խաչատրյանից եւ ՍՊԸ-ի նախագահ Տարոն Աբգարյանից: Դրանք նկարահանված են: Նկարահանված այդ եւ այլ նյութերով մեր կողմից պատրաստվել է նաեւ տեսանյութ, որը հունիսի 18-ին Ալավերդու «Անկյուն + 3» հեռուստաընկերության ուղիղ եթերում կազմակերպված թոք- շոուի ընթացքում ցուցադրվել է հեռուստաընկերության 35 հազարանոց լսարանին` շինարարության ողորմելի պատկերներով, քաղաքապետի տեղակալ Արտավազդ Վարոսյանի, քաղաքաշինության բաժնի պետ Գագիկ Սոխակյանի` հոդվածում հրապարակված ֆինանսական ծախսերի բացատրություններով: Թոք-շոուին հրավիրված էր նաեւ Ալավերդու քաղաքապետ Արթուր Նալբանդյանը: Եթե հոդվածի հրապարակումների հետ քաղաքապետն անհամաձայնություն ունենար, պետք է մասնակցեր թոք-շոուին եւ բնակչության առաջ դրանք հերքեր: Այս մարդիկ գերեզմանոցի բարեկարգման շինարարության նախահաշվային եւ կատարողական փաստաթղթերին կամ տեղյակ չեն եղել, կամ էլ, տեղյակ լինելով շինաշխատանքների վիճակին, միտումնավոր ծախսերը քիչ են ներկայացրել: Հանգամանք, որը վերահսկողական ծառայությունը շրջանցել է: Ի դեպ, հունիսի 6-ին Վանաձորում կայացած հյուսիսային մարզերի իրավապահ մարմինների արտագնա նիստում Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանը հայտնել է. «Որոշ պաշտոնատար անձանց չարաշահումների արդյունքում ոչ նպատակային է օգտագործվել եւ մասամբ հափշտակվել են Ալավերդու նոր գերեզմանոցի բարեկարգման շինարարության համար հատկացված պետբյուջեի գումարները»: Վերահսկողական ծառայությունը զավեշտական ինքնավստահությամբ Սանահինի եկեղեցու հարեւանությամբ կառուցված հասարակական զուգարանի մասին գրում է, որ դրա կառուցման համար փաստացի ծախսվել է 4,8մլն դրամ (հրապարակման մեջ նշված է 7մլն դրամ), որի ստուգման արդյունքներով էլ աշխատանքի անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել: Հետաքրքիր է` վերահսկողության ծառայության աշխատակիցները իրենց ստուգման ընթացքում զուգարանի պատի սպիտակ ծեփը գոնե մի 10 սմ մաքրե՞լ են` տեսնելու, թե ինչ քարով է պատված զուգարանի պատը, տեսե՞լ են, որ զուգարանը կառուցվել է քաղաքի` մի քանի տարի առաջ քանդված եւ մի 40 տարի առաջ կառուցված մշակույթի տան շենքի մնացորդներով: Զուգարանի համար հատկացված 7,2մլն դրամի եւ շինարարության անհամապատասխանության մասին մեր ահազանգերը 1,5 տարվա ընթացքում քաղաքապետարանը չի համարձակվել վիճարկել: Հիմա զուգարանը կառուցած շինարարական կազմակերպության` «Տիտանյան եղբայրներ» ՍՊԸ-ի նախագահ Սանասար Տիտանյանը մեզ, քաղաքապետ Արթուր Նալբանդյանն էլ` հեռուստաեթերում բնակչությանը ուզում են համոզել, թե զուգարանի վրա 7մլն դրամից ավելի ծախս է արվել, բայց վճարվել է 4,8մլն դրամ: Մինչդեռ ավագանու անդամ Լաուրա Մելիքսեթյանը զուգարանի գնի մասին մեր հարցին ամիսներ առաջ պատասխանել է. «Քաղաքապետն ավագանուն առաջարկել է 7մլն դրամից էլ ավելացնել զուգարանի գինը, ավագանու որոշ անդամներ չեն համաձայնել` «զոլոտոյ» զուգարա՞ն է, ինչ է»:

Նշենք, որ քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնից եւ «Տիտանյան եղբայրներ» ՍՊԸ-ից զուգարանի նախահաշվային փաստաթուղթը ստանալու մեր փորձերն անհաջողության են մատնվել: Իսկ զուգարանի մշտահոս ջրի մասին սանահինցի գյուղացիները բացատրություն ունեն: «Սանահին գյուղի համար ԽՍՀՄ-ի փլուզումից հետո խմելու մշտահոս ջուրը երազանք է: Գյուղացիները ավտոյով, էշով, ձիով, ձեռքով գյուղի «Մլի» աղբյուրից են խմելու ջուր կրում: Զուգարանի ջրի շուրջ 200լ տարողությամբ բաքը սնուցվում է գյուղի «Աստծոնազ» լեռնային աղբյուների ջրամբարի ոռոգման ջրից, որի 4 ջրագծերից մեկն անցնում է զուգարանի կողքով: Ջրագծերից յուրաքանչյուրը 3 օրը մեկ է ջուր ստանում: Ջրամբարի հատակին 2մ հաստությամբ տիլ է նստած: Անձրեւների ժամանակ խողովակներով ցեխաջուր է հոսում: Էդ ջրով սկի մեր տան հատակը չենք լվանում, ուր մնաց` թե ձեռքեր լվանան»,- ասաց սանահինցի տիկին Անահիտը:

Ակնհայտ է, որ վարչապետի վերահսկողական ծառայության ուսումնասիրության արդյունքների հրապարակումը ճնշում է դատախազության վրա: Այսքանից հետո դատախազությունը քրեական գործ կհարուցի՞:

Եթե վերահսկողական ծառայությունը դիմեր «Հետքի» խմբագրություն, նրան կտարամդրվեին համապատասխան ձայնագրությունները եւ այլ փաստական նյութեր: Սակայն ուսումնասիրությունն իրականացնողներն ի սկզբանե գնացել են գործը փակելու ուղղությամբ, այլապես անհասկանալի է ավագանու նիստին հոդվածագրի ներկայությունն ապահովելու առաջարկի մերժումը:


Էկոլոգիական եւ առողջապահական խնդիրներն անտեսվում են

[ 7 Հուլիսի, 2008 | 00:00 ]

Ընկերությունը երբեւէ բացատրություն չի տվել բնակչությանը, թե ինչու է յուրաքանչյուր ամսվա վերջին օրերին նման իրավիճակ ստեղծվում: Այսուհանդերձ, ալավերդցիներին շարունակում են անհանգստացնել «Էյ-սի-փի» ընկերության ղեկավարության` պղնձաձուլական գործարանի փակման վերաբերյալ վերջին մեկ տարվա ընթացքում արված հայտարարությունները: 2007 թ. սեպտեմբերի 3-ին «Հետք»-ին տված հարցազրույցում ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Արզումանյանն ասել է. «Այստեղ իսկապես լրջագույն բնապահպանական խնդիրներ ունենք, դա չենք էլ թաքցնում: Եթե չկարողացանք այդ խնդրի լուծումը գտնել, ստիպված ենք լինելու դադարեցնել պղնձաձուլարանի գործունեությունը, հուսով ենք ժամանակավոր»:

Ալավերդու բնակչությունը թերահավատ է պղնձաձուլարանի փակման հայտարարությունների նկատմամբ: Հարցն այն է, որ վերջին տարիներին բնապահպանական հիմնախնդիրների լուծման, գործարանի զարգացման հեռանկարների եւ Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագրերի մեջ գործարանի սեփականատեր, «Վալլեքս» խմբի գլխավոր տնօրեն Վալերի Մեջլումյանի` պղնձաձուլարանի փակման հայտարարությունները չեն տեղավորվում: Այդուհանդերձ, գործարանի հնարավոր փակման վերաբերյալ ուշագրավ են գործարանի մետալուրգիական արտադրամասի նախկին պետ, այժմ Թեղուտի հանքավայրի տարածքային պետ Ռուբեն Պապոյանի մեկնաբանությունները. «Անցած 10 տարիներին գործարանի վնասակար արտանետումները չեն կանխվել, բայց սրա համար նախատեսված տույժ ու տուգանքները լրիվ վճարվել են»: Թե այդ տուգանքների վճարումից ի՞նչ են շահել վնասակար արտանետումների հետեւանքով իրենց առողջությունը կորցրած շատ ալավերդցիներ, պարոն Պապոյանը խուսափեց պատասխանել: «Տեխնոլոգիական մասով վնասակար արտանետումների կանխումը հնարավոր չէ, տեղյակ եք, որ այդ նպատակով Սլովակիայից մի ամբողջ արտադրամաս ենք գնել, այսօր Ալավերդիում է, եթե այդ ամբողջ արտադրամասն այսօր հավաքված էլ լիներ, այս արտադրողականությամբ չի կարող աշխատել, մենք ուղղակի կարող ենք մասնակի չեզոքացում անել»: Ստացվում է, որ Վ. Մեջլումյանը, քաջ իմանալով Ալավերդիում գործող պղնձաձուլական գործարանի արտադրողականության պայմաններում բնապահպանական հիմնախնդիրների լուծման անհնարիությունը, տարիներ շարունակ դրանց արմատական լուծման խոստումներ է շռայլել Ալավերդու բնակչությանը: Պղնձաձուլական գործարանը զուտ բնապահպանական խնդիրների պատճառով փակելու մասին «Վալլեքս» գրուպի ղեկավարների հայտարարությունները մի ավելորդ ջանք են «Հռոմի պապից ավելի կաթոլիկ երեւալու», մանավանդ որ, ինչպես Ալավերդու բնակիչները, այնպես էլ քաղաքապետարանն ու կառավարությունը բնապահպանական պարտավորությունները չկատարելու համար առ այսօր առանձնապես չեն անհանգստացրել պարոն Մեջլումյանին:

Ռուբեն Պապոյանի խոսքից պարզվեց, որ պղնձաձուլական գործարանի հնարավոր դադարեցումը պայմանավորվում է ոչ թե բնապահպանական, այլ ընկերության տնտեսական խնդիրներով: Վերջինիս համար խտանյութ վաճառելն ավելի շահութաբեր է, քան վերամշակելը: «Եթե վերցնենք խտանյութի այն քանակը, որ այսօր մենք ենք վերամշակում Ալավերդու պղնձաձուլական գործարանում, միանշանակ ձեռնտու չէ, բայց եթե 50-60-70 հազար տոննաների մասին խոսենք, դրանք արդեն լուրջ թվեր են, եւ հաշվել է պետք, իհարկե, դա երեք տարի հետո կլինի` Թեղուտում: Հանքավայրի շահագործումից հետո Ալավերդիում նախատեսվում է տարեկան 30 հազար տոննա պղնձի արտադրություն»,- ասում է Ռ. Պապոյանը: Թե էկոլոգիական ի՞նչ իրավիճակ կստեղծվի Ալավերդիում, այդ մասին ընկերությունը լռում է: «Թեղուտի հանքավայրը, ըստ ծրագրի, կշահագործվի 2,5 տարի հետո: Շահագործումից մեկ տարի առաջ վերջնականապես կնայվի պղնձաձուլական գործարանի վերակառուցման, ապա` վերագործարկման խնդիրը»,- տեղեկացրեց Ռ. Պապոյանը: «Էյ-սի-փի» ընկերության Թեղուտի հանքավայրի տարածքային տնօրենը հայտնեց, որ հանքավայրի շահագործման նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսված են: «Հանքի պաշարները հաստատելուց եւ շահագործման նախագիծը տեսքի բերելուց բացի ուրիշ աշխատանք չենք կատարել: Չնայած մեր պլանավորած անտառահատումը նախատեսվում է աշնանը, սակայն մենք ներկայացրել ենք անտառահատման տարածքներ պոչամբարի հատվածում, հատումներ են կատարվել «Դուքանաձոր» հանդամասում, որտեղ լինելու է մեր պահեստարանը, «Կակալկուտ» հանդամասում, այստեղ նորից ջրահեռացման շրջանցող կանալի հատված ենք հատել, հատումներ կատարվել են նաեւ ֆաբրիկան ընդգրկող տարածքում»,- ասաց Ռ. Պապոյանը:


«Ծննդօգնության պետական հավաստագրի» համակարգը չի ոգեւորում բժիշկներին

[ 16 Հունիսի, 2008 | 00:00 ]

Հավաստագրի շրջանառությունը նշանակում է, որ պետությունն այսուհետ իր վրա է վերցնում բուժհաստատություններում ծննդօգնության ծառայությունների ծախսերը: Ալավերդու փողոցներում կատարված մեր հարցումներից պարզվեց, որ կանանց մեծ մասը դեռեւս տեղյակ չէ այս ծրագրին եւ, ինչպես իրենք հայտնեցին, «կյանքում չեն հավատա », որ առանց կաշառքի հնարավոր է նորածին դուրս բերել որեւէ ծննդատնից:

«Ես իմ երեք տղաների ծնվելուց հետո (վերջինը ծնվել է 1991 թ.) յուրաքանչյուրի համար 100 դոլար եմ տվել ծննդատան աշխատողներին, հիմա այդ գները, որքան գիտեմ, շատ ավելի են թանկացել, համոզված եմ, որ շատ երիտասարդ կանայք խուսափում են երեխաներ ունենալ հենց այն պատճառով, որ ի վիճակի չեն վճարել ծննդատան ծախսերը: Հուսով եմ` ծրագիրը կծառայի նպատակին, եւ ծնելիությունը կմեծանա»,- ասում է Ալավերդու ժողթատրոնի դերասանուհի Լիլիթ Երեմյանը:

22-շաբաթյա հղի, Աքորի գյուղի բնակիչ Նազիկ Պողոսյանն ասաց, որ լսել է ծննդօգնության պետական հավաստագրի մասին, հունիսի 16-ին այցելել է կոնսուլտացիայի, սակայն այնտեղ իրեն այդ մասին ոչինչ չեն ասել: 28-շաբաթյա հղի Լուսինե Սիմոնյանն ասաց, որ մի քանի օր առաջ կանանց կոնսուլտացիայի բուժքույրն իրեն տեղեկացրել է, որ պետք է սերտիֆիկատ տրվի ծննդօգնության ծախսերի փոխհատուցման համար: Նրանք երկուսն էլ որոշել են ծննդաբերել Ալավերդու ծննդատանը: Ալավերդու առողջապահության կենտրոնի տնօրեն Ստեփան Մոսինյանը, ցույց տալով ՀՀ առողջապահության նախարարի կողմից հաստատված ծննդօգնության պետական հավաստագրի ձեւը, ասաց. «Հավաստագրերը դեռ չենք ստացել, մեկ շաբաթ հետո հավանաբար կսկսվի դրանց բաշխման գործընթացը: Մենք արդեն Թումանյանի տարածաշրջանի եւ Ալավերդի քաղաքի հղիների համար ներկայացրել ենք 550- 600 հավաստագրի պահանջագիր, շատ լավ հասկանում ենք, որ այս հղիները կարող են ծննդաբերել եւ հավաստագրի գումարները մեզնից տանել այլ քաղաքներ, եթե մենք ջանքեր չթափենք հղիների ծննդօգնության որակը եւ բժիշկների նկատմամբ վստահությունը բարձրացնելու ուղղությամբ: Դրա համար մենք մտածում ենք մանկաբարձական բաժանմունքի ընդունարանից մինչեւ ծնունդն ընդունող բժիշկը բարձրացնել աշխատանքների որակը: Մենք արդեն մեր տարածաշրջանի բոլոր համայնքներում անց ենք կացնում հղիների հաշվառում եւ տեղում կազմակերպում ենք նրանց զննությունը, որպեսզի կանայք երկար ճանապարհ չկտրեն Ալավերդի հասնելու համար»:

Ալավերդու առողջապահության կենտրոնի ծննդատան բաժանմունքի վարիչ Ամալյա Ազատյանն էլ ասաց. «Մենք օրենքի նկատմամբ վատ չենք տրամադրված, մանավանդ որ հավաստագրով սահմանված գումարի 80%-ը մնում է միայն բժիշկների աշխատավարձ, սակայն ես կարծում եմ` անարդարացի կլինի միայն բժիշկների աշխատավարձը բարձրացնելը, բուժքույրերը եւ մյուս աշխատողները նույնպես չարչարվում են ծննդօգնության ժամանակ»:

«Երբ որ կստանամ բարձր աշխատավարձ, այն ժամանակ էլ կարծիքս կհայտնեմ օրենքի մասին»,- ասում է ծննդատան գինեկոլոգ Լոռա Սարգսյանը:

Ամալյա Ազատյանը նաեւ նշեց, որ 2008 թ. անցած ամիսներին Ալավերդու ծննդատանը ծնվել է 165 երեխա, նախորդ տարվա համեմատ նորածիների թիվը 45-ով աճել է: Ներկայումս կանանց կոնսուլտացիայում գրանցված են 268 հղիներ: Ըստ բաժանմունքի վարիչ Ա. Ազատյանի` «Բաժանմունքում 2007 թ. գրանցվել են 10-ը, 2008 թ.` երեք մեռելածին երեխաներ»: Ալավերդիում մեծ թիվ են կազմում նաեւ վիժումները:

«34 հղի կանայք գանգատներ են ունեցել, եւ բուժումներ ստանալուց հետո հղիությունը պահպանվել է, 2007-08 թթ. գրանցվել է վիժման 56 դեպք: Սրան նպաստում է նաեւ հղիության արհեստական ընդհատման (աբորտ) համար պետականորեն սահմանված բարձր գինը: Բազմաթիվ կանայք ի վիճակի չեն անցանկալի հղիության ընդհատման համար վճարել սահմանված 12 հազար դրամը եւ հղիությունը փորձում են ընդհատել դեղորայքով: Դեղորայք օգտագործելուց հետո էլ, ովքեր չեն վիժում, ունենում են արատավոր երեխաներ: Ծննդատանը 2007-2008 թթ. ծնվել է 6 արատավոր երեխա, մեկ արատավոր երեխա մահացել է»,- ասաց Ամալյա Ազատյանը: Ալավերդու դեղատներից մեկում մեզ հայտնեցին, որ անցանկալի հղիությունն ընդհատելու համար կանայք առավելապես գնում եւ օգտագործում են «մետոտրեկսատ» դեղորայքը, որն այդ պահին դեղատանը չկար:

Ամալյա Ազատյանն ակնկալում է, որ կառավարությունը մոր եւ մանկան առողջության շահերից ելնելով` միջոցներ կձեռնարկի բաժանմունքներում, բժիշկների հսկողությամբ, ոչ ցանկալի հղիությունները դեղորայքի միջոցով անվճար ընդհատելու համար:

Ալավերդիում ծննդօգնության պետական հավաստագրի ներդրման խնդիրը դեռեւս նեղ շրջանակներում է քննարկվում: Մարդիկ տեղեկացված չեն, քանի որ դրան չեն անդրադարձել ո՛չ տեղի առողջապահական հիմնարկները, ո՛չ էլ լրատվամիջոցները: